Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ամեն երկրորդ քաղաքացին այսօր արդեն աղքատ է. Թաթուլ Մանասերյան

Օգոստոս 26,2022 15:33

«Այո, տարեվերջին ունենալու ենք աղքատության որոշակի կրճատում, բայց, միաժամանակ, վարկանիշային կազմակերպությունները ահազանգում են, որ երկնիշ տնտեսական աճի կողքին, տարեվերջում, ունենալու ենք աղքատության երկնիշ աճ. աղքատության աճը՝ տարեսկզբի 27 տոկոսի փոխարեն, տարեվերջում կարող է հասնել 48 տոկոսի: Սա ՀՀ իշխանություններին, քաղաքական եւ հասարակական դաշտին, գիտափորձագիտական շրջանակներին ամենամեծ ահազանգն է, որ միատեղելով ջանքերը, փորձեն մեղմել այս ահագնացող ցուցանիշի արդյունքները՝ մեր հասարակության վրա»,- այսօր «Արմենպրես» մամուլի սրահում կայացած ասուլիսում հայտարարել էր «Եվրասիական փորձագիտական ակումբի» համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը:

Ակումբի անդամ, տնտեսական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը տնտեսական աճին զուգահեռ աղքատության աճի իրողությունը պարադոքսալ է համարում, այն առումով, որ տնտեսության աճը պետք է հանգեցնի բնակչության եկամուտների աճի եւ աղքատության կրճատման. մինչդեռ Հայաստանում այսօր հակառակ պատկերն է։ Տնտեսագետի խոսքով, եթե աղքատության ցուցանիշը մոտենում է 48 տոկոսի, իսկ Շիրակի մարզում այդ ցուցանիշն արդեն վաղուց անցել է 50 տոկոսը, նշանակում է, որ ՀՀ ամեն երկրորդ քաղաքացին այսօր արդեն աղքատ է։ Այս իրողություններում, ըստ տնտեսագետի, հայաստանյան տնտեսությունը վերջին ամիսներին աշխուժացել է հիմնականում ՌԴ-ից ՀՀ տեղափոխվածների հաշվին, որոնք խթանել են սպառումը` սկսած լայն սպառման ապրանքներից մինչեւ անշարժ գույքի շուկա. «Բայց մեզ պետք է այս ամենը չոգեւորի, որովհետեւ սա ես անվանում եմ տնտեսական դոպինգ։ Երբ դոպինգի ազդեցությունը վերջանա, խաղաղություն հաստատվի, իսկ դա պետք է լինի անպայման, այս դեպքում Հայաստանը մտածելու շատ բան կունենա»:

Թաթուլ Մանասերյանն ընդգծեց նաեւ, որ Հայաստանն անցյալ տարի դուրս է եկել GSP + համակարգից, քանի որ անցել է միջին եկամուտ ապահովող երկրների շարքը, իսկ դա նշանակում է, որ զրկվել է դեպի ԵՄ, ԱՄՆ եւ Ճապոնիա արտահանումների արտոնյալ պայմաններից. «Ասեմ, որ սա արդեն անդրադարձել է մեր արտահանումների ցուցանիշի վրա։ Արտահանումները նվազել են հատկապես եվրոպական մայրացամաք»:

Տնտեսագետը հավելեց նաեւ, որ այս իրավիճակում ԵԱՏՄ շուկան մեր երկրի համար անվտանգության բարձիկի իմաստ է ձեռք բերել` արտահանման լայն հնարավորություններ ապահովելով ՀՀ-ի համար. «Բոլոր այն քննադատներին, որոնք բացասաբար են վերաբերվում ՀՀ անդամակցությանը ԵԱՏՄ-ին, ես ուզում եմ հանդիպակաց հարցը տալ` թող բարի լինեն, այլընտրանք նշեն, թե ո՞ր շուկան կարող է փոխարինել ԵԱՏՄ շուկային, արդյոք իրենց քարոզածը չարամտությո՞ւն չէ, եւ դրանով չե՞ն դրդում մեզ դեպի տնտեսական անդունդ, երբ ասում են հրաժարվեք ռուսական շուկայից, բելառուսական շուկայից, ղազախական շուկայից»:

ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը մերժելը, տնտեսագետի գնահատմամբ, Հայաստանի համար հավասարազոր կլինի տնտեսական ինքնասպանության:

Նա նկատեց, որ անգամ արեւմտյան սահմանափակումների փուլում եվրոպական շատ ընկերություններ, այդ թվում` որոշ բանկեր, չեն հրաժարվում ռուսական շուկայից եւ ճեղքելով պատժամիջոցների արգելքը, շարունակում են համագործակցել ՌԴ-ի հետ։

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031