«Արցախպրես» – Որոշ սեփականատերեր դրամական աջակցության շահառու չհանդիսացող տեղահանվածներից պահանջել են ազատել բնակարանը: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Գալստյանը:
«Եղել են դեպքեր, երբ տեղահանված քաղաքացիներից սեփականատերերը պահանջել են ազատել պետության կողմից վերանորոգված բնակարանը, քանի որ նրանք 40 հազար դրամի չափով աջակցության ծրագրի շահառու չեն: Ստացվում է, որ տեղահանված բնակիչը զրկվում է և՛ աջակցությունից է, և՛ այն բնակարանից, որը պետության կողմից նրա համար վերանորոգվել է: Այդ խնդրին բախված անձինք կարող են դիմել ԱՀ դատախազություն»,- ասել է Ա. Գալստյանը՝ հավելելով, որ ներկայում դատախազական ստուգումներ են իրականացվում պետական միջոցներով վերանորոգված բնակարանների ամբողջական ցանկը պարզելու համար: