Չեխիայում շախմատի կանանց Եվրոպայի 22-րդ անհատական առաջնության մասնակիցները մեկօրյա հանգստից հետո վերսկսել են պայքարը:
Եվրոպայի գործող չեմպիոն Էլինա Դանիելյանը սեւերով հաղթեց գերմանուհի Ժոզեեֆին Հեյնեմանին, Մարիա Գեւորգյանը նույնպես սեւերով ոչ-ոքի արեց առաջատար Մոնիկա Սոչկոյի հետ: Մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականներում գտնվող մեր մյուս շախմատիստներից Լիլիթ Մկրտչյանը եւ Աննա Սարգսյանը բաժանեցին միավորը:
Յոթ տուրից հետո Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունի կանանց գրոսմայստեր Մարիա Գեւորգյանը, որը 5,5 միավորով բաժանում է 3-4-րդ հորիզոնականները: 5,0 միավորով ուժեղագույնների տասնյակում է նաեւ Էլինա Դանիելյանը: Նույնքան միավոր ունեն, սակայն լրացուցիչ գործակիցներով երկրորդ տասնյակում են Լիլիթ Մկրտչյանն ու Աննա Սարգսյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ