Կայացավ ռեժիսորներ Օնիկ Հովհաննիսյանի եւ Ֆիլիպ Պողոսյանի «Ուղիղ եթեր» նոր լիամետրաժ խաղարկային արկածային կինոկատակերգության պրեմիերան: Այն օգոստոսի 25-ից արդեն ցուցադրվում է Հայաստանի կինոթատրոններում: Բեմադրող օպերատորը Վարդան Հարությունյանն է, ֆիլմում նկարահանվել են Վարուժան Մանուկյանը, Էմմա Շաբոյանը, Արմեն Մարգարյանը, Օնիկ Հովհաննիսյանը, Ֆիլիպ Պողոսյանը, Տիգրան Բարսեղյանը, Սեդա Ավագյանը եւ ուրիշներ:
Օնիկ Հովհաննիսյանն ասաց, որ փորձել են կոտրել կարծրատիպերը, մասնավորապես ցույց են տվել, թե ինչերի է ընդունակ մարդը՝ հանուն սիրո ու ընկերության՝ անկախ իր սոցիալական դիրքից եւ հասարակության մեջ իր մասին ձեւավորված պատկերացումներից:
«Նկարահանումների ընթացքում մենք նաեւ լավ ընկերներ ձեռք բերեցինք: Ձևավորվել էր բարձրակարգ պրոֆեսիոնալների թիմ»,-հավելեց Ֆիլիպ Պողոսյանը, որը նաև գլխավոր հերոսի ընկերներից մեկի դերն է խաղացել։
Ի թիվս այլոց, ֆիլմի դիտարժանությունն իրենց հետաքրքիր խաղով ապահովում են նաև երեխաները՝ 8-ամյա Դանիել Տատինցյանը, 171 դպրոցի աշակերտուհիներ Վիկտորյա Հովհաննիսյանը, Շուշան Ճաղարյանը և Նելլի Գսպոյանը։
Ֆիլմի երաժշտությունը գրել է Թաթոս Հակոբյանը:
Ֆիլմի գլխավոր հերոսը՝ Հենրի Գասպարյանը, սկանդալային հրապարակումներով հայտնի լրագրող է։ Ճանաչված օլիգարխներից մեկի՝ Գաբրիել Սեդրակյանի մասին սկանդալային նյութ նկարահանելու ժամանակ օլիգարխի թիկնապահները նրան առեւանգում են: Հենրիի ընկերներ Արսենը և Ֆելիքսը պարզում են նրա գտնվելու վայրը և շտապում օգնության: Արկածներով և տարօրինակ հանդիպումներով լի ճանապարհը նրանց հասցնում է այնպիսի վերջնակետի, որ ո՛չ նրանց մտքով կանցներ, ո՛չ էլ հանդիսատեսի…
«Ուղիղ եթերը» ֆիլմ է 12+ տարիքի անձանց համար։
Անահիտ ՍԱՐԳՍՅԱՆ