«Լույս» հիմնադրամի ավագ հետազոտող, արտաքին և անվտանգային հարցերով փորձագետ Դերենիկ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը.
Ինչպես և կանխատեսվում էր, Մեհրիբանի ծննդյան տարեդարձին ադրբեջանական զորքերը մտան Բերձոր, Աղավնո, Սուս․․․
2020թ-ի հունվարի 25-ին իր հերթական ասուլիսի ժամանակ Հայաստանի գործող վարչապետը սովորության համաձայն փնովում էր Արցախի հարցում նախորդ իշխանությունների թողած «բանակցային ժառանգությունը»՝ նշելով, թե երբ ուզի կարող է այն վերադարձնել բանակցային սեղան։ Մասնավորապես նա հղում էր տալիս մինչ այդ իշխանամետ լրատվամիջոցներից մեկում տպված մի հոդվածի, որտեղ մեջբերումներ էր արվում ենթադրաբար 2018թ-ի հունվարի 18-ին Կրակովում համանախագահների կողմից ներկայացված առաջարկից, որն, ի դեպ, նույնիսկ չի հանդիսացել բանակցային փաստաթուղթ(Տես՝ «Ո՞րն է Սերժ Սարգսյանի ժառանգությունը Ղարաբաղի հարցում»)։
Ինչևէ, վերջինս այս հոդվածը ներկայացնում էր որպես Սերժ Սարգսյանի թողած բանակցային ժառանգություն՝ նշելով․ «Եթե ձեզ կհավատացնեն, որ սա կորսված է, ձեզ խաբում են․․․ եթե կընդունեն Արցախի ժողովուրդը, Հայաստանի ժողովուրդը, որ սա է բանակցությունների ճիշտ բովանդակությունը, ես երաշխավորում եմ, որ նույն պահին սա կհայտնվի բանակցային սեղանի շուրջ, ոչ մի պրոբլեմ չենք ունենա, բացարձակ»։(Տես՝ կից տեսանյութում)»
Կարդացեք նաև
Մի կողմ դնենք, որ նույնիսկ այդ առաջարկը ներկայացված էր խեղաթյուրված, ոչ ամբողջական, որ այն չէր արժանացել կողմերի հավանությանը և այլն։ Ուղղակի համեմատենք «նախկինների» նույնիսկ ամենավատ գույներով և խեղաթյուրված ձևով ներկայացված բանակցային «ժառանգությունը» այսօրվա իրավիճակի հետ և փորձենք հասկանալ, թե արդյո՞ք մենք ուզում ենք շարունակաբար խաբված մնալ՝ տրվելով «ամեն ինչում նախկիններն են մեղավոր» կեղծ օրակարգին։
Այսպես, ի՞նչ ունենք այսօր
2020թ-ի 44-օրյա պատերազմից ի վեր Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել
– Արցախի շուրջ գտնվող 7 շրջանները՝ ներառյալ Լաչինի և Քելբաջարի շրջաններն ամբողջությամբ և բոլոր խոշոր քաղաքներով ու բնակավայրերով,
– բուն Արցախի(նախկին ԼՂԻՄ) Շուշիի և Հադրութի շրջանները, ինչպես նաև մի շարք ռազմավարական նշանակության բարձունքներ ու բնակավայրեր Արցախի մյուս շրջաններից,
– ավելի քան 40 հազար հեկտար ՀՀ ինքնիշխան տարածքից, Գորիս-Կապան ճանապարհը։
– Միաժամանակ ակտիվ շրջանառության մեջ է դրված այսպես կոչված «անկլավների» խնդիրը,
– իրագործման փուլում է գտնվում ՀՀ ինքնիշխան տարածքով դեպի Նախիջևան ադրբեջանցիների անխոչընդոտ անցուդարձի կազմակերպման հարցը(թուրք-ադրբեջանական տանդեմը շարունակում է պնդել միջանցքային տրամաբանությունը),
– Ադրբեջանը բացահայտ հրաժարվում է Արցախի ցանկացած կարգավիճակից,
– Արցախից դուրս են բերվել ՀՀ բոլոր զորամիավորումները,
– մամուլում շրջանառվում է Արցախի ՊԲ-ը լուծարելու և ծանր սպառազինության դուրսբերման հարցը, որը ոչ ոք չի շտապում հերքել։
– Փլուզվել է ԵԱՀԿ ՄԽ-ը և վերջինիս բանակցային ժառանգությունը հայտնվել է կորստի եզրին։
– Արցախի մնացած տարածքում ապրող ավելի քան 100 հազար հայության անվտանգության միակ երաշխիքի՝ խաղաղապահ առաքելության ավարտին մնացել է 3 տարի՝ առանց դրա երկարաձգման տեսանելի հեռանկարի։
– Պատերազմի հետևանքով ունենք մարդկային, տեխնիկական, բարոյա-հոգեբանական անդառնալի կորուստներ, մինչ այժմ Բաքվում պահվող գերիներ
– Հայ հասարակության շրջանում աստիճանաբար ամրապնդվում են պարտվողականության և անիրատեսական պացիֆիզմի տրամադրությունները։
Ի՞սկ ինչ էր իրենից ներկայացնում նախորդ իշխանության այսպես կոչված «բանակցային ժառանգությունը»։ Փորձենք բառացի մեջբերել գործող վարչապետի խոսքը վերոհիշյալ ասուլիսի ժամանակ․
«Էս վերջերս լրատվական միջոցներից մեկում հոդված տպվեց, որտեղ, ըստ էության, փաստաթղթից մեջբերում էր, թե Սերժ Սարգսյանը որ կետում է թողել Ղարաբաղի բանակցային գործընթացը և համենայն դեպս հերքումներ պաշտոնական նախորդ իշխանության ներկայացուցիչների կողմից չեղավ։ Եվ ես կարծում եմ, որ այդ փաստի վերաբերյալ մենք կարող ենք ֆիքսել, թե Սերժ Սարգսյանը ինչ ժառանգություն է թողել, ինչ է թողել սեղանին բովանդակային Ղարաբաղի հարցի վերաբերյալ։
▪︎Պարբերություն 1, մեջբերում եմ․ ԼՂՀ հակամարտության համապարփակ կարգավորման վերջնական նպատակներն են այնպես ինչպես նրանք կապված են միմյանց հետ, սա Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունն ա, 7 շրջանների /Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրալիի, Զանգելանի, Ղուբաթլիի, Քելբաջարի և Լաչինի/ վերադարձը Ադրբեջանին՝ պայմանով, որ պահպանվում է ԼՂ-ը Հայաստանին կապող միջանցքը։ Հաջորդ կետը․ կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում, ՄԱԿ-Ի ԿԱՄ ԵԱՀԿ ՀՈՎԱՆԻ ՆԵՐՔՈ, ԼՂ ՈՂՋ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ԱԶԱՏ ԿԱՄԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ, ԼՂ-Ի ՎԵՐՋՆԱԿԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՈՐՈՇՈՒՄԸ, ՈՐԸ ԿԼԻՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՌՈՒՄՈՎ ՊԱՐՏԱԴԻՐ և ԿՀԱՄԱՏԱՍԽԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՆՈՐՄԵՐԻ և ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻՆ՝ ՆԿԱՏԻ ՈՒՆԵՆԱԼՈՎ, ՈՐ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆԸ ԴՐՎԱԾ ՀԱՐՑԸ ԿԱՄ ՀԱՐՑԵՐԸ ՉՊԵՏՔ Է ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԵՆ և ԿԱՐՈՂ ԵՆ ՆԵՐԱՌԵԼ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԲՈԼՈՐ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ։ Տարածաշրջանում քաղաքական, առևտրային, տնտեսական և հումանիտար կապերի ամբողջական կարգավորում, դրացիական համագործակցության վերականգնում, Հարավային Կովկասի տարածաշրջանի ամբողջական կայունության ապահովում։
▪︎Պարբերություն 2․ վերաբնակները միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ լքելու են առաջին պարբերությունում նշված 5 ՇՐՋԱՆՆԵՐԻ տարածքները։ Ադրբեջանի քաղաքացիական իշխանությունները մտնելու են նշված տարածքները այն բանից հետո, երբ կտեղակայվեն խաղաղապահ միջազգային ուժերը և դուրս կհանեն այդ շրջաններում ներկայումս գտնվող զինված ուժերը։ ԽԱՂԱՊԱՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒԺԵՐԸ ԿՏԵՂԱԿԱՅՎԵՆ ՆԱԽԿԻՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԻՆՔՆԱՎԱՐ ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԵՐԿԱՅՆՔՈՎ։ ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ՝ ՔԵԼԲԱՋԱՐԻ և ԼԱՉԻՆԻ ՇՐՋԱՆԻ ՄԱՍ ԿԱԶՄՈՂ ՇՐՋԱՆԻ, ՔԵԼԲԱՋԱՐԻ ՇՐՋԱՆԸ ԿՄՆԱ ԵԱՀԿ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՄՇՏԱԿԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ՏԱԿ։
▪︎Պարբերություն 3․ միևնույն ժամանակ վերոնշյալ միջոցների ձեռնարկմանը զուգահեռ, մինչ վերջնական կարգավորման որոշումը, ԼՂ-Ը ՊԵՏՔ Է ՕԺՏՎԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՎ, որը կերաշխավորի նրա ամենօրյա կենսագործունեության կազմակերպումը։
Հիմա մեզ մեղադրում են, որ մենք էս ժառանգությունը կորցրել ենք։ Ես ուզում եմ ասել հետևյալը, որ պահին հենց էս նույն կետից ՀՀ-ն կուզենա շարունակել բանակցությունները, հենց էս նույն կետից, միջազգային հանրությունը ոչ մի պրոբլեմ չի ստեղծի»։
Իրականում, եթե ներկայացվեր բանակցային ժառանգության իրական և ամբողջական բովանդակությունը, պարզ կդառնար, որ հայկական կողմի դե ֆակտո վերահսկողության տակ էին մնալու Լաչինի և Քելբաջարի շրջաններն ամբողջությամբ ՝ ներառյալ բոլոր քաղաքներն ու բնակավայրերը, համենայն դեպս մինչև Արցախի կարգավիճակի վերջնական ամրագրումը։ Այս փաստը, ինչպես նաև այն իրողությունը, որ նախքան 2018թ-ի իշխանափոխությունը բանակցային գործընթացի տրամաբանությունը տանում էր Արցախի անկախության միջազգային ճանաչմանը, 44-օրյա պատերազմից առաջ և հետո ընդունել է նաև Ադրբեջանի նախագահը։
Առողջ դատողություն և տրամաբանություն ունեցող ցանկացած մեկը կարող է համեմատել վերոհիշյալը այսօրվա իրավիճակի հետ, և ակնհայտ կդառնա, որ իրեն բացահայտ մոլորեցրել են ու շարունակում են մոլորեցնել։
Այս համատեքստում առնվազն անլուրջ են իշխանամետ քարոզչական շրջանակների արդարացումները, թե իբր Բերձորից, Սուսից, Աղավնոյից հայկական զորքերի դուրսբերմանը զուգահեռ Ադրբեջանն էլ իր զորքերը ստիպված է դուրս բերել «նոր միջանցքի» շուրջը գտնվող այլ տարածքներից։ Ու ոչինչ, որ մենք թողել ենք մեկ քաղաք, և երկու համայնք, թերևս Արցախի ամենաբարեկարգ և գեղեցիկ համայնքներից մեկը՝ Աղավնոն, որն ամբողջությամբ և զրոյից կառուցվել էր նախորդ իշխանությունների պաշտոնավարման շրջանում, այսպես ասած դա էլ էր նախկինների թողած «ժառանգությունը»։ Անշուշտ, «ժառանգությունը» մսխելու առումով այս իշխանությունը մրցակցությունից դուրս է։
Միաժամանակ ներկայացնում են, թե իբր նոր ճանապարհը ավելի ապահով է, անվտանգ, բարեկարգ և այլն, երբ նույնիսկ նախապես իմանալով սպասվող փոփոխությունների մասին, չեն բարեհաճել գոնե կառուցել ու ասֆալտապատել այդ ճանապարհի ՀՀ տարածքում գտնվող հատվածը, մինչդեռ ամեն օր գլուխ են գովում ասենք Արմավիրի կամ Շիրակի մարզի որևէ փոքրիկ գյուղի ճանապարհի վերանորոգման համար։ Արդյունքում այսօր ադրբեջանական զորքերը փաստացի գտնվում են Աղավնոյում և Լաչինում, իսկ հայ բնակչությունը, առանց որևէ անվտանգային երաշխիքի, ստիպված է երթևեկել ադրբեջանցիների թշնամական հայացքի ներքո, իր ճակատագիրը թողնելով ադրբեջանցիների ողորմածությանը։
Ամեն ինչ շատ պարզ է, ունեցածի և ապիկար քաղաքականության արդյունքում կորցրածի տարբերությունը՝ ակնհայտ, միակ անպատասխան հարցը հետևյալն է․ մի՞թե նույնիսկ «հայի հետին խելքը» այլևս չի գործում։