Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի խափանման միջոցի բողոքարկման նիստն էր: Այն քննվեց բանավոր ընթացակարգով՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ:
Միջնորդության մեջ Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը ներկայացրել է հետեւյալը. «Առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Մնացական Մարտիրոսյան) իր որոշմամբ թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, մասնավորապես՝ դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածով սահմանված՝ օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը, 18-րդ հոդվածով սահմանված՝ անձի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը, 16-րդ հոդվածով սահմանված՝ օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը, 116-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերը, 118-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ կետերը, 121-րդ հոդվածը, որոնք իրենց բնույթով էական են և հանդիսանում են դատական ակտը բեկանելու հիմք։ Ակնհայտ է, որ Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառված կալանքը հանդիսանում է պատիժ, որով դատարանն ապօրինի ապահովեց Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառված «ազատազրկման գործընթացի շարունակականությունը»:
Կարդացեք նաև
Նիստի ժամանակ Չալաբյանի պաշտպանն ասաց, որ Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել ՔրՕր-ի 236 հոդվածի 2-րդ մասով, որի առավելագույն պատիժը նախատեսված է 3 տարի ազատազրկում. «Երեւի ՀՀ-ում չգտնվի մի անձ, որը մեղադրվի առավելագույնը 3 տարի ազատազրկման պատժատեսակով, ընդ որում, նախատեսված լինի պատիժ նաեւ տուգանք, հանրային աշխատանքներ, կարճաժամկետ ազատազրկում նախատեսված լինի եւ անձը 4 ամսից ավելի գտնվի կայանքի տակ»:
Պաշտպանի դիտարկմամբ՝ Ավետիք Չալաբյանի անձը բնութագրող տվյալները հաշվի չեն առնվել: Նա ունի 4 մանկահասակ երեխաներ՝ երեքն անչափահաս, մեկը՝ չափահաս, կա տեղեկանք նրա հիվանդության վերաբերյալ. «Չունենալով մեկ փաստ՝ ընդամենը միջին ծանրության մեղադրանքի հիմքով նա 4 ամիս գտնվում է կալանքի տակ: Թե՛ նախաքննության մարմնի, թե՛ մինչ այս պահը դատարանի կողմից խայտառակ քննություն է իրականացվել: Պահանջում ենք ազատել պարոն Չալաբյանին կալանքից, մյուս պահանջն է կիրառել անազատության հետ չկապված խափանման միջոց»:
Պաշտպան Վարազդատ Հարությունյանն էլ ասաց. «Հաշվի առնելով, որ չկար խափանման միջոց կիրառելու հիմք, օրինակ, փախուստը, մենք չգիտեինք՝ ո՞ր փաստի դեմ բերենք հակափաստարկ: Կարելի է ասել՝ մենք աչքերս փակ վիճակում մութ սենյակում փորձում էինք ինչ-որ առարկա որոնել, իսկ այդ առարկան Մնացական Մարտիրոսյանի գլխում եւ միայն նրա գլխում թաքնված հիմքն էր: Կալանքի հիմք որպես այդպիսին չի էլ քննարկվել, որ մենք կարողանայինք պատշաճ հակափաստարկ բերել»: Նա դիմեց դատավորին՝ ասելով, որ պատկերացնում է նրա աշխատանքի բարդությունը. «Դուք ունեք այս պահին մի դատական ակտ, որի մեջ մի նախադասությամբ կա՝ բարձր է հավանականությունը խոչընդոտման, այդ թվում՝ ապացուցողական գործողություններին միջամտելու: Հիմա դատարանը ինչպե՞ս հասկանա՝ Մնացական Մարտիրոսյանի գլխում այդ ի՞նչ երեւակայական պատճառաբանություններ էին, որ այդ պատճառաբանությունները նաեւ հիմք ընդունի, այս որոշման մեջ ներառի»:
Դատավորը հորդորեց դատավորների նկատմամբ այդպես չարտահայտվել, Վարազդատ Հարությունյանն էլ բացատրեց՝ դատական ակտը օդից չի ընկել իրենց ձեռքը, հենց այդ դատավորի կայացրած ակտն է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ