«Դրանք ճանապարհների նախաբացումն են։ Բայց մի բան կուզեի զգուշացնել ՀՀ իշխանությանը։ Դուք կարող եք սահմանը բացել՝ Ադրբեջանի ավտոմոբիլային փոխադրումների համար։ Բայց Ադրբեջանը կարող է ձեր մեքենաներին ներս չթողնել իր տարածք։ Ուստի եթե երկուստեք ճանապարհները բացելու խնդիր կա, ապա համապատասխան պայմանագրում միաժամանակ պետք է դա ամրագրվի»,-«Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ԳԱԱ պատվավոր դոկտոր, քարտեզագիր Ռուբեն Գալիչյանը։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ տարածքով ադրբեջանցիների անարգել տեղափոխումն ապահովելու մասին կառավարության նիստում հայտարարությունից հետո օգոստոսի 4-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարեց, որ նախատեսվում է 3 նոր անցակետերի բացում, որոնցով հնարավորություն կընձեռվի Ադրբեջանից ավտոմոբիլային տրանսպորտով տարանցիկ ուղեւորվել դեպի Նախիջևան։
Ռուբեն Գալիչյանը հարցադրում արեց՝ ինչո՞ւ չեն խոսում այն մասին, թե ադրբեջանցին ինչպե՞ս է ՀՀ մտնելու․ «Այսօր հայի մուտքն Ադրբեջան պաշտոնապես արգելված է, հայկական անձնագրով որեւէ մեկն իրավունք չունի Ադրբեջան մտնելու։ Անգամ օտարերկրացին եթե անձնագրում ունի ՀՀ մուտքի կնիք, նրան չեն թողնում Ադրբեջան մտնել։ Ուստի ադրբեջանցին ինչո՞ւ պետք է մտնի ՀՀ, եթե հայի մուտքն Ադրբեջան արգելված է․ հայն Ադրբեջանի տարածքով ինչպե՞ս է գնալու Իրան։ Ո՞վ է այս մեխանիզմը սահմանելու եւ ինչպե՞ս։ Եթե սա լինի միջանցքի տրամաբանությամբ, ապա կստացվի, որ ՀՀ տարածքի մի մասը նվիրել ենք Ադրբեջանին։ Եթե ոչ, ուրեմն՝ վիզայով»։
Ռուբեն Գալիչյանը մեկ այլ հարցադրում արեց՝ Նախիջեւանի տարածքով երթեւեկել պատրաստվող ՀՀ քաղաքացիների անվտանգությունն ո՞վ է ապահովելու եւ ինչպե՞ս․ «Ադրբեջանում հայատյացությունը քարոզվում է դպրոցից, եւ ամեն ադրբեջանցի մտածում է, որ հայն իր թշնամին է»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»