Օրերս Քաջարան համայնքը նշեց իր 64-րդ տարեդարձը։ Մինչ հանդիսությունների մեկնարկը քաջարանցիներն ու հյուրերը հարգանքի տուրք մատուցեցին արցախյան բոլոր պատերազմներում նահատակված քաջարանցիների հիշատակին։ Քաջարանի ծննդյան օրը տեղի ունեցավ նաեւ սուբվենցիոն ծրագրով կառուցված պուրակ-խաղահրապարակի բացումը։
Ըստ Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի՝ Քաջարանն աշխարհում այսօր ճանաչելի անուն է ձեռք բերել՝ որպես հանքարդյունաբերական խոշոր կենտրոն՝ շնորհիվ ժամանակի հանքարդյունաբերական հրամանատարների նվիրական աշխատանքի։
«Երախտիքի ու շնորհակալության խոսք եմ ուզում հայտնել նրանց եւ նրանց սերունդներին՝ ովքեր Քաջարանի եւ քաջարանցու պատիվը բարձր պահելով՝ Քաջարանի տարեգրության մեջ թողել են ոսկե անուն՝ արժանանալով Քաջարանի պատվավոր քաղաքացու կոչմանը։ Ցավոք, նրանցից շատերը մեր հետ չեն, բայց մեզ հետ են նրանց թողած ժառանգությունն ու բարի ավանդույթները, մեզ հետ է նրանց կողմից մեզ փոխանցված մեծ փորձը եւ մեզ հետ են նրանց թեւավոր խոսքերն ու պատգամները»,- Քաջարանի տոնին նշեց Մանվել Փարամազյանը։
Կարդացեք նաև
Վերջինիս խոսքով, ավագ սերնդի պատգամները, ավանդույթներն ու սկզբունքները կրելով իրենց մեջ՝ համառ աշխատանքով եւ հարազատ քաղաքը սիրելու բացառիկ կարողությամբ յուրաքանչյուր քաջարանցի պիտի անի առավելագույնը, որ Քաջարան այցելող յուրաքանչյուր ոք տեսնի′, լսի′, զգա′ ու սիրի′ Քաջարանը։
«Եվ այդ ձեռքբերումները մենք միայնակ չենք կարող ունենալ, ուստի ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին՝ մեր համայնքաշեն գործունեությանը իր անմնացորդ նվիրումի, սրտացավ վերաբերմունքի եւ պատրաստակամության համար, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությանը եւ պատվելի կոլեկտիվին՝ գլխավորությամբ տնօրեն Ռոման Խուդոլիի՝ այս բարի ավանդույթները շարունակելու եւ համայնքաշեն ծրագրերի իրականացման ճանապարհին ունեցած մեծ ներդրման համար»,-նշեց Մանվել Փարամազյանը։
Տոնական օրը Քաջարանի համայնքի ղեկավարի կողմից համայնքի տարբեր ոլորտների աշխատակիցներ խրախուսվեցին շնորհակալագրերով եւ դրամական միանվագ պարգեւներով։ Քաջարան համայնքի ավագանու որոշմամբ՝ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում ունեցած երկարամյա անբասիր աշխատանքի, համայնքի մարզական կյանքի զարգացման եւ բացառիկ ձեռքբերումների համար Մերուժան Աթայանին շնորհվեց Քաջարան համայնքի պատվավոր քաղաքացու կոչում։
Համայնքի զարգացման ծրագրերին մեծ աջակցություն եւ պատրաստակամություն ցուցաբերելու, գործընկերային համերաշխ, ներդաշնակ հարաբերություններ հաստատելու եւ մարդասիրական բարձր որակների համար «Քաջարան» ոսկե հուշամեդալով պարգեւատրվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիյը։
«Քաջարան» ոսկե հուշամեդալի արժանացավ նաեւ գործարար Գարիկ Ղազարյանը՝ համայնքի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման, հայրենիքի սահմանների պաշտպանության հարցում ունեցած ավանդի, բազմաթիվ բարեգործությունների եւ հայրենիքին անմնացորդ նվիրվածության համար։
Գարիկ Ղազարյանն ինչպես միշտ, այս անգամ էլ Քաջարանի տոնին դատարկաձեռն չէր եկել։ Համայնքին նա նվիրեց 1 բեռնատար, 2 աղբատար մեքենա եւ 60 հատ աղբաման։ «Ոսկե մեդալների ու շնորհակալության համար չեմ արել։ Բոլորս պարտական ենք մեր քաղաքին աջակցելու։ Ցանկացած քաջարանցի իր ուժերի չափով պիտի տեր կանգնի Քաջարանին, չէ՞ որ մեր քաղաքը քաջերի ու աշխատավորների բնօրրան է»,-Aravot.am-ին ասաց գործարար Գարիկ Ղազարյանը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ