Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք էլ Ստեփանակերտի հրապարակում կազմակերպել ենք հանրահավաք եւ կոչ արել ԱՀ անվտանգության խորհրդի անդամներին ու Հայկ Խանումյանին, որ գան ներկայացնեն ճշմարտությունը, ինչը նրանք չեն արել

Օգոստոս 27,2022 14:50

Քանի որ օգոստոսի 26-ին անդրադարձ է եղել բերձորյան իրադարձություններին, ներկայացնելով Արցախի Հանրային հեռուստատեսության «Օր» հաղորդաշարի շրջանակներում Արցախի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի պատասխանը՝ փորձեմ վարագույրները հետ տալ եւ ցույց տալ իրողությունը։

Վերոհիշյալ հաղորդման ժամանակ Հայկ Խանումյանը հայտնել է, որ բոլոր բնակիչները տարհանված են եւ այս պահին Աղավնոյում, Ներքին Սուսում եւ Բերձորում քաղաքացիական բնակչություն չկա: Ապա նա հայտարարել է, որ ես՝ Ստեփանակերտում կայացած հանրահավաքի կազմակերպիչներից մեկս, սխալվել եմ՝ հանրահավաքի ժամանակ ասելով, որ նա Բերձոր մեկնելու լիազորություն չուներ, հավելելով, որ Արցախի բարձրաստիճան մի պաշտոնյա ինձ հայտնել էր, որ նրան ոչ ոք չի լիազորել Բերձոր մեկնելու…

Իսկ իրականում ի՞նչ էր կատարվել մինչև Բերձորի հանձնումը։ Հիշեցնեմ, որ ս.թ. օգոստոսի 4-ի կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «…Ադրբեջանը մի նպատակ ունի՝ վերացնել 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և խուսափել արձանագրված իրողությունների ամրագրումից՝ Լեռնային Ղարաբաղ, շփման գիծ, Լաչինի միջանցք, այս երեք ինստիտուտների դեմ է Ադրբեջանի այսօրվա պայքարը։ Հայաստանը կատարել է իր ստանձնած բոլոր պարտավորությունները, Ադրբեջանն էլ պետք է կատարի իր երեք պարտավորությունները՝ ընդունի Ադրբեջանի նախագահի ստորագրությամբ արձանագրված Լեռնային Ղարաբաղ միավորի գոյությունը, պիտի հարգի Լեռնային Ղարաբաղում շփման գծի առկայությունը և պիտի հարգի Լաչինի միջանցքի գոյությունը, որը Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապը ապահովող կարևորագույն ինստիտուտն է, հակառակ պարագայում Հայաստանը պետք է դիմի միջազգային մեխանիզմների գործարկմանը, որպեսզի դրանցով Ադրբեջանը հարգի իր ստորագրությամբ ստանձնած պարտավորությունները»:

Վկայակոչելով նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետը, որում ասվում է, որ «կողմերի համաձայնեցմամբ առաջիկա երեք տարվա ընթացքում, մինչև 2023 թվականի նոյեմբերի 9-ը, կորոշվի Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապն ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման պլանը, ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հետագա վերատեղաբաշխմամբ՝ այդ երթուղու պահպանության համար», Փաշինյանը վերահաստատել է՝ եռակողմ ֆորմատով հաստատված որևէ պլան գոյություն չունի, և հայկական կողմը մի քանի անգամ առաջարկել է և հիմա էլ առաջարկում է հաստատել եռակողմ ֆորմատով պլան»։

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Արցախը Հայաստանի հետ կապող երթևեկությունը Լաչինի միջանցքի փոխարեն այլ երթուղով կազմակերպելու Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ։ Նա նշել է նաեւ, որ Հայաստանն արդեն իսկ առաջարկել է եռակողմ ձևաչափով համաձայնեցնել եւ ստորագրել պլանն ու համաձայնեցված ժամանակացույցով ու ճանապարհային քարտեզով գնալ առաջ: «Դա այն է, ինչ նախատեսված է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ»։ Սա՝ հայաստանյան իշխանությունների փաստարկները։ Հիմա անդրադառնանք Արցախի պետական պաշտոնյայի ներկայացրած փաստերին։ Հայկ Խանումյանը հայտնել է, թե ԱՀ անվտանգության խորհրդի նիստում որոշել են, որ Աղավնոյի, Ներքին Սուսի եւ Բերձորի քաղաքացիական բնակչությանը տարհանեն: Բնականաբար, մենք էլ հանրահավաքի ժամանակ առաջարկել ենք Խանումյանին եւ անվտանգության խորհրդի անդամներին, որ գան եւ բացատրեն, թե իրականում ինչ է տեղի ունեցել: Դա մեր՝ քաղաքացիներիս իրավունքն է:

Հիմա ի՞նչ է ստացվում. եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ եռակողմ ֆորմատով հաստատված որեւէ պլան գոյություն չունի, իսկ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը` Լաչինի միջանցքի փոխարեն այլ երթուղով կազմակերպելու Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ, ի՞նչ պիտի մտածի Արցախի Հանրապետության քաղաքացին: Նա իրավունք ունի՞ մտածելու, որ հերթական անգամ Նիկոլ Փաշինյանը գաղտնի համաձայնության է եկել մեր թշնամիների հետ, կամ նրան հայտնել են մեր թշնամինների հերթական գործարքի մասին, նա էլ հայտնել է ԱՀ իշխանավորներին, նրանք էլ գաղտնիքը թաքցնելով սեփական ժողովրդից, հրավիրել են անվտանգության խորհրդի նիստ, հանձնարարել Արցախի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանին… Մենք էլ Ստեփանակերտի հրապարակում կազմակերպել ենք հանրահավաք եւ կոչ արել ԱՀ անվտանգության խորհրդի անդամներին ու Հայկ Խանումյանին, որ գան հանրահավաքի մասնակիցներին ներկայացնեն ճշմարտությունը, որը նրանք չեն արել։ Քանի որ Հայկ Խանումյանը ապատեղեկատվություն տարածելու մեղադրանք է հնչեցրել նաեւ Արցախի հանրային հեռուստատեսության հասցեին, հիշեցնեմ, որ Արցախի հեռուստատեսությունը հանրային է, ոչ թե պետական։ Ուստի ես, լինելով հանրության մի անդամ, ունենալով սեփական տեսակետ, ԱՀ Սահմանադրությամբ հաստատված ազատ արտահայտվելու իրավունքի շնորհիվ արտահայտել իմ տեսակետը, որը եւ հեռուստատեսությունը եթեր է արձակել։

 Աշոտ ՍԱՐԳՍՅԱՆ

«Արցախի փրկություն շարժման» խորհրդի անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031