Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը օրերս ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել էր Haqqin.az-ի խմբագիր Էյնուլա Ֆաթուլաեւի՝ Բերձոր եւ Աղավնո «այցելությանը» ու գրել. «Էյնուլա Ֆաթուլաեւի տարօրինակ «արկածները» Լաչինի միջանցքում արդիական են դարձնում հայկական անվտագային եւ այլ պետական կառույցների աշխատանքի արդյունավետությունը ոչ միայն ներկա պահին, այլ նաեւ հետագա զարգացումների համատեքստում։ Չեմ մանրամասնում, գիտակցելով որ բոլոր հանգամանքները նկարագրումը շատ ժամանակ կխլի եւ հույս ունենալով, որ գրառմանը ծանոթացողները իրենք էլ կարող են անհրաժեշտ հետեւություններ անել…»:
Aravot.am-ը Բորիս Նավասարդյանից հետաքրքրվեց՝ Էյնուլա Ֆաթուլաեւի՝ Աղավնո եւ Բերձոր այցը իսկապես շատ հարցեր է առաջացրել ու ակնհայտ է, որ դրա նպատակը միայն այդ ռեպորտաժը չէր, որը պատրաստվել էր, դուք շփումներ ունեցե՞լ եք Ֆաթուլաևի հետ: Նա պատասխանեց. «Էյնուլային հանդիպել եմ երբ դեռ 1990-ականներին «Յենի Ազերբայջան» կուսակցության երիտասարդական թեւի ակտիվիստներից էր։ Լավ իմանալով իրենից ինչ է ներկայացնում՝ խուսափում էի շփումներից, երբ հայերի հետ «սիրավեպի» մեջ էր։ Հետո էլ, նույնիսկ իր ազատազրկման համատեքստում, ինքը ապացուցեց, որ իմ կարծիքը իր մասին լրիվ ճիշտ էր»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ