Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես վստահ եմ, որ մեր հայրենակիցները գնահատելու են կատարված աշխատանքը, ու տեսնելու են, որ մեր խոսքը արժեք ունի». Մանե Թանդիլյան

Օգոստոս 26,2022 19:35

Aravot.am-ի հարցազրույցը՝ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի հետ.

-«Ապրելու երկիրը» Հայաստանի քաղաքական դաշտում հայտնվեց պատերազմից հետո՝ ամենածանր շրջանում, երբ գործող իշխանությունները պարտությունից հետո վերընտրվել էին, ներքաղաքական գզվռտոց էր, հասարակության բեւեռացվածություն, ատելության մթնոլորտ, ու այդ միջավայրում դուք եկաք ասելու, որ Հայաստանը կարող է դառնալ ապրելու երկիր, որտեղ մարդկանց երազանքները կատարվում են: Հիմա՞ էլ եք պնդում, որ Հայաստանը դեռ շանս ունի դառնալու ապրելու երկիր, ու այս մեկ տարվա ընթացքում քանի՞ քայլ ենք գնացել առաջ՝ դեպի երազանքների իրականացում:

-Հայաստանը շանս ունի, քանի դեռ այս երկրում ապրում են իրենց հայրենիքը անշահախնդիր սիրող նվիրյալներ, քանի դեռ այստեղից են սերում տաղանդաշատ հայ ժողովրդի զավակները ու քանի դեռ կա գեթ մեկ մարդ, ով չի հանձնվել։ Ես չեմ հանձնվել։

Ինչ վերաբերվում է քայլերին՝ 1.5 քայլ առաջ ենք գնացել նախատեսված 5-ից, չնայած որ մեկ տարում՝ մեկ քայլ դեպի երազանքների իրականացում կհամարվեր բավարար։   Անցած մեկ տարում մասնակցել ենք տեղական ինքնակառավարման ընտրություններին և իրականացրել իշխանության փոփոխություն երկու համայնքում՝ Նոյեմբերյան համայնքում ստանձնելով կառավարման պատասխանատվություն, իսկ Տաթև համայնքում՝ համատեղ կառավարում արտախորհրդարանական մեկ այլ ուժի հետ։

-Մեզ այս օրերին հավատացնում են, որ Հայաստանը մի օվկիանոսում է, որտեղ շնաձկներ են ու ամեն պահի կարող են հոշոտել մեզ, որ Հայաստանը գործոն չէ, մենք մեծ խաղի մաս ենք ու զուտ պիտի հետեւենք իրադարձություններին: Անգամ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանն էր ասում, որ ով էլ լինի Փաշինյանի փոխարեն, նրանք հլու-հնազանդ ընդունելու են այն լուծումը, ինչը փաթաթվելու է Հայաստանի վզին: Իսկ «Ապրելու երկիրը» մարդկանց ասում է, որ քաղաքական քայլերով կարող է երկիրը դուրս բերել տնտեսական, անվտանգային, ճգնաժամային իրավիճակից։ Այդ ո՞ր քաղաքական քայլերն են, որոնք կարող են բեկում մտցնել, իրավիճակ փոխել:

-Քաղաքական քայլերի ճիշտ հաջորդականությունը, համակարգված աշխատանքը, ռազմավարական մտածողությունը և մարտավարական ճկունությունը անհրաժեշտ նախապայման են, թեպետ ամենևին՝ ոչ բավարար։ Առանց տնտեսական հզորությունների և բազմաշերտ ու տեխնոլոգիապես հագեցված անվտանգային համակարգի՝ ճգնաժամային իրավիճակում հայտնվել բարդ չէ, իսկ դուրս գալը՝ շատ դժվար։ Դժվար, բայց հնարավոր։ Հնարավոր է, եթե դա ուղեկցվի պրոֆեսիոնալ և նվիրյալ կադրային քաղաքականությամբ՝ օգտագործելով ողջ ազգի ներուժը կուտակված Հայաստանում և սփյուռքում ՝ միասնության, փոխադարձ վստահության և պորֆեսիոնալիզմի վրա հիմնված, իսկ կոռուպցիայի և հովանավորչության նկատմամբ կիրառվի զրո հանդուրժողականության քաղաքականություն։ Իսկ այսօր, այն ինչ կատարվում է քաղաքականության մեջ՝ մի կողմից ամեն գնով իշխանություն պահելու և պետականության հաշվին յուրայինների դիրքերը ամրապնդելու, մյուս կողմից՝ սեփական կապիտալը և ազդեցությունը վերականգնելու, կռիվ է, որը որևէ աղերս չունի իրավիճակ փոխելու, առավել ևս՝ բեկում մտցնելու հետ։

Ներհայաստանյան քաղաքական դաշտում մի կարծրատիպ կա՝ եթե դու չես հայհոյում գործող իշխանություններին, չես ասում՝ դավաճան, կապիտուլյանտ, թալանչի եւ այլն, ուրեմն դու ընդդիմություն չես: Ձեր քաղաքական ուժը ոչ միայն չի հայհոյում, այլեւ չի մտնում խորհրդարանական բանավեճերի մեջ, արտախորհրդարանական առեւտրի, խորհրդակցությունների մեջ: Դրա փոխարեն համայնքներից եք սկսել, ինչո՞ւ, սահմանամերձ բնակավայրերի մարդիկ ավելի՞ շնորհակալ են, ավելի՞ շատ քվե են բերելու, քաղաքական դիվիդենտների առումով ինչքանո՞վ է արդարացված դա:

-Ավելի կարևոր են։ Ուղղակի ավելի կարևոր են մեզ համար բոլոր քաղաքական խանդավառանքներից և ինտրիգներից։ Համայնքներում ապրող մարդիկ են, որ պահում են մեր պետությունը, իսկ սահմանամերձում ապրողները՝ ուղիղ իմաստով։ Մեր կուսակցության առօրյան հագեցված է հենց այդ հոգսերով՝ դրանք թեթևացնելով, լուծելով։ Իսկ մարդիկ, ովքեր այդտեղ են ապրում, մեր ամբողջ գործունեության պատճառն են։ Հետևաբար, մեզ շատ ավելի քիչ է հետաքրքրում, թե ներհայաստանյան քաղաքական քարոզչամեքենան ինչ կարծրատիպեր է գեներացնում, որքան՝ մեր աշխատանքով և մեր ամենօրյա գործունեությամբ մեր սիրելի հայրենակիցներին հնարավորություն չթողնել ընկնել այդ թակարդը՝ մեզ հետ ուղիղ, անմիջական և ազնիվ շփումների միջոցով։ Ու, այո, շնորհակալ են, ես դա տեսնում եմ․․․

Կուսակցությունը դեռ նոր էր ստեղծվել, դեռ մարդիկ նոր-նոր էին ծանոթանում կուսակցության անվան, գաղափարակիցների հետ, ընդամենը մի քանի ամիս հետո մասնակցեց ՏԻՄ ընտրություններին ու կարճ ժամանակի համար կարելի է ասել լուրջ մարտահրավեր նետեց. 15 համայնքներում մասնակցելով ընտրություններին՝ ձեր ներկայացվածությունն ապահովեցիք 13-ում՝ Դիլիջան, Գյումրի, Վանաձոր, Արթիկ, Փարաքար, Հրազդան, Արարատ, Եղեգնաձոր, Ջերմուկ, Տեղ, Մեղրիում ունեք ավագանու անդամներ, Նոյեմբերյանում ստանձնեցիք կառավարման պատասխանատվություն, Տաթեւում՝ համատեղ կառավարում: Ո՞նց ստացվեց, որ մարդիկ հարյուր տարվա փորձած կուսակցություններին թողած՝ ձեզ ընտրեցին ու այս ընթացքում ինչքանո՞վ արդարացրեցիք ձեզ տված քվեն: Հիմա եթե հարցում անեն այդ համայնքներում, ի՞նչ եք կարծում, ձեզ էլի ձայն կտա՞ն, թե՞ ոչ:

-Մեզ ընտրեցին, որովհետև մարդիկ իմաստուն են, որովհետև գնահատում են ազնվությունն ու պրոֆեսիոնալիզմը։ Մարդիկ գիտեն, որ ատելությամբ և հայհոյանքով, զրպարտությամբ և տգիտությամբ չես կարող կառավարել, աշխատել և արդյունք ստեղծել։ Հետևաբար, օգտվեցին մեր կողմից ստեղծված ընտրության հնարավորությունից այդ համատարած ատելության մղձավանջից ազատվելու և իրենց համայնքներում պրոֆեսիոնալիզմի ու նվիրման դարաշրջան բացելու համար։ Ընտրություններից վեց ամիս անց մենք հանդես եկանք համայնքներում կատարած մեր աշխատանքների հաշվետվությամբ, որը պարբերական բնույթ կկրի։ Մարզային մեր այցելությունները նաև զուգորդվում են բնակիչների հետ շփումներով, ինչը մեզ հնարավորություն է տալիս  բարելավել մեր աշխատանքները։ Մենք հաճախ ենք ասում, որ մեր աշխատանքը պիտի մեր փոխարեն «քարոզարշավ անի» հաջորդ ընտրությունների ժամանակ, ու ջանք չենք խնայում, որ արդարացնենք մարդկանց վստահությունը։

ՏԻՄ ընտրություններից հետո որքան էլ մամուլում դրական արձագանքներ եղան, որ այս նորաստեղծ քաղաքական ուժը մի շարք համայնքներում իրոք տպավորիչ արդյունքներ գրանցեց, այնուամենայնիվ, չհասկացված մնաց Փարաքար համայնքում կուսակցության քայլը: Ձեզ ասում են, որ ջուրը գցեցիք ընտրողների հույսը: Ունեիք 10 մանդատ, որոշեցիք պարզապես վայր դնել մանդատները, թեպետ մեկ անգամ ընտրություն արել էին, եւ ձեր թեկնածուն ընտրվել էր համայնքապետ,հետո հայտարարեցիք, որ հաղթանակն ամրագրելու եք դատարանում, 2 շաբաթ անց մտքափոխվեցիք՝ մեկնաբանելով, թե համերաշխության ֆոնն եք պահում: Ստացվում է, որ «Ապրելու երկիրը» հրաժարվե՞ց պայքարից, հրաժարվե՞ց նաև մնալ թեկուզ ընդդիմություն, ներկայացավածություն ունենալ:

-Թյուր կարծիք է, թե մանդատները վայր են դրվել։ Հավանաբար, նկատի ունեք նիստերին չմասնակցելը, քանի որ խմբակցությունը վիճարկում է համայնքապետի ընտրության արդյունքները դատարանում։ Դատական վեճը ընթացքի մեջ է։
Ինչ վերաբերվում է մանդատներին, ապա այսօր էլ ունենք 10 մանդատ, ու մի բան էլ ավելին։ Բացատրեմ՝ ինչու։ Երբ մենք վիճարկեցինք համայնքապետի ընտրությունները և կառավարությունից պահանջեցինք համայնքում նոր ընտրություններ նշանակել, մեր ստորագրահավաքին միացան Փարաքար համայնքի ավելի շատ բնակիչ՝ մոտ 6 000, քան մենք ընտրությունների ընթացքում քվե էինք ստացել՝ մոտ 5 000: Հետևաբար, մեր գործողությունները Փարաքար համայնքում լիարժեքորեն վայելում են բնակչության վստահությունը և արտահայտում իրենց կամքը։

Սեպտեմբերի 25-ին Լոռու մարզի Գյուլագարակ, Լոռի Բերդ, Ալավերդի, Արագածոտնի մարզի Թալին, նաեւ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքներում կայանալիք ավագանու ընտրություններին դուք մասնակցելու եք: Նախ ի՞նչ ակնկալիքներ ունեք այս անգամ, ինչո՞ւ պետք է լոռեցիները, թալինցիները, չարենցավանցիները նույնպես վստահեն ձեզ:

-Սեպտեմբերի 25-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցում ենք 6 համայնքում՝ Ալավերդի, Գյուլագարակ, Լոռի Բերդ, Թալին, Չարենցավան, Սիսիան։ Այս ցուցանիշով նորից, ինչպես անցած տարի, հանդիսանում ենք ամենամեծ մասնակցություն ունեցող քաղաքական ուժը իշխող կուսակցությունից հետո՝ բարձրացնելով անցած տարի մեր իսկ սահմանած նշաձողը 35% մասնակցությամբ։ Սա նշանակում է, որ այս համայնքների բնակիչներ արդեն իսկ վստահել են մեզ, մեր թիմին՝ մեզ հետ առաջադրվելու և ընտրվելու ցանկություն հայտնելով։ Ինչ վերաբերվում է ընտրողներին, ապա մեզ վստահելու պատճառներ հիմա ավելի շատ կան․ բացի այն, որ ներկայացված թեկնածուները ազնիվ են, պարկեշտ և իրենց համայնքի նվիրյալներ են,  մենք նաև ներկայանալու ենք մեր կատարած աշխատանքով անցած տարվա արդյունքներով մեր կողմից կառավարվող համայնքներում։ Եվ մարդիկ տեսնելու են, թե ինչպես կարող է իրենց համայնքը ևս զարգանալ, ինչպիսի ներդրումներ կարող են լինել, երբ իրենք ընտրում են մեր կուսակցության կողմից առաջադրված թեկնածունեերին։ Մարդկանց պիտի կարողանանք ցույց տալ իրենց կյանքի որակի կապը ընտրությունների ժամանակ իրենց կատարած ընտրության հետ։ Եվ այդ ժամանակ նրանք որոշելու են վստահել մեզ։

-Երբ նայում ենք ՏԻՄ ընտրությունների ձեր ցուցակը գլխավորող թեկնածուների կենսագրությունը՝ գրադարանավարուհի, սոլֆեջիոյի ուսուցչուհի, իրավաբան…բոլորը իրենց ոլորտում կայացած, հետաքրքիր ու կրեատիվ մտքով մարդիկ են, բայց՝ երիտասարդ: Մարզերում դեռ խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքը նստվածք ունի ու որպես կանոն ընտրվում են նրանք, ովքեր մեծ բարեկամություն ունեն: Սա հաշվի առե՞լ եք ցուցակը կազմելիս, թե՞ այլ սկզբունքով եք առաջնորդվել:

-Թեկնածուների ընտրությունը մեզ համար պարզ նախապայման ունի․ նվիրում և պրոֆեսիոնալիզմ։ Այդ պահանջը բավարարելուց հետո ընտրում ենք լավագույններին, նրանց, ում մենք ինքներս կընտրեինք, եթե լինեինք այդ համայնքի բնակիչ։ Եվ մասնակցելու իմաստը հենց դա է․ ապահովել մեր հայրենակիցների համար ընտրության լավագույն հնարավորությունը։ Տարիքային սահմանափակում, բնականաբար, չունենք, բայց մենք գիտենք, թե ինչ ակնկալիք ունեք թեկնածուից․ նա պիտի պատրաստ լինի ծանրաբեռնվել ու աշխատել՝ ջանք ու եռանդ չխնայելով, լիարժեքորեն նվիրվելով իր առաքելությանը։ Այստեղից էլ բխում է բնական սելեկցիան։ Որևէ համայնքում  որևէ դեպքում չենք առաջնորդվել խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով, այլ բացառապես մեկ՝ արժանի լինելու, սկզբունքով։ Այս հովանավորչական դրսևորումները, ԽԾԲ ընտրությունները,  կործանել են մեր երկիրը։ Վերջապես մարդիկ պիտի գնահատվեն ըստ իրենց արժանիքների, և ընտրվեն դրանց համարժեք, այլ ոչ թե՝ ծանոթություններով։ Մենք մեծ սիրով ծանոթանում ենք արժանիների հետ, ու այդ պահից դառնում ծանոթներ ու թիմ։

Հիմա քաղաքական ուժերի մրցավազքում միջին վիճակագրական քաղաքացու համար դժվար է կողմնորոշվել՝ որ ուժի որ խոստմանը հավատալ, որովհետեւ նոր ատոմակայան բացելուց սկսած՝ մինչեւ եռանիշ տնտեսական աճ ապահովելու խոստումներ եղել են եւ չեն իրականացել: Ի՞նչ կարող է քաղաքացիներին խոստանալ «Ապրելու երկիրը», երբ օր օրի նոր տարածքներ են հանձնվում ու թվում է՝ անորոշ ու անկայուն է այն հողը, որի վրա կանգնած ենք:

-Արդյունք։ Աշխատանք և արդյունք։ Նվիրում, աշխատանք և արդյունք։ Սա է փոխելու այն միջավայրը, որում մենք ապրում ենք այսօր։ Սա է փոխակերպվելու նոր ատոմակայանի և տնտեսական աճի, թե կուզեք։ Ու դրանց չլինելու պատճառն էլ այսօր սրա բացակայությունն է։ Մենք մեկ տարվա կուսակցություն ենք, ու պատրաստվում ենք մարդկանց հետ խոսել նախորդ ընդամենը մի քանի ամիսների  ընթացքում տեղական ինքնակառավարման մակարդակում արձանագրված արդյունքներով՝ տրանսպորտային գծեր Տաթևում և Նոյեմբերյանում՝ 30 տարվա ընդմիջումից հետո, նորաոճ քաղաքային այգի, 200 մլն դրամը գերազանցող ներդրումներ համայնքներում ծրագրերի համար, միջոցառումներ համայնքներում՝ ապրելու միջավայր ստեղծելու և պահպանելու համար։ Ես վստահ եմ, որ մեր հայրենակիցները գնահատելու են կատարված աշխատանքը, ու տեսնելու են, որ մեր խոսքը արժեք ունի։

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031