Քաղաքագետ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ Ադրբեջանն առաջիկայում ավելի սերտորեն ինտեգրվելու է ԵԱՏՄ-ի հետ։ Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետն անդրադառնալով Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի այսօր հյուրի կարգավիճակով ԵԱՏՄ երկրների վարչապետերի ընդլայնված նիստին մասնակցությանն, ասում է՝ ակնհայտ է, որ Ադրբեջանն առաջիկայում ավելի է սերտացնելու հարաբերությունները ԵԱՏՄ երկրների հետ․«Ադրբեջանի՝ ԵԱՏՄ-ին ինտեգրումը կարող է լինել տարբեր ձեւաչափերով՝ անդամակցություն,ԵԱՏՄ դիտորդի կարգավիճակ կամ ԵԱՏՄ-ի հետ ազատ առեւտրի պայմանագրի ստորագրմամբ եւ այլն»։
Ղրղըզստանի մայրաքաղաքում այս օրերին ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովն այսօր առաջին անգամ, հյուրի կարգավիճակով, մասնակցել է ԵԱՏՄ երկրների վարչապետերի ընդլայնված նիստին։
Ազատություն ռադիոկայանի փոխանցմամբ՝ Ասադովն ասել է՝ Ադրբեջանը գերազանց հարաբերություններ ունի ԵԱՏՄ անդամ գրեթե բոլոր պետությունների հետ․ «Տարածաշրջանում ի հայտ եկած նոր իրողությունները լավ հնարավորություններ են ստեղծում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, ինչպես նաև նոր տրանսպորտային և առևտրային ուղիների բացման համար»։
Կարդացեք նաև
Արմեն Վարդանյանը հիշեցնում է՝ 2015-16 թվականներին Ադրբեջանի իշխանություններին լրագրողները հարց էին տալիս՝ արդյոք Ադրբեջանը կարող է անդամակցել ԵԱՏՄ-ին, Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Մամեդյարովն ասել էր, որ իրենք կարող են եւ պատրաստ են անդամակցել, եթե լուծվի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը․«Իհարկե, Ղարաբաղի հարցի լուծում ասելով՝ իրենք նկատի ունեին հենց Լավրովյան պլանի իրագործումը։ Դրանից հետո ՀՀ-ի առաջ պայման դրեցին՝ Լավրովի պլանի իրագործում։ Չարվեց, պատերազմ սկսվեց։ Կարծում եմ՝ հիմա Ադրբեջանը պետք է պարտքը վերադարձնի Ռուսաստանին։ Ռուսաստանի չեզոքությունը, շատ դեպքերում Ադրբեջանի օգտին գործելը, հենց այնպես չի եղել։ Ադրբեջանը շատ բաներ է ստացել ՌԴ-ից։ Օրինակ՝ 5 միլիարդի զենքի վաճառքը։
Պատերազմի ժամանակ պարզվեց ՌԴ-ից Հայաստանին վաճառած զենքի որակը լավը չէր, պարզվեց ՀՀ-ի պատվիրած հակաօդային համակարգերից հինգը փչացած էր, եւ նման շատ բաներ դեռ կպարզվի։ Ակնհայտ է, որ Ռուսաստանն աջակցել է Ադրբեջանին Արցախի տարածքի զգալի մասը բռնազավթելու հարցում։ Չմոռանանք Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինն ինչպիսի ծառայություններ է մատուցել Ադրբեջանին։ Այսինքն, ՌԴ-ն գործարքի է գնացել Ադրբեջանի հետ եւ դրա դիմաց բաներ պիտի տա»։ Վարդանյանը նաեւ հիշեցնում է, որ տարեսկզբին ՌԴ վարչապետը Բաքու այցի ժամանակ էլ պարզ, բացահայտ առաջարկեց Ադրբեջանին դառնալ ԵԱՏՄ անդամ։
ՀՀ իշխանությունները դեռ չեն արձագանքում Ալի Ասադովի ԵԱՏՄ երկրների վարչապետերի ընդլայնված նիստին մասնակցությանը եւ Ադրբեջանի՝ ԵԱՏՄ-ին հնարավոր անդամակցությանը։ Այս առնչությամբ Վարդանյանն ասում է՝ եթե նման հարց դրվի, Հայաստանի իշխանությունները ստիպված համաձայնվելու են․«Որովհետեւ ՀՀ կախվածությունը ՌԴ-ից չափազանց մեծ է։ 20 օր առաջ էլ նոր պատերազմ սանձազերծվեց Արցախում, ռուս խաղաղապահները դիտորդի դերում էին։ Շատ խոցելի ենք, ռեսուրս չունենք դիմադրելու ՌԴ նման որոշումներին»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ