Ադրբեջանում Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի դեսպանների՝ Շուշի այցելելու Ադրբեջանի կառավարության հրավերն անտեսելը ոչ թե հայամետ քայլ էր, այլ՝ ավելի շուտ դեմարշ էր ռուսական կողմին։ Այս կարծիքին է քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը։
Aravot.am-ի հետ զրույցում Բաղդասարյանը, մեկնաբանելով դեսպանների այդ քայլը, նկատում է՝ Արեւմուտքը, մասնավորապես ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, որեւէ կերպ չեն ցանկանում համագործակցել Ռուսաստանի Դաշնության հետ անգամ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում․« Այսինքն, դա պետք է ընկալել որպես Ռուսաստանի հետ որեւէ ֆորմատով համագործակցությունից հրաժարում։ Ես չեմ կարծում, թե դա հայամետ ինչ-որ էր քայլ էր, որովհետեւ հիմնախնդրի կարգավորման գործընթացում մեր հույսն այն էր, որ միջազգային հանրությունն, այնուամենայնիվ, ընդունում էր, որ արցախյան հիմնախնդիրը կարգավորված չէ, եւ կարգավիճակի հարց դեռ գոյություն ունի, չնայած, որ Ադրբեջանը հակառակն է պնդում»։
Քաղաքական մեկնաբանը կարծում է՝ հիմա, երբ դեսպաները հրաժարվում են ՌԴ-ի հետ նույն հարթակում քննարկել հարցը, դրանից հայկական կողմը որեւէ բան չի շահում եւ դա համարել բարոյական հաղթանակ կամ ապտակ Ադրբեջանին, իրական հարթությունում մեզ ոչինչ չի տալիս․ «Բոլորը փորձում են մեր տարածաշրջանում ստեղծված ստատուս քվոյից իրենց համար ինչ-որ շահ ապահովել, ինչ-որ շահ պոկել, եւ ցավոք, բոլոր կողմերն էլ այդ շահը փորձելու են պոկել Հայաստանի շահերի հաշվին, որովհետեւ պարտված եւ թույլ կողմը Հայաստանն է»։
Բաղդասարյանի մեկնաբանությամբ՝ արեւմուտքի հիմնական հակառակորդն այսօր Ռուսաստանի Դաշնությունն է, արեւմուտքն էներգետիկ համագործակցության ոլորտում Ադրբեջանից լուրջ ակնկալիքներ ունի․ «Այս ամենը հաշվի առնելով՝ արեւմուտքը մեր տարածաշրջանում հայամետ չի լինելու, նրանք փորձելու են Ադրբեջանին սիրաշահել, իրենց կողմը քաշել եւ դա անել հայկական շահերի հաշվին։ Դեսպանների այդ քայլից պետք չէ ոգեւորվել, պետք է փորձել հասկանալ, թե ինչ առեւտուր է տեղի ունենում արեւմուտքի, ՌԴ-ի եւ Ադրբեջանի միջեւ։ Ցավոք, Հայաստանն ու Արցախն այս ամենի մեջ չկան, մենք վերածվել ենք սուբյեկտի, որի հաշվին առեւտուր են անում, եւ պետք չէ ուրախանալ, երբ այդ առեւտուրն ինչ-որ պահի ավելի է թեժանում կամ ավելի ագրեսիվ է ընթանում»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ