Սեպտեմբերի 25-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների մեծամասնական ընտրակարգով ընտրություններ կկայանան միայն Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում։ Այստեղ համայնքի ղեկավարի թեկնածուի համար առաջադրված է երկու հոգի։ Ինքնառաջադրված, անկուսակցական, գործող համայնքապետ Ջասմ Մախմուդովի հետ ուժերն է չափելու «Հայփոստի» ավագ օպերատոր, 43-ամյա Անզոր Ուռուսյանը։ Վերջինս իշխող կուսակցության անդամ է եւ, բնականաբար, առաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից։
Ավագանու անդամի 9 մանդատի համար կպայքարի 20 թեկնածու։ Առաջադրված բոլոր թեկնածուներն էլ տղամարդ են, կին թեկնածու չի առաջադրվել։ 20 թեկնածուից 9 -ն անկուսակցական են, 11-ն էլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ են։ Մեկ հոգի՝ Ալիխան Ամեյանը, չնայած իշխող կուսակցության անդամ է, բայց ինքնաառաջադրվել է։
Ավագանու անդամի թեկնածուներից երկուսն ուսուցիչներ են, երկուսը՝ դպրոցի տնօրեն, մեկ հոգի՝ էլեկտրամոնտյոր, մնացած թեկնածուները չեն աշխատում։
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում տեղադրված տեղեկատվության, Ալագյազ համայնքում ընտրելու իրավունք ունեն 2672 մարդ։
Կարդացեք նաև
Արմեն ԴԱՎԹՅԱՆ