«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանն Aravot.am-ի հետ զրույցում պատմել էր, թե Աղավնո այցելած ընդդիմադիր պատգամավորները իրեն հորդորել են սուսուփուս հեռանալ․ «Ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ իշխանության եւ ընդդիմության համատեղ ջանքերով համակարգված ձեւով Արցախը հանձնվում է»: Ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանն «Առավոտին» ասել էր. «Թող անուններ տա ու ըստ հասցեատերերի կկարողանաք ճշտումներ անել․․ Թող բացի փակագծերը ու անուններ տա այն մարդկանց, ովքեր իրեն որեւէ բան են ասել»: Իսկ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը նշել էր․ «Զերծ կմնամ որեւէ մանիպուլյատիվ ու զրպարտող մեղադրանքի անդրադառնալուց»:
«Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարին հյուրընկալված Սուրեն Պետրոսյանը մեր առաջարկին ի պատասխան՝ փակագծերը բացելու, այսպես արձագանքեց. «Անուններ տալ չեմ պատրաստվում, քանի որ դա բարեվարքության շրջանակներից դուրս է: Համոզված եմ, որ մեզ կլսեն կամ կտեսնեն եւ հասցեատերերն իրականում կարող են իրենք իրենց նույնականացնել»: Նշեց, թե «Հայաստան»-ի պատգամավորները կարող էին կապվել իրենց հետ ու ճշտել, թե ով է պնդումների հասցեատերը. «Եվ խոսքը միայն ՀՀ ընդդիմադիրների մասին չէր, այլ նաեւ Արցախի հանրապետության ընդդիմադիրների, որոնց առաջին խոսքը կամ նպատակը, ըստ էության (գոնե առաջին հայացքից այդպես էր թվում), որ արդարացնեն այս գործընթացը եւ ցույց տան, որ այլ ելք ուղղակի չկա»:
Հաղորդման մյուս հյուրը՝ վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը, որը եւս վերջին շրջանում բնակվում էր Աղավնոյում՝ իր ֆեյսբուքյան էջում նույնպես քննադատում էր ընդդիմադիրներին՝ նշելով, թե «36 պատգամավորները կարող են գալ Բերձոր, 1-2 օր անցնել տնետուն, ստուգել բնակիչների տրամադրությունները, հոգեբանական վիճակը, ցանկությունները։ Ապա, դրանց հիման վրա մի ժողով անել, փորձել գտնել հնարավորություններ տարածքը չհանձնելու, նրանց չաքսորելու, նրանց հոգեբանական վիճակը փոխելու»:
Դիտարկմանը, թե ասում են, որ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ արդեն իսկ կանխորոշված էր այս տարածքների հանձնումը՝ Հովհաննես Իշխանյանը չհամաձայնեց. «Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ կանխորոշված չէր, որ պետք է էթնիկ զտում լինի, հայերին իրենց տներից հանեն: Բացի այդ՝ միայն ադրբեջանական կողմի պահանջներն են բավարարվում»:
Կարդացեք նաև
Նա հարցադրում հնչեցրեց. «Ինչպե՞ս եղավ, որ այս գյուղը, որը 2 տարի պահում էին անձնազոհաբար՝ հանկարծ որոշեցին, որ պետք է հանձնվի… Եվ Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը, որը հերոսաբար պահում էր գյուղը՝ հանկարծ հիասթափվեց ու որոշեց, որ պետք է դուրս գա: Գյուղում ներկա գտնվելով՝ հնարավոր էր գտնել այս հարցերի պատասխանները: Նախ՝ Արցախից Հայկ Խանումյանը եկավ լուրը հայտնելու՝ այդ ժողովի ժամանակ, երբ խոսք եղավ, որ ձեր տների դիմաց վարձատրվելու եք, ինչ որ սերտիֆիկատներ եք ստանալու՝ եղել են համաձայնողներ»: Սակայն շատերի հետ շփումների հիման վրա հավելեց. «Երբ առանձին-առանձին խոսում էինք գյուղացիների հետ՝ գրեթե բոլորը դժգոհում էին, որ մարդիկ համաձայնեցին փողի դիմաց դուրս գալ: Իմ զրուցակիցներից ընդամենը մի հոգի էր, որ շատ ոգեւորված էր այդ սերտիֆիկատով»:
Հովհաննես Իշխանյանն այս պատկերն աչքի առաջ ունենալով՝ վստահ է, որ հնարավոր էր գործողություններ իրականացնել, սակայն միանգամից թեւաթափ էին եղել, թե ոչինչ հնարավոր չէ անել. «Երեւանում արդեն որոշել էին, որ վերջ՝ հանձնվել է»:
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն այս կշտամբանքների առնչությամբ մասնավորապես ասել էր. «Գիտակից անձնավորությունները ուզում եմ հասկանան, որ պետության ղեկին այսօրվա իշխանություններն են: Նրանք են ընդունում որոշումներ եւ իրենց որոշումները մինչեւ վերջ իրականացնում: «Հայաստան» դաշինքի եւ առանձին պատգամավորներ, որոնք եղել են այնտեղ, գնացել են Աղավնոյի համայնքապետին աջակցելու, իրադրությունը տեղում ուսումնասիրելու, համապատասխան գնահատական տալու, բայց այդ գործողություններն իրականացնում են այսօրվա իշխանությունները»:
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահն այս ամենը համարեց արդարացումներ. «Հասկացանք՝ բոլորն էլ ասում են, որ իշխանությունն է մեղավոր եւ պատասխանատու: Առաջիններից մեկը ես եմ մշտապես ասել, որ այս իշխանությունը պետական, ազգային անվտանգության համար մեկ ու գլխավոր սպառնալիքն է այսօր: Սա պարզ է, եւ իրենք էլ չեն թաքցնում իրենց նկրտումներն Արցախի եւ ՀՀ-ի վերաբերյալ: Դուք (ընդդիմադիրներդ.-խմբ) 180 աստիճանով այլ խոսք եք ասում, բայց ձեր խոսույթի հետեւում չկա որեւէ գործ… Մենք երբ խոսում ենք պետության, հայրենիքի եւ հողի մասին՝ այլեւս պատրաստ չենք դրանց համար գնալու զոհաբերության: Օրինակ՝ ինձ համար միշտ հարցական է եղել. այն մարդիկ, ովքեր ազատագրել են Շուշին (խոսքը գեներալների մասին է՝ ոչ շարքային զինվորների) ինչպե՞ս ստացվեց, որ այդ փառապանծ մարդկանցից մեկը մինչեւ վերջ չմնաց ու թեկուզ չընկավ Շուշիում, պատրաստ չեղավ զոհաբերել, այլ առաջինը բոլորը նահանջեցին… Սա իրականում կարեւոր ցուցիչ է»:
Դիտարկմանն ի պատասխան էլ, որ մարդկանց կյանքի իրավունքը եւ անվտանգությունը ապահովված չէր կարող լինել, եթե մնային ու բնակվեին այդտեղ՝ Հովհաննես Իշխանյանը պատմեց, որ սպառնում էին, որ եթե բնակիչները դուրս չգան՝ «թուրքական սպեցնազը» կմտնի ու բոլորին կկոտորի․ «Այսինքն՝ խաղաղ բնակիչների կյանքի իրավունքին ուղիղ սպառնալիք են հասցրել։ Հիմա, եթե այսպիսի սպառնալիք է հասցվել՝ հայ խաղաղ բնակչությանը՝ այս պարագայում արդյոք անելիք չունեի՞ն Հայաստանի իրավաբանները, պատգամավորները եւ մնացած պատկան այրերն այնտեղ գտնվելով։ Նախ՝ իրենց գտնվելով անվտանգության երաշխիքը կբարձրացնեին, երկրորդ՝ այդ հարցը, որ գալու ենք՝ վերացնենք խաղաղ բնակչությանը՝ հետագայում կդառնար միջազգային ատյաններում արծարծելու խնդիր»։
Ամփոփեց՝ «Աղավնոյում այդ պահին, երբ քո ինքնության, տեսակի մարդկանց իրենց տներից ուղղակի աքսորում են եւ դու նրանց կողքին չես թեկուզ ուղղակի նեցուկ լինելու, ներկայությունդ ցուցադրելու համար՝ դա ցույց է տալիս, որ հայրենիք երբ ասում են՝ այդ հայրենիքում մարդկանց այդքան էլ չեն պատկերացնում, այլ միայն տարածքը»։
Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ