Լրահոս
Օրվա լրահոսը

Չինաստանի դեսպանի հետ հանդիպման ընթացքում ներկայացվեցին Վայոց ձորի տնտեսության գերակա ուղղությունները

Օգոստոս 27,2022 19:18

Օգոստոսի 26-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին։ Հանդիպմանը ներկա էին նաև Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանը և Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը։

Ողջունելով հյուրերին՝ մարզպետ Արարատ Գրիգորյանը նշեց, որ Վայոց ձորի մարզը մշտապես բարձր է գնահատել երկու բարեկամ ժողովուրդների միջև փոխգործակցության լավ ավանդույթներ ունեցող միջպետական հարաբերությունները՝ փորձելով ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում իր ներդրումն ունենալ այդ բարեկամության ամրապնդման գործում։

Դեսպան Ֆան Յոնգն իր խոսքում նշեց, որ 30 տարիների արդյունավետ դիվանագիտական հարաբերությունների շնորհիվ ստեղծվել են համագործակցության բոլոր հիմքերը, և համատեղ ուժերի ներդրմամբ հնարավոր կլինի հասնել կողմերի առջև ուղենշված բոլոր նպատակների իրականացմանը։

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին Վայոց ձորի տնտեսության գերակա ուղղությունները, տնտեսական ներկայիս իրավիճակը և զարգացման միտումները` հատուկ անդրադարձ կատարելով գինեգործության և զբոսաշրջության ոլորրտներին։ Ընդգծվեցին նաև կրթության և մշակույթի ոլորտները՝ դիտարկելով մարզում չինարեն լեզվի ուսուցման կենտրոնի ստեղծման և կրթության ոլորտում այլ համագործակցության հնարավորությունները։

Գինեգործության և զբոսաշրջության ոլորտներում արձանագրված հաջողություններին ծանոթանալու նպատակով կողմերն այցելեցին մարզի առաջատար գինեգործարաններից մեկը՝ Արենիի գինու գործարան, որտեղ հյուրերը ծանոթացան ոչ միայն գինեգործարանի հարուստ պատմությանը, այլև մարզի գինեգործության ոլորտի ողջ ներուժին և արտահանման հնարավորություններին։

Հյուրերն այցելեցին նաև Թռչունների քարանձավ, որտեղ ներկայացվեց աշխարհում հնագույնը համարվող գինեգործական համալիրը։
Զբոսաշրջության ոլորտում երկուստեք ընդգծվեց մարզի հարուստ պատմամշակութային արժեքների և ներուժի՝ Չինաստանից ժամանած զբոսաշրջիկների շրջանում հանրայնացնելու կարևորությունը։ Այդ համատեքստում հյուրերն այցելեցին նաև Վայոց ձորի այցեքարտ հանդիսացող, Հայաստանի հոգևոր և մշակութային կենտրոններից մեկը՝ Նորվանաք վանական համալիր։

Հանդիպման ավարտին երկուստեք վստահություն հայտնվեց, որ ՉԺՀ դեսպանի այցի և միահամուռ ջանքերի շնորհիվ կհաստատվի հարաբերությունների զարգացման նոր խոստումնալից հնարավորությունների սկիզբ և կհաջողվի էլ ավելի ամրապնդել երկու երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները՝ ի բարօրություն մեր ժողովուրդների։

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031