Այսօր ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին զուգահեռ` «Եվրասիական փորձագիտական ակումբի» անդամները տեղին են համարում հայտարարել, որ Հայաստանը պետք է մեծացնի իր ակտիվությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որպեսզի հնարավոր լինի ստանալ մթնոլորտ, որը հնարավորություն կտա Հայաստանին զարգացնել իր արդյունաբերությունը եւ գյուղատնտեսությունը, ինչն իր հերթին կնշանակի, որ Հայաստանը լիարժեքորեն օգտագործում է ԵԱՏՄ-ի՝ իրեն ընձեռած հնարավորությունը: Այս մասին այսօր «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց «Եվրասիական փորձագիտական ակումբի» համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը:
Ասուլիսի ընթացքում ներկայացվեց Հայաստանի տնտեսության գնահատականը՝ 2022 թվականի առաջին կիսամյակում, Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության համատեքստում: Հիշեցնենք, Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցությունից ի վեր՝ յոթ տարի, «Եվրասիական փորձագիտական ակումբը» յուրաքանչյուր վեց ամիսը մեկ վերլուծություններ է ներկայացնում այդ թեմայով: Արամ Սաֆարյանն իր խոսքում նշեց, որ Եվրասիական տնտեսական ինտեգրումը Հայաստանի համար շատ կարեւոր ուղղություն է եւ կարեւոր տեղ ունի Հայաստանի տնտեսության զարգացման համար:
Հիմնվելով «Եվրասիական փորձագիտական ակումբի» կատարած հետազոտությունների վրա, Արամ Սաֆարյանն ընդգծեց, որ 2022 թվականին մենք գործ ունենք «աննախադեպ եւ հետխորհրդային տարածքի համար ռեկորդային տնտեսական աճի ցուցանիշի հետ»: Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2022-ի առաջին կիսամյակում ավելացել է 10,5 տոկոսով, ինչը զարմանք է հարուցել եւ անսպասելի է եղել նաեւ, քանի որ միջազգային խոշոր վարկանիշային կազմակերպությունները՝ ՀԲ-ն, Արժույթի միջազգային հիմնադրամը, Եվրոպական զարգացման եւ վերակառուցման բանկը, Եվրասիական զարգացման բանկը, անցած տարեվերջին եւ այս տարվա սկզբին 2022-ի առաջին կիսամյակի համար շատ ավելի համեստ ցուցանիշներ էին արձանագրում: «Սակայն Հայաստանի կառավարությունը տարվա սկզբից կարծել է, որ հնարավոր է ապահովել մոտ 7 տոկոսանոց աճ, ինչպես դա եղավ անցյալ տարի եւ այդ կանխատեսումը, դուրս է եկել ավելի մոտ այս իրողությանը, բայց, միեւնույն է, իրողությունը մնացել է զարմանալի: Հայաստանի տնտեսական աճը, որ այդքան մեծ ցուցանիշ ունի, ամրապնդվում է նաեւ ՀՆԱ-ի մեծ ցուցանիշով»,- ասաց Արամ Սաֆարյանը՝ հիշեցնելով, որ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի տնտեսության ՀՆԱ-ն աճել է 8,5 տոկոսով, ինչը ինքը նույնպես պատվավոր թիվ է համարում:
«Եվրասիական փորձագիտական ակումբում» միաժամանակ համարում են, որ արդյունաբերության, շինարարության, առեւտրաշրջանառության վրա հիմնված այս աճը նաեւ բազմաթիվ հակասություններ է իր մեջ պարունակում: Ակումբում շարունակում են պնդել, որ Հայաստանի տնտեսության զարգացման համար Եվրասիական տնտեսական շուկան ամենանպաստավորն է Հայաստանի պատրաստի արտադրանքի արտահանման համար: Բանախոսը նկատում է, որ վերջին երեք տարիների ընթացքում, բացառությամբ կորոնավիրուսի համավարակի շրջանը, Հայաստանի համար ԵԱՏՄ տարածքի դերը գնալով մեծացել է. եթե նախապանդեմիկ շրջանում այդ տարածքը հանդիսանում էր Հայաստանից արտահանման եւ ներկրման ծավալի մոտ 27 տոկոսը, իսկ դրանից առաջ՝ 25 տոկոսը, ապա հետհամավարակային շրջանում այն արդեն կազմում է մոտ 30 տոկոսը: Ակումբի համակարգողի համոզմամբ, ճիշտ աշխատանքի եւ ճիշտ դիրքավորման պարագայում, Հայաստանը կարող է էլ ավելի մեծացնել իր կապերը այս տնտեսական տարածքի հետ՝ մինչեւ տարեվերջ հասնելով 30 տոկոս ցուցանիշի:
Կարդացեք նաև
Իրավիճակը, Արամ Սաֆարյանի գնահատմամբ, յուրահատուկ է, քանի որ արդյունաբերական եւ առեւտրատնտեսական զարգացող կապերը նաեւ զուգահեռ գործընթացներ են ծնել եւ դրանցից ամենադրամատիկը՝ աղքատության աճն է. «Այո, տարեվերջին ունենալու ենք աղքատության որոշակի կրճատում, բայց, միաժամանակ, վարկանիշային կազմակերպությունները ահազանգում են, որ երկնիշ տնտեսական աճի կողքին, տարեվերջում, ունենալու ենք աղքատության երկնիշ աճ. աղքատության աճը՝ տարեսկզբի 27 տոկոսի փոխարեն, տարեվերջում կարող է հասնել 48 տոկոսի: Սա ՀՀ իշխանություններին, քաղաքական եւ հասարակական դաշտին, գիտափորձագիտական շրջանակներին՝ ամենամեծ ահազանգն է, որ միատեղելով ջանքերը, փորձեն մեղմել այս ահագնացող ցուցանիշի արդյունքները՝ մեր հասարակության վրա»:
Դրական իրողություններից Արամ Սաֆարյանն ընդգծում է վերջին վեց ամիսների ընթացքում արտահանման եւ ներկրման ծավալների աճը ԵԱՏՄ ուղղությամբ: Իսկ դրանք վկայում են, որ ՌԴ-ն շարունակում է մնալ Հայաստանի թիվ մեկ տնտեսական գործընկերը՝ արտահանման ցուցանիշով, ներդրողը, ռուսական շուկան հայկական արտադրանքի թիվ մեկ սպառողն է, ՌԴ-ն շարունակում է մնալ Հայաստանի խոշոր ներկրողը՝ էժան գազի եւ 100 տոկոս ցորենի հաշվին, ռուսական ընկերությունների թիվը Հայաստանում մեծացել է, ռուսական ժամանակավոր աշխատանքային միգրանտները էական դեր ունեն առեւտրի եւ սպասարկման ոլորտում ցուցանիշների զարգացման վրա: ՌԴ-ի խոշորագույն ներդրումը Հայաստանում, Արամ Սաֆարյանը համարում է անվտանգային հարցերում ՌԴ-ի դոմինանտ դերը:
«Վերջին շրջանում ահագնացել եւ ուժգնացել է հակառուսական քարոզչությունը Հայաստանի քաղաքական եւ հասարակական դաշտում, հայ-ռուսական բարեկամության եւ ռազմավարական դաշինքի հակառակորդները փորձում են սեւացնել Եվրասիական ինտեգրման գործընթացին մեր մասնակցությունը՝ կեղծելով իրողությունը եւ տարածելով լուրեր, որ իբրեւ թե, ժամանակին՝ 2013-14 թվականներին, հրելով գցեցին ԵԱՏՄ-ի ծուղակի մեջ: Մենք պնդում ենք, որ դա այդպես չէ: Նաեւ համոզված ասում ենք՝ Եվրասիական շուկան անփոխարինելի է Հայաստանի տնտեսության համար, մեծացող համագործակցությունը Բելառուսի եւ Ղազախստանի հետ, մեզ հնարավորություն են տալիս ասելու, որ այս համագործակցության վեկտորը շարունակելու է մնալ ոչ միայն առեւտրատնտեսական կապերի, այլ նաեւ քաղաքական համագործակցությունների համար»,- ասաց Արամ Սաֆարյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ