Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա ուսումնական տարին պետք է խորը վերլուծության և պլանավորման ժամանակահատված լինի․ Արտակ Բեգլարյան

Օգոստոս 27,2022 13:00

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը օգոստոսի 26-ին ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանի ուղեկցությամբ մասնակցել է Ստեփանակերտի, Շուշիի և Հադրութի հանրակրթական դպրոցների ներկայացուցիչների օգոստոսյան ավանդական խորհրդակցությանը:

Պետական նախարարը լսել է նախորդ ուսումնական տարվա ձեռքբերումների ու հիմնախնդիրների և նոր ուսումնական տարվա անելիքների մասին Ստեփանակերտի քաղաքային, Շուշիի և Հադրութի շրջանային հանրակրթության ոլորտի պատասխանատուների զեկույցները, առանձին ու մանրամասն քննարկել ոլորտում առկա խնդիրներն ու հնարավոր լուծումները: Արտակ Բեգլարյանը և ԿԳՄՍ նախարարության ղեկավար կազմը ներկայացրել են այն հիմնական դիտարկումները, որոնք առանցքային նշանակություն ունեն կրթության որակի բարելավման ու կրթօջախների արդյունավետ գործունեության ապահովման համար: Պետական նախարարն ընդգծել է, որ կրթության ոլորտի բարեփոխումների ուղղությամբ ԱՀ կառավարությունն իրականացնում է հետևողական քաղաքականություն, և առաջիկայում, ուսուցչական կազմի հետ համաձայնեցմամբ, կնախաձեռնվեն համակարգային բարեփոխումներ՝ ձևավորելու արդի մարտահրավերներին դիմակայելու ունակ և մեր առանձնահատկություններին համապատասխան կրթական համակարգ:

«Իմ պատկերացմամբ՝ առաջիկա ուսումնական տարին պետք է խորը վերլուծության և պլանավորման ժամանակահատված լինի՝ բոլոր հիմնախնդիրները, երկարաժամկետ նպատակներն ու անելիքները համատեղ վեր հանելու առաջնահերթությամբ: Մեր հիմնախնդիրների երկարաժամկետ ու հիմնարար լուծումները հնարավոր են որակյալ կրթության միջոցով: Այո՛, Արցախում ապրելը, կրթելը, ուսանելը հեշտ չէ, շատ ավելի դժվար է, քան աշխարհի երկրների գերակշիռ մասում: Բայց այն պատվաբեր է մեզ համար, և մենք մեր պատիվն ու ստանձնած առաքելությունը պետք է բարձր պահենք, որի միջոցով կկարողանանք հաղթահարել դժվարությունների հերթական փուլը»,- իր խոսքում նշել է Արտակ Բեգլարյանը:

Օգոստոսյան խորհրդակցության ժամանակ տնօրենների ու ուսուցիչների հետ պետական նախարարը քննարկել է նոր ուսումնական տարվան ընդառաջ՝ ոլորտում առկա խնդիրներին և լուծման ուղիներին առնչվող տարաբնույթ հարցեր:

Օրվա երկրորդ կեսին պետական նախարարը մասնակցել է նաև Ասկերանում, իսկ այսօր առավոտյան՝ Մարտակերտում հրավիրված համաբովանդակ խորհրդակցություններին:

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031