Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի խափանման միջոցի բողոքարկման նիստն էր: Այն քննվեց բանավոր ընթացակարգով՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ:
Միջնորդության մեջ ներկայացրել է Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը ներկայացրել է հետեւյալը. «Առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Մնացական Մարտիրոսյան) իր որոշմամբ թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, մասնավորապես՝ դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածով սահմանված՝ օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը, 18-րդ հոդվածով սահմանված՝ անձի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը, 16-րդ հոդվածով սահմանված՝ օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը, 116-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերը, 118-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ կետերը, 121-րդ հոդվածը, որոնք իրենց բնույթով էական են և հանդիսանում են դատական ակտը բեկանելու հիմք։ Ակնհայտ է, որ Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառված կալանքը հանդիսանում է պատիժ, որով դատարանն ապօրինի ապահովեց Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառված «ազատազրկման գործընթացի շարունակականությունը»:
Նիստում Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանն ասաց, որ Չալաբյանի առողջությունը կալանավայրում քայքայվել է. «Կալանավայր մտել է x խնդիրներով, հիմա դարձել է X+Y»:
Կարդացեք նաև
Չալաբյանն էլ ասաց. «Որոշումը երբ ստացանք դատարանի կողմից, բոլոր իրավաբանները, ովքեր հաղորդակցվում էին, ասում էին՝ ձեզ կալանավորելու հիմքերը բացակայում են: Առաջին ատյանի դատարանի որոշումը ընդամենը 4-5 էջ է, որը կազմվել է 2 ժամվա մեջ, այսինքն, պատրաստի որոշում է: Դատարանն այս որոշումը կազմած եկել է դատական նիստին եւ դատավորին բացարձակ չի հետաքրքրել ո՛չ մեղադրող կողմի փաստարկները, ո՛չ պաշտպանական կողմի փաստարկները: Նա պատրաստի որոշմամբ եկել է: Այս պատրաստի որոշման մեջ չկա հիմք կալանավորման, ոչ մի տեղ չկա պատճառաբանություն, չկա հղում փաստական հանգամանքների:
Միայն սուբյեկտիվ ենթադրություններ են, որ ես կարող եմ միջամտել ապացուցողական գործողություններին: Քրեական նոր օրենսգրքով՝ երկրորդ անգամ մարդուն կարող են կալանավորել միայն նոր հանգամանքների առկայության դեպքում: Դատավորը ոչ մի հանգամանք չի նշել, փոխարենը բերել է սուբյեկտիվ դատողություններ: Ստացվում է, որ կա քրեադատավարական օրենսգիրք, որը կիրառելի է բոլորի նկատմամբ, բայց կիրառելի չի Չալաբյանի նկատմամբ: Հղում չի անում, չի ասում՝ ինչով է սա բացառություն: Սա պարադոքսալ է, այսինքն, առաջին ատյանի դատավորն իր վրա վերցրել է ԱԺ-ի իրավասությունը»: Նա ասաց, որ իր ակնկալիքն այն է, որ Վերաքննիչը կիրառի ՀՀ Քրեադատավարական օրենսգրքի գործողությունը ու դրանով ՀՀ քաղաքացիներին ուղերձ կհղի, որ օրենքը կիրառելի է բոլորի նկատմամբ, ոչ թե առաջին ատյանի դատավորը 180 աստիճանով հակասական որոշում կայացնի:
Մեղադրող դատախազն ասաց, որ դեռեւս 2022-ի օգոստոսի 3-ին Չալաբյանի խափանման միջոցի քննարկման ժամանակ արտահայտել են իրենց դիրքորոշումը ու իրենց դիրքորոշումը չի փոխվել. «Մեղադրանքի կողմը գտնում է, որ Ավետիք Չալաբյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավը կամ անձնական երաշխավորությունը հնարավոր է ապահովել»:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 30-ին, ժամը 13-ին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ