Լրահոս
Օրվա լրահոսը

Հավերժ «անլուծելի խնդիրներ»

Օգոստոս 27,2022 10:00

Ես սիրում եմ կարդալ 1960-70-ական թվականների խորհրդային գրականությունը: Կարծում եմ, դա գրականության, արվեստի ծաղկման շրջան էր, նաեւ մեր՝ հայերիս համար: Կարծր ավտորիտար ռեժիմի՝ գրաքննության «գրտնակով» հարթեցված ասֆալտի տակից ինչ-որ հրաշքով ծլում էին այնպիսի ծաղիկներ, որոնք ավելի «ազատ» ժամանակաշրջաններում, չգիտես ինչու, չեն երեւում:

Երբեմն ասվում է, որ գրական, գեղանկարչական, երաժշտական գլուխգործոցները ծնվում էին ի հեճուկս գաղափարախոսական ճնշման, գորշ իրականության, եւ հենց այլաբանությունները, «եզովպոսյան լեզուն» զարգացնում էին գեղարվեստական երեւակայությունը, խթանում էին յուրահատուկ հնարքներ, որոնց անհրաժեշտությունը «ազատության» պայմաններում ամենեւին էլ չկա:

Մոտավորապես այնպես, ինչպես որոշ մշակույթներում մարդկանց եւ կենդանիներին պատկերելու արգելքը դրդում է գեղանկարիչներին առավել «կրեատիվ» լինել վերացական խճանկարի արվեստում: Թերեւս, այդ տրամաբանությունը մասամբ ճիշտ է: Բայց մյուս կողմից՝ հնարավոր չէ չարձանագրել, որ մասնավորապես, Խորհրդային Հայաստանի հասարակության ընդհանուր ինտելեկտուալ մակարդակն ավելի բարձր էր, եւ գիրքն էլ ավելի հարգի էր: Այո, մենք ծաղրում էինք, անեկդոտներ էինք պատմում խորհրդային ղեկավարների մասին, բայց անկեղծ ասած, այսօրվա հետխորհրդային ղեկավարների որոշ մտքեր իրենց մարազմի մակարդակով կմրցեն Բրեժնեւի եւ Չեռնենկոյի արտահայտածների հետ:

Գուցե շատերն ինձ հետ համաձայն չեն լինի, բայց ես կարծում եմ, որ գրականության եւ արվեստի զարգացումն անմիջական կապ չունի քաղաքական ռեժիմի բնույթի, ազատության աստիճանի եւ այլ նման բաների հետ: Գրական տեքստի որակը պայմանավորված չէ գրաքննության առկայությամբ կամ բացակայությամբ: Այս առումով ես առաջարկում եմ ընթերցողներին կարդալ Բորիս եւ Արկադի Ստրուգացկիների «Երկուշաբթին սկսվում է շաբաթ օրը» վեպը: Ինչպես եւ հեղինակների այլ գործերում, մարդկությանը դարեր շարունակ հուզող խնդիրները ներկայացվում են ֆանտաստիկայի թեթեւ շղարշի տակ, բայց պատրաստված ընթերցողն հասկանում է այլաբանությունների իմաստը:

Այդ վեպում հրաշագործներից մեկի անունն է Սավաոֆ Բաալովիչ՝ երկուսն էլ իրականում Աստծո անուններն են, որոնցից առաջինը հանդիպում է Աստվածաշնչում, իսկ երկրորդը՝ արեւմտա-սեմական եւ ասորա-բաբելոնյան առասպելաբանության մեջ: Նրա մասին հեղինակները գրում են. «Սավաոֆը կարող էր ամեն ինչ: Ու ոչինչ չէր կարող: Որովհետեւ Կատարելության հավասարման սահմանային պայմանն այն էր, որ հրաշքը ոչ մեկին վնաս չպիտի պատճառեր: Ոչ մի բանական էակի: Ոչ Երկրի վրա, ոչ էլ Տիեզերքի որեւէ մասում: Իսկ այդպիսի հրաշք ոչ մեկը, նույնիսկ Սավաոֆ Բաալովիչը, չէր կարող պատկերացնել»:

Առաջարկում եմ մտածել այդ պարբերության մասին:
Կամ՝ այսպիսի միտք. «Անիմաստ է խնդրի լուծումը փնտրել, եթե դա արդեն առանց այդ էլ կա: Խոսքը գնում է այն մասին, թե ինչպես վարվել ա՛յն խնդրի հետ, որը լուծում չունի»: Հավանաբար, այդ «անլուծելի խնդիրներից» է մեր հասարակության մակարդակի բարձրացումը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Ջորդանո Գալիլյան says:

    Դա փիլիսոփայական, մաթեմատիկական կամ մոդալ տրամաբանության խնդիր չի, որ լուծում չունենա: Համապատասխան գիտելիքներով եւ կամքով օժտված վերնախավի դեպքում խնդիրը լուծելի է: Պեպանյանը ոնց որ թե ընդհուպ մոտեցել է դրա լուծմանը: Համենայն դեպս՝ խնդրի ճշգրիտ ձեւակերպումը արդեն լուծման կեսն է…

  2. Ruben says:

    «Անիմաստ է խնդրի լուծումը փնտրել, եթե դա արդեն առանց այդ էլ կա:»
    Պատճառը կա՝ «Ծառն արմատից է փտում» (զանգվածների արմատները փտած են) ու «Ձուկը գլխից է հոտում» («Հ. Հանրապետություն» կոչվող վարչական տարածքի բոլորը ղեկավարները փտած էին ու նեխած էին, փտած են ու նեխած են):
    Լուծող չի մնացել:

  3. Ջորդանո Գալիլյան says:

    “…հրաշագործներից մեկի անունն է Սավաոֆ Բաալովիչ՝ երկուսն էլ իրականում Աստծո անուններն են, որոնցից առաջինը հանդիպում է Աստվածաշնչում, իսկ երկրորդը՝ արեւմտա-սեմական եւ ասորա-բաբելոնյան առասպելաբանության մեջ…”

    Աստծո անունների պահով (եւ բազում այլ առումներով)՝ այդ «գրքերի գրքում» մի կատարյալ խառնաշփոթ է տիրում: Ամենազոր եւ ամենագետ հռչակված միակ աստծուն ինչ անուն ասես կպցնում են՝ Յահվեհ, Ադոնայ, Սավաոֆ, Շադդայ, Էլոահ եւ նույնիսկ այս վերջինի հոգնակի տարբերակը՝ Էլոհիմ: Ես գնահատում եմ, իհարկե, Ստրուգացկիների սովետական հումորը եւ «եզովպոսյան լեզուն», բայց ավելի լավ կլիներ օգտագործել «Յահվեհ Էլոհիմովիչ» տարբերակը: Ընթերցողները միգուցե ձեռի հետ նաեւ հասկանային, թե ինչպիսի անհեթեթ աղբյուրներից են վերցված այդ անունները, միգուցե ուշադիր կարդային այդ «սուրբ» գիրքը եւ համոզվեին, որ եբրայական աստծո անվան տակ թաքցնված է ընդամենը մի նախանձ, քմահաճ, փոքրոգի արարած, մի արյունարբու մարդասպան ու ժողովուրդների դահիճ, մի դաժան ռասիստ, սադիստ ու չարագործ բռնակալ…

  4. Լավատես says:

    Եթե ինչ որ հրաշքով մեր ազգի լավագույն ներկայացուցիչները՝ սփյուռքն էլ ներառյալ, կազմակերպեն այսպես կոչված ստվերային կառավարություն, մենք փրկված ենք: Մեր խնդիրը՝ մեր ազգի վատագույն ներկայացուցիչներից կազմված իշխանությանն ու ընդդիմությանն այլընտրանք ստեղծելն է՝ լավագույն ներկայացուցիչներից իշխանություն եւ ընդդիմություն ստեղծելն է: Մեր լավագույն ներկայացուցիչների մեջ կան խիստ հակադիր մարտավարական հակասություններ, որը շատ լավ է որպես ապագա իշխանություն եւ ընդդիմություն, բայց մեր լավագույնների ազգային ռազմավարությունը պետք է լավագույններին միավորի շատ ավելի ուժեղ, քան ապազգային ռազմավարությունը միավորում է վատագույն ուժերին: Այնպես որ, մեր խնդիրը լավագույնների մեջ է եւ ոչ թե վատագույնների՝ վատագույններն ընդամենը նշաձող սահմանողն են եւ ինչքան բարձր այն սահմանեն, այնքան ավելի լավ լավագույնների համար՝ այնքան ավելի արժեքավոր կլինեն լավագույնների հաղթանակները: Ժողովուրդը սիրում է հաջողակներին, այնպես որ ժողովուրդը ընտրությունների ժամանակ լավագույնների կողմը կբռնի, եթե լավագույնները միավորվեն եւ հաղթանակների հաղթարշավ կազմակերպեն, դառնան օրինական իշխանություն եւ ընդդիմություն եւ շարունակեն իրենց հաշթարշավը օրինական կառավարման ժամանակ:

  5. Ջորդանո Գալիլյան says:

    Իսկ ու՞ր կորավ «ամենաբարի» եւ «ամենահանդուրժող» աստծուն՝ Յահվեհ Էլոհիմովիչին նվիրված իմ ձոներգությունը: Չլինի՞ ինչ որ մեկը նորից «վիրավորվել» է աստվածաշնչյան ակնհայտ փաստերից… 🙂

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031