Կարծես թե պաշտոնապես հաստատվում է արգելված արտադրության վարկածը, այն, որ «Սուրմալուի» պահեստներում պարկերով տրոտիլ են բերել եւ տեղում լցոնելով, «գմփուցիկներ» ու սալյուտներ են արտադրել: Իսկ տրոտիլը պայթում է դետոնացիայից: Ի դեպ, այս վարկածը տեղ էր գտել «Սուրմալու» առեւտրի կենտրոնի առեւտրի բաժնի պետ Վարդան Մանուկյանի ֆեյսբուքյան էջում:
Ինչպես տեսնում ենք, պոտենցիալ մեղադրյալների թվում չկան ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները: Ինչպես հայտնի է, այս մարմինն անցյալ տարի ստուգումներ էր իրականացրել ու բազմաթիվ խախտումներ հայտնաբերել «Սուրմալուում»: Եվ ճիշտ կլիներ պարզապես փակել «Սուրմալուն», մինչեւ խախտումները վերացվեին: Սակայն առեւտրի կենտրոնը ո՛չ փակվել է, ո՛չ էլ գոնե հետագայում հետստուգումներ են արվել։ Այսինքն, արձանագրված խախտումների վերացման վերջնաժամկետից հետո նոր ստուգումներին եւ կանխարգելիչ միջոցառումներին ուղղված որեւէ գործողություն չի իրականացվել: «Մինչդեռ, «Սուրմալու» առեւտրի կենտրոնում իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել են հրդեհային անվտանգության կանոնների բազմաթիվ խախտումներ, որոնք արդեն իսկ հրդեհի առաջացման պատճառ են հանդիսացել»,- ասված է դատախազության հաղորդման մեջ: Փաստորեն, քննիչները փորձել են «խորանալ» տեսչականի աշխատողների պատասխանատվությունը պարզելու ուղղությամբ, սակայն պետական չինովնիկներին պատասխանատվության կանչելը դատախազության ծրագրերի մեջ, հավանաբար, չի մտնում:
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում