Գյումրու պատմական կենտրոնում՝ Շիրազի անվան փողոցի ալեքսանդրապոլյան շինություններից մեկի բակում, որտեղ նկարահանվել են դրվագներ սիրված ֆիլմերից՝ «Մեր մանկության տանգոյից», «Հեղնար աղբյուրից», «Ուրախ ավտոբուսից», «Եռանկյունուց», բացվեց նոր թանգարան՝«Կինոտուն» խորագրով։
Թանգարան ստեղծելու գաղափարը Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի նախկին տնօրեն, գյումրեցի Հայկ Դեմոյանինն է, որը համագործակցելով գործարար Արթուր Դավթյանի հետ, շատ արագ՝ երեք շաբաթվա ընթացքում իրագործել է այն։
Կառույցը, որի նկուղի երկու սենյակներում բացվեց թանգարանը, Արթուր Դավթյանի կնոջ պապական սեփականությունն է, այն լցված է եղել աղբով, գտնվել անմխիթար վիճակում, քարերը թուլացել էին, արագ կարգի բերելով՝ կազմակերպել են իր տեսակով եզակի թանգարանային ցուցադրությունը։
Կարդացեք նաև
Հայտնի ֆիլմերի բակը զբոսաշրջիկների կողմից ամենաշատ այցելվող տեղանքներից մեկն է, այսուհետ այնտեղից կլսվեն կինոնկարների մեղեդիները, իսկ զբոսաշրջիկները հնարավորություն կունենան անվճար ծանոթանալ հայկական արտադրության կինոֆիլմերի ցուցապաստառներին, լուսանկարներին, որտեղ ցուցադրված են օպերատորների աշխատանքը տարբեր դրվագներ նկարահանելիս, տեսնել նկարահանումների ընթացքում օգտագործված իրերը։
Բակը թեև անմխիթար վիճակում է, սակայն բնակեցված է, բնակիչները հատ առ հատ հիշում են ամեն մի կինոնկարի նկարահանումը, նրանք ևս նկարահանվել են ֆիլմերի դրվագներում։
Արթուր Դավթյանի կինը՝ Տաթև Կարապետյանը, որը ծնվել ու մեծացել է այս բակում, ևս նկարահանվել է «Մեր մանկության տանգո» ֆիլմում։ Նա այդ ժամանակ 4-5 տարեկան է եղել, հիշողության մեջ դաջվել է կամարի տակ Գալյա Նովենցի և Ֆրունզիկ Մկրտչյանի վիճաբանությունը, երբ Գալյա Նովենցը բացականչում էր․ «Էս գլխարկը, որ գլխիդ ես քաշել, ամոթից ես քաշել»։
«Մի երկու էպիզոդներում էլ ես եմ նկարահանվել, ռեժիսորն այդ պահին իմպրովիզներ էր անում, երեխեքին տեսնում էր, ասում էր՝ իջեք, դուք էսպես արեք, էնպես, էս զույգի հետ պարեք ու ստացվեց։ Իսկ երբ «Ուրախ ավտոբուսը» նկարահանեցին, այդ ժամանակ ուսանող էինք, շատ ավելի լավ էինք հիշում կադրերը, էլի նույն ձևով Ալբերտ Մկրտչյանը մեզ ուղղություն էր տալիս։
Ուրախ եմ, որ այսօր մենք ամենը վերհիշում ենք, կինոմշակույթը նորից վերածնվում է շնորհիվ իմ ամուսնու և Հայկ Դեմոյանի»։
Թանգարան հիմնելու գաղափարը լսելուն պես՝ բակի բնակիչները նվիրել են այն իրերը, որոնք օգտագործվել են ֆիլմերի նկարահանումների ժամանակ, հարևաններից մեկի մոտ եղել է «Մեր մանկության տանգոյի» հերոսուհիներից Սիրանուշի կարի մեքենան, Արթուր Դավթյանի բարեկամներն էլ պահել էին Սիրանուշի այն պայուսակը, որով նա գնում էր բանտ՝ Ռուբենին տեսակցելու։
Հայկ Դեմոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքն ուներ հայկական ֆիլմերի ցուցապաստառների հավաքածու և շարունակաբար հավաքում է հայկական կինոյին վերաբերող ցանկացած նյութ։ Ցուցադրության կազմակերպման համար անհրաժեշտ նյութեր տրամադրել է նաև Հայաստանի ազգային արխիվն և Գրականության ու արվեստի թանգարանը։
Թանգարանի հիմնադիրները վերականգնել են նաև հին ռադիոընդունիչը, որտեղից և հորդելու են սիրված ֆիլմերի մեղեդիները։
Թանգարանի մուտքը, ըստ Հայկ Դեմոյանի, մինչև տարեվերջ կլինի անվճար, իսկ իրենք փոքր բյուջեով փորձել են ստանալ այնպիսի վայր, որը գրագետ ուղղորդում կտա զբոսաշրջիկներին։ Զբոսաշրջիկները, որոնք մինչ այս, եկել են բակ՝ կասկածանքով, թե արդյոք դա՞ է ֆիլմերի բակը, այսուհետ կծանոթանան ֆիլմերի նկարահանման պատմությանը։
Հայ Դեմոյանն արդեն մի քանի թանգարաններ է բացել Գյումրիում, խոսելով հայրենի քաղաք իր վերադարձի մասին՝ ասաց․ «2019 թվականին որոշեցի սիմվոլիկ վերադարձ կազմակերպել դեպի Գյումրի, չնայած ես կապը չէի կտրել քաղաքի հետ, քանի որ դադարել էին աշխատել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ես թանգարանային գործը որոշեցի շարունակել հայրենի քաղաքում։ Ըստ այդմ՝ պետք էր բավական ամբիցիոզ ծրագիր ունենալ և իրագործել։
2019–ին ձեռք բերվեցին մի քանի ալեքսանդրապոլյան շենքեր, որոնք այսօր գործում են, դրանք վերանորոգվեցին, վերականգնվեցին, բերվեցին նախնական իրենց պատմաճարտարապետական տեսքին․ գործում է «Հայուհի» թանգարանը Սլաբոդկա թաղամասում, գործում է «Ակումբ 1887-ը», գործում է նաև ցուցասրահ հայկական ազգային խորհրդանշանների և շատ անսպասելի այս միջավայրում, որը խիստ ցանկալի էր ցանկացած պատմաբանի, թանգարանային գործի մասնագետի, հիշողություն կա այստեղ և իրական հիշողություն է, ոչ թե արհեստական, սիրված վայր է եղել ռեժիսորների կողմից, հատկապես Ալբերտ Մկրտչյանի, ունենալ մի տարածք, որտեղ կարող են հայկական կինոմշակույթը ցույց տալ։
Ի վերջո, կա Գյումրի-սպորտ կապը, Գյումրի-կինո, բայց ժամանակն է, որ դրանք ոչ թե թանգարանացնել, այլ ցուցադրել, մարդկանց ավելի շատ տեղեկություն տալ, թանգարանի իմաստը դա է»։
Գործարար Արթուր Դավթյանն էլ ասաց, որ մտադրված է երկրորդ հարկում բացել հյուրատուն՝ պահպանելով կառույցի ֆասադը՝ ճարտարապետական տեսքը։ Ըստ նրա, եթե ցուցադրությունների շնորհիվ լինեն հանգանակություններ, ապա հավաքված գումարով կվերանորոգեն անմխիթար վիճակում գտնվող բակը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ