Լրահոս
Օրվա լրահոսը

Սևանա լճի օրվան նվիրված միջոցառումներ` Դրախտիկ գյուղում

Օգոստոս 28,2022 22:35

1999 թվականից ի վեր ամեն տարվա օգոստոսի վերջին կիրակին հայտարարված է Սևանա լճի օր:
Այս տարի օգոստոսի 28-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցան մի շարք հետաքրքիր միջացառումներ՝ նվիրված Սևանա լճի պահպանությանը, որը կազմակերպել էր «Շրջակա միջավայր և առողջություն» ՀԿ-ն «Սևանի ընկերներ» ծրագրի շրջանակում:

Միջոցառումներին ներկա էին Շրջակա միջավայրի փոխնախարար Արամ Մեյմարյանը, EU4Sevan ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելը և ծրագրի թիմը, «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներ , ինչպես նաև այլ պաշտոնյաներ, շահագրգիռ կողմեր և մասնակից համայնքների բնակիչներ:

Օրը սկսվեց Սևանա լճի երկու ափամերձ հատվածներում՝ Սևան և Դրախտիկ համայնքներում, որտեղ կազմակերպվել էին մաքրապատման աշխատանքներ «Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված համատեղ ջանքեր» BeECO ծրագրի ներքո, որն իրականացվում է Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի կողմից:

Մաքրապատման աշխատանքներին միացել էին Կոտայքի մարզի Քասախի թիվ 1 միջնակարգ դպրոցի 7-12-րդ դասարանների և Գեղարքունիքի մարզի Դրախտիկի և Ճամբարակ միջնակարգ դպրոցների սաները: Յուրաքանչյուր դպրոցից մինչև 20 աշակերտ ներգրավվել էր աշխատանքներին:

Ուրբան հիմնադրամի կողմից ներկայացվեց թափոնների կառավարման, տեսակավորման և վերամշակման մասին կրթական դասընթաց՝ բարձրացնելու իրազեկումը երիտասարդների շրջանակում։

Մասնակիցներին տրամադրվեցին ծրագրի ընթացքում պատրաստված ուսուցողական նյութեր՝ շրջակա միջավայրի պաշտպանության վերաբերյալ, շապիկներ, գլխարկներ և այլն, որից հետո սկսվեցին մաքրման աշխատանքները:

Աշխատանքներից հետո կազմակերպվեց թափոնների կառավարման, տեսակավորման և վերամշակման, ինչպես նաև «Սևանա լճի արդի խնդիրների և լուծումների» մասին քննարկում աշակերտների և ՇՄՆ փոխնախարար Արամ Մեյմարյանի միջև:

Հանդիպման ժամանակ մարամասն քննարկում ծավալվեց Սևանա լճի ներկայիս էկոլոգիական հիմնախնդիրների և լուծումների շուրջ։ Քասախի և Դրախտիկի դպրոցի աշակերտները իրենց հարցերն ու առաջարկությունները ուղղեցին փոխնախարարին և «Սևանի ընկերներ» ծրագրային թիմի ներկայացուցիչներին։

Փոխնախարարը երեխաների հարցերին պատասխանելիս կարևորեց և ընդգծեց Սևանա լճի նշանակությունը ոչ միայն բնապահպանական, այլև որպես խմելու ջրի բացառիկ պաշար: Արամ Մեյմարյանը ներկայացրեց Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնմանն ուղղված ՀՀ կառավարության և Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող ծրագրերը, խոսեց ընթացիկ աշխատանքներից՝ անդրադառնալով ձկնապաշարի վերականգնման և մաքրման կայանների տեղադրման հարցերին։ Փոխնախարարը կարևորեց նաև միջոցառումներին հատկապես երիտասարդ սերնդի մասնակցությունը, քանի որ նրանք են այն օղակը իրենց ընտանիքներում, համայնքում ու շրջապատում, որ պետք է մշտապես ուշադրության կենտրոնում պահեն շրջակա միջավայրի պահպանությունը։

Քննարկումը եզրափակվեց ընդհանուր որոշմամբ, թե ինչ կարող է անել յուրաքանչյուր ոք՝ նպաստելու Սևանա լճի էկոհամակարգի բարելավմանը։

Միջոցառումների շարքն ավարտվեց Շողակաթ համայնքի Դրախտիկ գյուղում, որտեղ տեղի ունեցավ «ՍԵՎԱՆԻ ԱՂԵՐՍԸ» էկո-կրթական թատերական ներկայացումը: Այն պատրաստվել է Արեգունի ՀԿ-ի կողմից «Սևանի ընկերներ» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է Շրջակա միջավայր և առողջություն ՀԿ-ն Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության կողմից համաֆինանսավորվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» EU4Sevan ծրագրի ներքո։

«ՍԵՎԱՆԻ ԱՂԵՐՍԸ» թատերական ներկայացման նպատակն է հանդիսատեսին ներկայացնել Սևանի հիմնախնդիրները բեմադրության միջոցով։ Այն տարբեր տարիքի հանդիսատեսին պատմում է Սևանա լճի հիմնախնդիրների մասին: Ներկայացման ավարտին խնդիրները ամփոփվում են հանդիսատեսի հետ ինտերակտիվ կերպով:
Արդեն մեկ ամիս է անցել էկո-կրթական թատերական ներկայացման պրեմիերայից, որն արդեն հասցրել են սիրել Գեղարքունիքի մարզի թե՛ փոքրիկները, և թե՛ մեծահասակները: Ներկայացումը դիտել են շուրջ 300-ից 350 և ավելի երեխաներ և ծնողներ Ճամբարակից և Լճաշենից: Իսկ սեպտեմբեր ամսվա ընթացքում ներկայացումը կշրջի Գեղարքունիքի մարզի շուրջ ութ համայնքներով:

Թող այս օրը մեզ հիշեցնի գետերի ու լճերի մաքրության կարևորության մասին: Սիրենք մեր հայրենիքն ու Սևանա լիճը, գիտակցենք դրա դերի կարևորությունը մեր կյանքում։

Սևանա լճի ապագան մեր ձեռքերում է:

ՀՀ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031