Իրանահայ թարգմանիչ, հասարակական գործիչ Արմենուշ Առաքելյանն իր հինգերորդ թարգմանչական գործն է ներկայացրել պարսկալեզու հասարակության․ դա հայ նշանավոր գրող Ակսել Բակունցի ընտրանի «Զանգեզուրի Մեծ Քնարերգու» անվամբ գործն է, բաղկացած ութ պատմվածքից, Բակունցի կենսագրականից, հոդվածներից, ձոներգից, հայերեն և ֆրանսերեն սեղմագրից և հարուստ ծանոթագրություններից ու լուսանկարներից։
Պարսկալեզու ընթերցողի դատին են ներկայացված հայ անվանի գյուղագիր Բակունցի լավագույն գործերից՝ «Ալպիական Մանուշակ», «Միրհավ», «Մթնաձոր», «Մթնաձորի չարքը», «Լառ-Մարգար», «Խոնարհ Աղջիկը», «Ծիրանի Փողը» և «Աքարում» պատմվածքները։ Արմենուշը լավապես տիրապետում է ժամանակակից պարսկերենի նրբություններին, նորաբանություններին, դարձվածքներին և պատկերներին․ թարգմանիչը փորձել է հնարավորինս հարազատ մնալ Բակունցի ոճին և օտար ընթերցողին հաղորդ պահել հայկական գյուղի 1900-ական թվականների մթնոլորտին և հայ գյուղացու մտածելակերպին․ գրքի խմբագիրն է Մոսթաֆա Զամանի Նիան։ Գիրքը օժտված է եղերաբախտ գրողի կյանքին ու գործունեությանը վերաբերող լուսանկարներով, որ թարգմանիչն ստացել է Ա․ Բակունցի տուն-թանգարանից (Գորիս) և Գրականության ու Արվեստի թանգարանից (Երևան)։
Ա․ Առաքելյանը իր գրքում տեղադրել է նաև անվանի գրող Հակոբ Կարապենցի «Բյուրեղյա Բակունցը» հոդվածի (դեկտ․ 1979) պարսկերեն թարգմանությունը և անմահանուն Եղիշե Չարենցի «Ե՛վ բառերի համար քո մարմարյա» բանաստեղծության թարգմանությունը նվիրված կալանավոր Բակունցին (1936 թ․)․
«Այս ամենի համար, օ՜, խեղճ իմ բարեկամ
Ես քեզ օրհնում եմ արդ իմ անաղարտ երգով…
Այս ամենի համար, — և քո եղերական
Տառապանքի համար, որ արդ կրկին
Վեհություն է խառնում քո անաղարտ երգին—
Ես քեզ պարզում եմ ձեռք եղբայրական…»
Արմենուշ Առաքելյանը անցյալ տարի առանձին գրքով ներկայացրել է քարտեզագետ Ռուբեն Գալիչյանի «Հայաստանը աշխարհի պատմական քարտեզներում» հավաքածուի և Հակոբ Կարապենցի գործերի ընտրանու պարսկերեն թարգմանությունը, իսկ նախապես հրատարակել էր «Իմ չքնաղ երազ» անվամբ հայկական 17 սիրային երգերի պարսկերեն թարգմանությունը, նաև եղել է Հայոց Ցեղասպանության վերապրող իտալահայ Անտոնիա Արսլանի «Արտույտների Ագարակ – La masseria delle allodole» վեպի պարսկերեն համաթարգմանիչը։
Բակունցին նվիրված այս գիրքը հեղինակը անվանել է «Զանգեզուրի Մեծ Քնարերգու․ Ակսել Բակունց», որը, ցավոք, պարսկերեն բնաբանում, հավանաբար հրատարակչի մեղքով ավելացել է «գրեց» բայը և տպավորություն է ստեղծել, որ Բակունցն ունի նաև «Զանգեզուրի Մեծ Քնարերգու» անունով գործ․ հույսով ենք հաջորդ հրատարակության ժամանակ շտկվի այդ թերությունը։ Բակունցի պատմվածքներից նախապես պարսկերենի են թարգմանել նաև իրանցի անվանի գրող-թարգմանիչ Ահմադ Նուրիզադեն, անվանի թարգմանիչ Գարուն Սարգսյանն ու բանասեր Անի Հովսեփյանը։ Արմենուշ Առաքելյանի գործը Բակունցին նվիրված առաջին ամբողջական հատորն է։
Տիգրան ԴԱՎՈՒԴՅԱՆ