«Արմենպրես». ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն ունի միջազգային մանդատ՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորմանը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը՝ մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի նշանակման լուրին Բաքվի արձագանքը:
«Այդ մանդատը ոչ ոք չի չեղարկել»,- հավելեց Հունանյանը:
Օգոստոսի 25-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը հայտնել էր, որ Ֆիլիպ Ռիքերը նշանակվել է Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն այդ լուրին արձագանքել էր անհեթեթ հայտարարությամբ, թե «․․․գրեթե չգործող Մինսկի խմբին վերակենդանացնելու փորձերը կարող են հանգեցնել Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացից ԱՄՆ–ի հեռացման»։ Ադրբեջանի ԱԳՆ–ից հայտարարել էին նաև, թե «ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված է»՝ հավելելով, որ հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը ԼՂ հարցի հետ կապելը «որևէ կերպով չի նպաստի այդ հարաբերությունների կարգավորմանը»։
Կարդացեք նաև
ԱՄՆ պետդեպարտամենտն օգոստոսի 26-ին պատասխանել է Ադրբեջանի ԱԳՆ–ի հայտարարությանը: Գլոբալ հանրային կապերի գրասենյակի (Bureau of Global Public Affairs) փոխխոսնակ Վեդանթ Պանտելը նշել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ֆիլիպ Ռիքերին «Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական է նշանակել՝ ընդգծելու ԱՄՆ–ի հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում։ «Որպես երկիր՝ մենք հանձնառու ենք դյուրացնելու ուղիղ երկխոսությունը Ադրբեջանի և Հայաստանի հետ երկկողմ, բազմակողմ մակարդակներում, ինչպես նաև համախոհ գործընկերների հետ համագործակցության միջոցով՝ հասնելու երկու երկրների միջև համապարփակ խաղաղ կարգավորման»,- նշել է նա։
Պանտելը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ այսուհետ դեսպան Ռիքերը ներկայացնելու է ԱՄՆ–ն թե՛ Մինսկի խմբում, թե Ժնևի միջազգային բանակցություններում։