ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել. «Այս օրերին, երբ Հայաստանի Հանրապետությունն ու Արցախի Հանրապետությունը անվտանգային լրջագույն մարտահրավերների են դիմագրավում, երբ աշխարհաքաղաքական զարգացումներն ու տարածաշրջանային լարվածությունն ամեն պահի լի են նոր, անկանխատեսելի սպառնալիքներով, երկրի անվտանգությունն ամրապնդելու, ՀՀ Զինված ուժերը վերակազմավորելու, համակարգային բարեփոխումներ իրականացնելու, Հայոց բանակի և հայ ժողովրդի մարտական ոգին վերականգնելու փոխարեն, Հայաստանի իշխանությունները շարունակում են հերթական նախաձեռնությամբ փոշիացնել եղած ներուժը։
Իշխանությունների կողմից հանրային քննարկման ներկայացված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը հեռուն գնացող ծանր հարված է երկրի անվտանգային միասնական համակարգին, հանրային համերաշխությանը, Հայրենիքի նկատմամբ համաժողովրդական նվիրվածությանն ու մեզ համար կենսական «Ազգ-բանակ» գաղափարին։
Իրականում սա մեր մեծագույն ձեռքբերումներից մեկի՝ Արցախյան ազատամարտով, հազարավոր հայ նվիրյալների կյանքի և համազգային նվիրումի գնով կյանքի կոչված՝ համաժողովրդական Բանակի գաղափարի մերժումն է, մեր պետականության հեռանկարը կասկածի դնող քայլ։
Ըստ էության, խոշոր գումարի դիմաց վերացվում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված պարտադիր զինվորական ծառայության համակարգը, է՛լ ավելի թուլացնելով 44-օրյա պատերազմին հաջորդած հանրային և պետական դիմադրողականությունը։ Մեր ազգային և պետական շահերին հակասող սույն հակասահմանադրական նախագծով իշխանությունները խորացնելու են ներազգային պառակտումն ու սոցիալական բևեռվածությունը, երկրում ձևավորելով ոչ հավասար իրավունքներով և պարտականություններով հանրային շերտեր։
Կարդացեք նաև
Արձանարգելով, որ փաստարկված ներկայացրել ենք եւ շարունակելու են բարձրաձայնել այս նախաձեռնության վտանգավորությունը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը վերահաստատում է իր աներկբա վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության անվտանգության գլխավոր երաշխավոր ՀՀ զինված ուժերի համաժողովրդական, բոլորի համար պարտադիր զինապարտությամբ համակարգի պահպանման հարցում։
Կոչ ենք անում հանրային լայն շրջանակներին, մեր ողջ հասարակությանը ընդդիմանալ երկիրը հետևողականորեն կազմաքանդման տանող այս իշխանություններին, նրանց ապազգային նախաձեռնություններին, թույլ չտալ երկիրը զրկել պաշտպանության, իսկ նրա քաղաքացիներին սեփական Հայրենիքում արժանապատիվ, անվտանգ և խաղաղ ապրելու հեռանկարից։
Միասին կարո՛ղ ենք»։