Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը նախատեսվող բարձրացումից առնվազն գոնե երկու անգամ ավելի պետք է բարձրացներ կենսաթոշակները․ «Փաստ»

Օգոստոս 27,2022 09:50

Կառավարության՝ նախորդ շաբաթվա նիստում հայտարարվեց, որ սեպտեմբերի 1-ից կենսաթոշակների ու նպաստների չափերը կավելանան: Մասնավորապես, բազային կենսաթոշակը նախատեսում են բարձրացնել 3000, նվազագույն կենսաթոշակն ու նպաստները՝ 1900 դրամով: ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը «Փաստի» հետ զրույցում նախատեսվող բարձրացումները դիտարկում է նախ առկա գնաճի համատեքստում:

«Ընդհանուր առմամբ, շուրջ երկու տարի է՝ մեր տնտեսությունում աննախադեպ գնաճ կա, որի ֆոնին հատկապես ցածր եկամուտներ ունեցող խավը, այդ թվում՝ կենսաթոշակառուները, զգալիորեն ծանր վիճակում էին հայտնվել: Հիմա կառավարության կողմից կենսաթոշակների բարձրացումը, ըստ որի՝ միջին կենսաթոշակը մոտ 3100 դրամով կամ մոտ 7 տոկոսով ավելանալու է, բնական է, չի կարողանալու ծածկել գնաճի այն ազդեցությունը, որը վերջին 1,5-2 տարվա ընթացքում ունեցել ենք: Հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ կենսաթոշակառուները հատկապես պարենային ապրանքներ են սպառում, իսկ պարենի գծով գնաճը շատ ավելի բարձր է՝ մոտ 18-20 տոկոս: Հետևաբար, կառավարությունը նախատեսվող բարձրացումից առնվազն գոնե երկու անգամ ավելի պետք է բարձրացներ կենսաթոշակները, որ թոշակառուներն իրենց վրա գնաճի ազդեցությունը գոնե այդքան սուր չզգան: Հետևաբար, որևէ կերպ չենք կարող պնդել, որ այս քայլով կառավարությունը չեզոքացնում է գնաճի ազդեցությունը սոցիալապես խոցելի խավերի վրա»,-ասաց տնտեսագետը:

Նրա խոսքով, իհարկե, ինչ-որ իմաստով կմեղմվի իրավիճակը, որովհետև գործ ունենք այն խավի հետ, որի համար յուրաքանչյուր 100 դրամն իրականում էական նշանակություն ունի. «Այս իմաստով միջին կենսաթոշակի 3100 դրամ բարձրացումն ինչ-որ չափով խնդիր լուծում է, բայց չենք կարող ասել, որ այն լիարժեքորեն կչեզոքացնի գնաճի ազդեցությունն ու կնպաստի մարդկանց բարեկեցության բարձրացմանը»:

Ինչ վերաբերում է հատկապես կենսաթոշակներն ավելի մեծ չափով բարձրացնելու կառավարության հնարավորություններին, Կառլեն Խաչատրյանը նկատեց. «Ենթադրելի է, որ կառավարության համար սոցիալական խնդիրները պետք է առաջնային լինեն: Հետևաբար, թե՛ պետական բյուջեի ծախսերը պլանավորելիս, թե՛ առհասարակ այլ ազատ դրամային միջոցներ ունենալու պարագայում առաջնահերթ պետք է դիտարկվի հենց սոցիալապես խոցելի խավի համար ինչ-որ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը, մինչդեռ իրականում մենք տրամագծորեն հակառակ պատկերն ունենք: Եվ ասել, թե միջոցներ չկան, սխալ կլինի, որովհետև այդ միջոցները կան: Ավելին, մոտ 1-1,5 ամիս առաջ կառավարության նիստի ժամանակ քննարկվում էր այն փաստը, որ 2022 թ. առաջին կիսամյակում հարկային մուտքերի գերակատարում կա: Քննարկվում էր, թե ինչ ուղղությամբ են միջոցները ծախսվելու:

Ի վերջո, որոշվեց, որ 40 մլրդ դրամը պետք է դրվի կառավարության պահուստային ֆոնդում, որ կառավարությունն իր հայեցողությամբ տարբեր ծրագրեր իրականացնի: Մինչդեռ այդ 40 մլրդը կարելի էր ուղղել հենց սոցիալական ծրագրերին: Կամ՝ վերջին շրջանում շատ ենք խոսում, որ դրամի արժևորմամբ պայմանավորված՝ տնտեսության արտահանելի հատվածը բավականին ծանր պայմաններում է հայտնվել: Գուցե այդ գումարով կարելի էր այդ խավի խնդիրներն ինչոր չափով լուծել: Այսինքն, մեծ հաշվով, գումարի խնդիր այս պահին չկա: Եվ եթե դրան գումարենք նաև այն հանգամանքը, որ եղած ծրագրերի համար նախատեսված գումարները լիարժեքորեն չեն ծախսվում, ապա մեծ իմաստով կառավարությունն այս պահին փողի խնդիր չունի»:

Իսկ թե այս պայմաններում ինչո՞ւ է նման քաղաքականություն իրականացվում, տնտեսագետն այդ համատեքստում հիշեց մի քանի հայտարարություններ: «Համադրենք վերջին մի քանի տարվա ընթացքում պետական տարբեր պաշտոնյաների հայտարարությունները, կառավարության նիստերում մտքերի փոխանակման ժամանակ հնչեցված խոսքերը, ամենաբարձր պաշտոնյայի մակարդակով հնչեցված թեզերը: Խոսվում էր այն մասին, թե «աղքատությունը մարդկանց ուղեղի մեջ է», «մարդիկ կովը մորթում են, որ սոցիալապես խոցելի դառնան ու օժանդակություն ստանան»: Երբ պետական մակարդակով հենց նշված տրամաբանությամբ է սոցիալական քաղաքականություն իրականացվում ու սոցիալապես խոցելի խավի նկատմամբ նման վերաբերմունք ու նման մոտեցումներ կան, ըստ իս, այդքան էլ զարմանալի չէ, որ ստեղծված իրավիճակում պետության համար սոցիալապես խոցելի խավն առաջնային չէ և նույն բյուջետային ծախսերի պլանավորման ժամանակ առաջնահերթությունների շարքում չէ»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031