Լրահոս
Օրվա լրահոսը

Կարելի չէ յապաղիլ. 24-ժամեայ միջոցառում Գլենդելում ՀՀ գլխաւոր հիւպատոսութեան առջև

Օգոստոս 26,2022 17:07

Օրակարգ-Գլենդել. Լոսանջելըսահայութեան ներկայացուցիչները 24-ժամեայ միջոցառում կազմակերպելով Գլենդելում ՀՀ գլխաւոր հիւպատոսութեան շէնքի դիմաց դատապարտեցին Բերձորը, Աղաւնոն ու Սուսը հայաթափելու եւ թշնամուն նուիրելու Հայաստանի գործող իշխանութիւնների վերջին դաւաճանութիւնը:

ՀՅԴ ԱՄՆ Արևմտեան շրջանի Կենտրոնական Կոմիտէի եւ Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան արևմտեան շրջանի կազմակերպուած միջոցառումը մեկնարկեց չորեքշաբթի օգոստոսի 24-ի երեկոյեան:
Միջոցառման սկզբում բացման խօսքով հանդէս եկաւ Կենտրոնական Կոմիտէի քարտուղար Լաուրա Յակոբեանը, որը ներկայացրեց միջոցառման կազմակերպման նպատակն ու դրդապատճառները:

Այնուհետեւ Կենտրոնական Կոմիտէի ատենապետ Տարօն Տէր Խաչատուրեանն ներկայացրեց հաւաքի նպատակն ու օրուայ պատգամը:

Տարօն Տէր Խաչատուրեանն նախ ներկայացրեց Հայաշխարհի ներկայ քաղաքական իրավիճակը և բացատրեց թէ ինչպէս ազգային և ապազգային թեւերի բախումը կը շարունակուի ինչպէս ամենուր այնպէս էլ մեր ժողովրդի մէջ: Այդ կապակցութեամբ պատմական օրինակներ ներկայացրեց Մայիս 28ից մինչ Արցախի 91-94 ազատագրական պայքարի օրերը, Կարսի անհասկնալի անկումից 1920-ին, Արցախ պատերազմից և այժմ Բերձերի, Աղաւնոյի և Սուսի կորստից, հայաթափումից ու յանձնումից: Նրա գնահատմամբ այժմ ապազգային թեւը զօրանալով դիմած է դաւադրութեան ընդմիշտ խորտակելու Հայ ազգային թեւը և սա նոր երևոյթ չէ ու սկսել է ԼՏՊ օրերից: նա յայտարարեց, որ այսօր ապազգային թեւը համահունչ քայլ է պահում նաև Թուրքիոյ հետ: նա ապա անդրադարձաւ այն շինծու մեղադրանքները որոնք ուղղուած մեր հանդէպ բացատրելով, որ մենք ծայրայեղ ու այլամերժ ազգայնականներ չենք, ոչ ալ ռազմատենչ արարածներ ենք: Մենք ունենք անլոյծ դատ որ իր տեսակի մէջ միակն է աշխարհի վրայ: «Ռազմատենչ չենք այլ իրաւատէր, ծայրայեղ չենք այլ ենք հաւասարակշռուած, ազգայնամոլ չենք այլ ազգայնական, այլամերժ չենք այլ պահանջատէր մեր արդար իրաւիխնքների»-յայտարարեց նա: « մեր պահանջը Արցախի ինքնորոշման իրաւունքն է, Հայաստանն իր դրացիներու հետ ներդաշնակ և արժանապատիւ յարաբերութիւններով Հզօր ու անխոցելի երկիր դառնալն է, Ցեղասպանութեան արդար հատուցումն ու Սփիւռք-Հայաստան-Արցախ ուժեղ միասնականութիւնն է»- եզրակացրեց նա

Իր խօսքի վերջաւորութեան ՀՅԴ Կենտրոնական Կոմիտէի ներկայացուցիչը ընթերցեց համայնքում գործող քաղաքական, հասարակական ու կրօնական կառոյցներին ուղղուած կոչը: որը կը ներկայացնենք առանձին:

Ծրագրի յաջորդ բաժնում ներկաները դիտեցին «Հայկական նախագծի» համահիմնադիրներ քաղաքագէտ Էդգար Էլբակեանի, արեւելագէտ Վարուժան Գեղամեանի, քաղտնտեսագէտ Հրանտ Միքաէյլեանի եւ արեւելագէտ Սերգէյ Մելքոնեանի տեսակապի միջոցով միջոցառման մասնակիցներին յղած ուղերձը:

Միջոցառումը շարունակուեց քաղաքական վերլուծաբան, հասարակական գործիչ Ռոբերտ Մարգարեանի ելոյթով, որտեղ անդրադարձ եղաւ Բերձորն ու Աղաւնոն յանձնելու վտանգաւոր հետեւանքներին:

Բանախօսը նշեց, որ օրուայ միջոցառումը հետապնդում է երեք հիմնական նպատակ: Դատապարտել Հայաստանի գործող իշխանութիւնների զիջողական ընթացքն ու թշնամու դիմաց որդեգրած պարտուողական դիրքորոշումը եւ Հայաստանի իշխանութիւններին յղել այն յստակ ուղերձը, որ հայկական պատմական տարածքներից կատարուող զիջումներն ընդունելի չեն ու չեն լինելու Սփիւռքի համար եւ Սփիւռքն այս հարցում ունի իր խօսքը եւ դա ամէն գնով բարձրաձայնելու է:

Միջոցառման միւս նպատակն է Հայաստանում գործող իշխանութիւնների դէմ պայքարի դուրս եկած մեր հայրենակիցներին յղել Սփիւռքի աջակցութեան ուղերձը եւ ասել, որ այս պայքարում նրանք միայնակ չեն եւ Սփիւռքը կանգնած է նրանց թիկունքին:

Բանախօսը յաւելեց, որ Լոս Անջելեսում ՀՀ գլխաւոր հիւպատոսութեան դիմաց համախմբուած լոսանջելըսահայերը եկել են նաեւ ապացուցելու, որ ապարդիւն ու անօգուտ են Սփիւռքին տարբեր միջոցներով շանտաժի ենթարկելու եւ նրա մօտ վախի ու սարսափի մթնոլորտ ստեղծելու իշխանութիւնների քայլերն, այդ թւում նման միջոցառումների մասնակիցների մուտքը Հայաստան արգելելը: Նա կարեւորութեամբ նշեց, որ նման արգելքները գործելու են մինչեւ այնքան ժամանակ, երբ Նիկոլ Փաշինեանն ու նրա թիմակիցները կլինեն իշխանութեան ղեկին, իսկ նրանց իշխանութեանը շատ կարճ ժամանակ է մնացել: Երբ նրանք յայտնուեն պատմութեան աղբարկղում, մենք հպարտութեամբ ու բաց ճակատով ոտք կդնենք մեր հայրենի հողի վրայ, իսկ պատմութիւնը նրանց յիշելու է ամօթով:

Միջոցառման ընթացքում հեռարձակուեցին Արցախի առաջին գոյամարտից տեսարաններ, իսկ դրա աւարտին յայտարարուեց, որ 24-ժամեայ ակցիան շարունակուելու է հիւպատոսութեան շէնքի դիմաց նստացոյցով:

Ամբողջ գիշեր Գլենդելում Հայաստանի գլխաւոր հիւպատոսութեան շէնքի դիմաց նստացոյցի մասնակցած ՀՅԴ երիտասարդական կառոյցի անդամները յաջորդ առաւօտեան իրար շղթայելով ձեռքերը փակեցին Հայաստանի գլխաւոր Հիւպատոսութեան շէնքի մուտքերը, որի արդիւնքում հիւպատոսութեան աշխատակիցները ոստիկանութեան ուժերի միջամտութեամբ որոշ ուշացումով կարողացան հիւպատոսութեան շէնք մուտք գործել:

Նստացոյցի մասնակիցների ակցիայի պատճառով Լոս Անջելեսում Հայաստանի գլխաւոր հիւպատոսութեան պաշտօնական աշխատանքն ու ծառայութիւնների մատուցում սկսուեց որոշակի ուշացումով:

Այդ ընթացքում միջոցառման մասնակիցները թէ հիւպատոսութեան աշխատակիցներին եւ թէ ծառայութիւններ ստանալու համար հիւպատոսութիւն դիմող հայ հայրենակիցներին բացատրեցին ակցիայի նպատակը եւ այսօրուայ իշխանութիւնների կողմից Հայաստանի ու Արցախի գոյութեանն ուղղուած վտանգը, ինչը երկրորդուեց աշխատակիցների ու դիմողների մեծամասնութեան կողմից:

Յիշեցնենք, որ բողոքի 24-ժամեայ միջոցառումը կազմակերպուել էր օգոստոսի 24-ին եւ 25-ին, երբ տարածուած լուրերի համաձայն իր աւարտին էր հասնելու Բերձորի ու Աղաւնոյի հայաթափելու ու դրանց վերջնականապէս թշնամուն յանձնելու դաւաճանական գործընթացը:
ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ-ԿՈՉ

Սիրելի հայրենակիցներ,

Կարծէք չէր բաւեր 44օրեայ պատերազմի արհաւիրքը՝ հայրենի հողի ու մարդկային անչափելի կորուստներով, 2020ի Նոյեմբեր 9ի տխրահռչակ յայտարարութենէն վերջ եւս շարունակուեցան զիջումները՝ թշնամի Ատրպէյճանին։

Հայաստանի այս իշխանութիւններուն վարած դաւաճանական քաղաքականութեան հետեւանքով, թշնամին ներխուժեց նոյնինքն Հայաստանի Հանրապետութեան տարածք, իր զինեալ հակաշռին տակ առնելով Գորիս-Կապան ճամբու 21 քիլոմեթրնոց հատուածը, Իշխանասարի բարձունքները, Սեւ լիճին մեծ մասը, ինչպէս նաեւ ռազմավարական նշանակութիւ ունեցող այլ կէտեր։

Այս բոլորը կարծէք չէին բաւեր, իշխանութիւնները, Ազգային անվտանգութեան քարտուղարին բերնով յայտարարեցին, թէ Արցախի Հանրապետութենէն դուրս պիտի բերեն հայկական զինեալ ուժերը, կամ՝ ինչ որ մնացած էին։ Այս ուղղութեամբ ալ անոնք քանի մը օր առաջ, գիշեր ատեն, հապճեպօրէն Արցախէն Երեւան բերին ՀՀ բանակի զինուորներ։

Փաստօրէն, այս իշխանութիւնները որոշած են Արցախը յանձնել թշնամիին ողորմածութեան։ Այն Արցախին, որուն ազատագրումին համար մեր ժողովուրդը տուաւ աւելի քան 10 հազար նահատակներ եւ այդ ազատագրուած հողին վրայ հիմնեց անկախ պետականութիւն, յարգելով խորհրդային եւ միջազգային օրէնքներու բոլոր տրամադրութիւնները։

Արեւմտեան Ամերիկայի հայութիւնը անմասն չմնաց այս պայքարէն, թէ՛ մարդուժով եւ թէ՛ նիւթապէս, երբ 1993ին եւ 94ին կազմակերպեց յատուկ թելեթոններ, որոնք աննախընթաց էին իրենց բնոյթով եւ արդիւնքներով։

Իսկ այսօր, մեր երկրի իշխանութիւնները որոշած են Արցախը վերստին յանձնել թշնամիին, անարգելով թէ՛ մեր արդար իրաւունքները եւ թէ՛ մեր նահատակներուն արիւնը։

Անհրաժեշտ է, որ ամերիկահայութիւնը իր վճռական խօսքը ըսէ այս ազգադաւ քաղաքականութեան նկատմամբ եւ ցոյց տայ նաե՛ւ մեր թշնամիին, որ մենք տէրն ենք մեր հայրենիքին։

Առ այս, կոչ կ՚ուղղենք շրջանէս ներս գործող քաղաքական, կրօնական, բարեսիրական եւ հանրային բոլոր կազմակերպութիւններուն, որպէսզի միանան մեր այս կոչին, միասնակամ կերպով արտայայտելու համար մեր վճռական կեցուածքը։

Կարելի չէ յապաղիլ։ Կարելի չէ ձգձգել հայրենիքի պաշտպանութեան գործը։ Վաղը կրնայ ուշ ըլլալ։

Հ.Յ.Դաշնակցութեան Արեւմտեան ԱՄՆի

Կեդրոնական Կոմիտէ

Օգոստոս 24, 2022

Լոս Անճելըս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031