Մեկ տարի առաջ՝ 2021 թվականի օգոստոսի 25-ին Ազգային ժողովում կառավարության ծրագրի ներկայացման և հարցուպատասխանի ժամանակ իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև տեղի ունեցան բախումներ, ծեծկռտուք, որոնք ուղեկցվեցին նաև լրագրողների հանդեպ բռնությամբ, նրանց մասնագիտական գործունեության խոչընդոտմամբ։
«Իրազեկ քաղաքացիների միավորումը», արձագանքելով անընդունելի և հակաժողովրդավարական միջադեպերին, սկսել էր դատական գործընթաց՝ տեղի ունեցածի վերաբերյալ իրավական գնահատական ստանալու նպատակով:
ԻՔՄ-ն, մասնավորապես, հաղորդում էր ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ պատգամավորներին ծեծի ենթարկելու և լրագրողների աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ, ինչպես նաև դիմել էր Վարչական դատարան՝ վիճարկելու Ազգային ժողովի խորհրդի և Ազգային ժողովի նախագահի այն որոշումները, որոնք վերաբերում էին ԱԺ շենքում լրագրողների աշխատանքի սահմանափակումներին:
Այդուհանդերձ, դատախազություն ուղարկված ԻՔՄ հաղորդումների հիման վրա քրեական գործ այդպես էլ չհարուցվեց` ընդամենը մեկ շահագրգռված անձի՝ ԱԱԾ աշխատակցի բացատրության հիման վրա, իսկ դատարան բողոքարկելուց հետո տարակուսելի պատրվակով դատարանը մերժեց մեր բողոքը: Այլ կերպ ասած, Հայաստանի դատաիրավական համակարգը կտրականապես հրաժարվեց պատշաճ քննություն կատարել զանգվածային բռնության և լրագրողների մասնագիտական գործունեության ակնհայտ ոտնահարման այս դեպքերով:
Կարդացեք նաև
Վարչական դատարանը, իր հերթին, անփոփոխ թողեց ԱԺ խորհրդի և ԱԺ նախագահի վերոհիշյալ որոշումները` պատճառաբանելով, որ դրանք նորմատիվ կամ վարչական ակտ չեն, այլ` լոկալ (գերատեսչական) ակտ են և չեն կարող հասարակական կազմակերպության կողմից վիճարկվել դատարանում: Մինչդեռ, իրականում, նշված որոշումները վերաբերելի են անորոշ թվով անձանց իրավունքներին ու ազատություններին և ունեն համապարտադիր նշանակություն։ Նշված ակտերի կայացումը վերագրել իրավապահ մարմինների և դատարանների չիմացությանը չենք կարող` հարգելով վերջիններիս մասնագիտական բարձր մակարդակը։
Ցավով պետք է արձանագրել, որ հաշվի առնելով դրանից հետո և առաջ տարբեր առիթներով իրավապահ մարմինների և դատարանների գործողությունները, ողջամիտ կասկածներ են առաջանում Հայաստանում ընտրովի արդարադատության իրականացման վերաբերյալ:
Իրազեկ քաղաքացիների միավորում