Երկամյա դադարից հետո հայկական բեմում հանդես եկավ ռուսաստանաբնակ մեր հայրենակից Նիկիտա Մնդոյանցը։ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում նրա մենահամերգն էր, որի ընթացքում դաշնակահարը կատարեց Ֆրանց Շուբերտի, Ալեքսեյ Շորի, Ֆրեդերիկ Շոպենի ստեղծագործություններից։ Մնդոյանցը Հայաստանում հանդես էր գալիս «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում, որը կազմակերպել էին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը եւ Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը (EUFSC):
Դաշնակահար Նիկիտա Մնդոյանցը վերջին անգամ Հայաստանում ելույթ էր ունեցել երկու տարի առաջ «Մյուզիք-2020» երաժշտական փառատոնի շրջանակում։ Խոսելով «Սիմֆոնիկ Երևանի» շրջանակում իր մենահամերգային ծրագրի մասին՝ նա տեղեկացնում է, որ այն ինքն է կազմել։ Ըստ դաշնակահարի՝ ստացվել է ռոմանտիկ-նեոռոմանտիկ ծրագիր։ Նա նաեւ ասում է, որ վերջին տարիներին հաճախ է կատարում Շորի ստեղծագործությունները։ Ըստ երաժշտի՝ կոմպոզիտոր Շորի ոճն ավելի մոտ է նեոռոմանտիզմին։ Դաշնակահարի խոսքով՝ տարբեր զգացողություններ են, երբ նվագում ես տարբեր ժամանակաշրջանների հեղինակների ստեղծագործություններ. «Յուրաքանչյուր դարաշրջան իր խնդիրներն ունի, եւ ներկայացնելիս պետք է երաժշտությանը մոտենաս՝ ելնելով կոնկրետ գործի ոճից։ Ալեքսեյ Շորը ժամանակակից կոմպոզիտոր է, նրա արվեստում առկա է մեղեդայնությունը, ներդաշնակությունը։ Նրա երաժշտության մեջ մեծ տեղ ունեն ռոմանտիկ ժամանակաշրջանի երաժշտության հիմնական սկզբունքները, միաժամանակ նրա արվեստում նկատելի են 20-րդ դարի եւ ժամանակակից երաժշտության տարրեր, ինչը մեծ արձագանք է ստանում ունկնդրի կողմից»։
Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Մնդոյանցն ընդգծում է, որ այս տարի ծրագրված են բազմաթիվ համերգներ Եվրոպայում։ Մասնավորապես, «Սիմֆոնիկ Երևան» փառատոնից անմիջապես հետո մեկնում է Ֆրանսիա՝ մասնակցելու այնտեղ անցկացվող կամերային փառատոնի, որի ամենամյա հյուրն է ինքը 2012 թվականից ի վեր։ Աշնանը համերգներ են նախատեսված Գերմանիայում եւ դարձյալ Ֆրանսիայում։ Ներգրավված է նաեւ մրցույթների ժյուրիի կազմում։
Կարդացեք նաև
Արփի ԳԱԲՐԻԵԼՅԱՆ