Լրահոս
Օրվա լրահոսը

«Աստղադիտակի ներսի հատված մուտքն արգելված է լինելու». Sensor փառատոնի կազմակերպիչ

Օգոստոս 26,2022 16:35

Սեպտեմբերի 10-12-ը Օրգովում գտնվող Պարիս Հերունու աստղադիտարանի տարածքում կանցկացվի Sensor երաժշտության և ժամանակակից արվեստի միջազգային փառատոնը: Փառատոնին ընդառաջ լրագրողական այց էր կազմակերպվել տարածք:

Կազմակերպիչները տեղեկացրին, որ նախատեսված է արվեստի ծավալուն ծրագիր, որին մասնակցելու են աշխարհահռչակ մեդիա արտիստներ։ Աստղադիտարանի կենտրոնական օբյեկտը 54 մետրանոց ռադիոօպտիկական աստղադիտակն է՝ միջոցառման խորհրդանիշը եւ լազերային մեդիա ինստալյացիոն հարթակը, երաժշտական բեմերը տեղակայված են աստղադիտակի հարակից տարածքներում։

Sensor փառատոնի համակազմակերպիչ Նատաշա Աբելը լրագրողների հետ զրույցում ասաց, որ երազում էին նման տարածքում նման փառատոն իրականացնելու մասին, ընդգծեց, որ խստորեն պահելու են ձեռք բերված պայմանավորվածությունները, եւ աստղադիտակի ներսի հատված մուտքն արգելված է լինելու:

Լրագրողներին նաեւ տեղեկացրին, որ միջազգային փառատոնի կազմակերպման և անցկացման նպատակով «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության և «Արմատ քոմմյունիթի ժամանակակից արվեստ» հասարակական կազմակերպության միջև կնքվել է թույլտվության պայմանագիր, համաձայն որի՝ «Արմատ քոմյունիթի ժամանակակից արվեստ» հասարակական կազմակերպությունն իրավունք է ստանում 2022թ.-ի սեպտեմբերի 5-ից 15-ն ընկած ժամանակահատվածում ժամանակավոր, անհատույց տիրապետել և օգտագործել «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Արագածի գիտական կենտրոնի անշարժ գույքի որոշակի մասը։

Ըստ պայմանագրի, արգելվում է փառատոնի մասնակիցներին և «Արմատ քոմմյունիթի ժամանակակից արվեստ» ՀԿ աշխատակիցներին մտնել կամ օգտագործել այն տարածքները, որոնք ներառված չեն միջոցառման անցկացման համար դիտարկված հատակագծի մեջ՝ մասնավորապես ՌՕԴ-54/2.6 ռադիոաստղադիտակի և նրան հարող հարավային թունելի հատվածը, ինչպես նաև՝ ազգային չափանմուշների համար նախատեսված շինությունները»։

«Արմատ Քոմյունիթի ժամանակակից արվեստ» ՀԿ հիմնադիր-նախագահ Լևոն Հունանյանն ասաց, որ տարբեր ժամանակահատվածներում եկել են, ուսումնասիրել, հետազոտել տարածքը, ու հասկացել, որ հնարավոր է այստեղ իրականացնել փառատոն: «Մենք ապահովելու ենք ինչպես տարածքի կարևոր նշանակության օբյեկտների անվնաս մնալը, այնպես էլ մարդկանց անվտանգությունը: Այստեղ կլինեն հսկիչներ, որոնք մարդկանց տեղաշարժին կհետևեն, մենք համագործակցում ենք ԱԻՆ-ի հետ, փառատոնի օրերին կլինեն փրկարարներ, հրշեջներ, բուժաշխատողներ և լեռնագնացներ: Այս օրերին ընթացքում վերանորոգվել են կառույցների տանիքները, աստիճանները, ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներն էլ իրականացվում են «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ-ի հետ քննարկման արդյունքում: Մենք մի քանի օրվա համար ստեղծում ենք միջավայր, մաքրում ենք տարածքը, վերանորոգում սենյակները, սալիկապատում, և դրանով իսկ ստեղծում ավելի լավ պայմաններ, որ գիտությամբ զբաղվող մարդիկ ցանկության դեպքում այստեղ կարողանան իրենք իրենց գործն անել»,-ասաց նա:

Կազմակերպիչները նախատեսել են 3500 մարդու այց, իսկ միջոցառման չորս երաժշտական բեմերում կհյուրընկալվեն Ավստրիայից, Հայաստանից, Բելգիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Հունաստանից, Վրաստանից, Իսրայելից, Իտալիայից, Նիդերլանդներից, Ռուսաստանից, Ռումինիայից, ԱՄՆ-ից, Թայվանից, Ֆրանսիայից, Շվեդիայից, Ճապոնիայից ժամանած ավելի քան 80 արտիստներ: Sensor-ի արվեստի ծրագրի աստղերը՝ ավստրիացի նկարիչ Պիտեր Կուտինը, իտալացի նկարիչ Ֆրանչեսկո Տոսինին և ավստրալացի նկարիչ Թոնի Բաքը փառատոնի հանդիսատեսի համար եզակի օբյեկտներ և ինստալյացիաներ են պատրաստում։

Փառատոնի արտ պատկերասրահի ստեղծման գործում էլ ներգրավված են Armenia Art Basis պլատֆորմի մի խումբ արվեստագետներ: Տարբեր ժանրերի արտիստներ Արտեմ Ստեֆանովը,Վտոլը, Բորոգազը, Օլեգ Գլուշկովը կցուցադրեն իրենց աշխատանքները՝ սթրիթ արտից մինչև թատերական ներկայացումներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031