Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային խոշոր շարժման բովանդակությունը պետք է փոխվի. դա դիմադրելը չէ, դա հակաթուրքականությունը չէ, դա նույնիսկ հականիկոլականությունը չէ. Վահե Հովհաննիսյան

Օգոստոս 26,2022 13:25

Ունենալ կամք՝ վերանայելու բովանդակությունը

Երկրի բոլոր առողջ անհատների, ուժերի առջև սուր խնդիր է դրված՝ ունենալ կամք և գիտակցում՝ վերանայելու կարևոր հարցերի շուրջ մոտեցումները՝ պայքարի բովանդակության, ձևակերպումների, արտաքին և ներքին նոր իրականության ընկալման։ Սկսում եմ հոդվածների համառոտ շարք՝ առաջարկելով վերանայել մի շարք քարացած պատկերացումներ։

Զգուշացեք, պետությունը փլվում է

Միայն վերջին օրերի իրադարձությունները հերիք են՝ հասկանալու, որ տեղի է ունենում պետության տեսանելի կազմաքանդում. քաղաքապետարանի զինված գրավում Մասիսում, Երևանի կենտրոնում խոշոր պայթյուն, միջպետական կարևորագույն ճանապարհի արգելափակում, հայկական բնակավայրերի տեղահանություն, Արցախի հետ կապի վտանգում, Չավուշօղլուի վերջնագիր, հակառակորդի տնտեսական- ռազմական- քաղաքական համակարգերի ինտենսիվ ձևավորում և այլն։

Գնում է պետականության փլուզման սուր պրոցես, որի և´ վերջնարդյունքն է վտանգավոր, և´ ընթացքը։ Ուղղակիորեն արդեն վտանգավոր է այստեղ ապրող ժողովրդի համար։

Առողջ ուժերի խնդիրը սա կանգնեցնելն է։ Պետք է ճիշտ ձևակերպենք խնդիրը։ Սա թույլ կտա դուրս գալ պատկերացումների փոքր դիապազոնից։

Որպես առաջին քայլ՝ պետք է ճիշտ պատկերացնել հիմնական դեմքերի-միավորների դերակատարումն այս պրոցեսում՝ հասկանալու համար մեր ռեսուրսը՝ պետության փլուզումը կանգնեցնելու համար։

Նիկոլ Փաշինյան

Կա տպավորություն, որ նա լուծում է մեկ խնդիր՝ տապալումներից տարանջատվել։ Ոչ թե փորձում է կանգնեցնել տապալումը, այլ՝ տարանջատվել, ինքն իրեն և հասարակությանն ապացուցել, որ դա իր մեղքով չէ, դա անխուսափելի էր, դա ուրիշների մեղքն է։ Կոպիտ ասած՝ նա գտնվում է «միակ մեղավորի և միակ պատասխանատուի» ձևակերպման հոգեբանական ուժեղ ճնշման տակ։ Մարդկայնորեն ինչ-որ տեղ հասկանալի է, բայց պետության տեսանկյունից՝ ամենևին։

Իշխանություն 

Կառավարության նիստերին արդեն բոլորը վարչապետին դիմում են «մեծարգո»-ով։ Սա տապալված աշխատանքին ուղիղ համեմատական պրոցես է։ Որքան տապալվի, այնքան «անձի պաշտամունքը» ավելի գռեհիկ է դառնալու։ Պետական համակարգի տարբեր օղակներ տապալում են ոլորտը, ու որպես փոխհատուցում՝ ավելի ինտենսիվ են Նիկոլ պաշտպանում, փլատակների տակ մարդկանց առկայության պայմաններում նախարարը զեկույցը սկսում է «մեծարգո»-ով։ Վաղը ավելի վատանա վիճակը, նախարարները և մյուս պաշտոնյաները Նիկոլի նկարը հյուսիսկորեական մոդելով պահելու են ծոցագրպանում՝ սրտին մոտիկ։ Սա պետական համակարգի ընդհանուր դեգրադացիայի դասական պատկեր է, աշխարհին վաղուց հայտնի։ Նրանք այդպես են պաշտպանվում տապալումներից։

Հասարակություն

Մարդիկ ենթագիտակցորեն զգում են վտանգը։ Երկրում ձևավորվում  է տագնապի, անկայունության, անհանգստության հարաճուն մթնոլորտ։ Կենցաղային վեճերից մինչև հրապարակային դրսևորումներ դա զգացվում է։ Նույն Մասիսի դեպքը. մարդիկ դարձել են խիստ ագրեսիվ, հաճախ անադեկվատ։ Սա շատ սպասելի և տրամաբանական հետևանք է այն ամենի, ինչը մեզ հետ տեղի է ունեցել.

  • Երկու տարի է՝ մի ամբողջ ժողովրդի ստորացնում են։ Մարդիկ կարող են իբր թե չլսել Ալիևին, բայց հոգու խորքում բոլորը շատ լավ հասկանում են, որ պետությանը, իրենց, իրենց ընտանիքներին երկու տարի է՝ անարգել ու անպատասխան ստորացնում են։ Սպառնում ու նորից ստորացնում. ցանկացած նորմալ մարդ այս մթնոլորտում կխելագարվի։
  • 2018-ից ի վեր՝ երկրի առաջին դեմքի ելույթները հանրային սուր տագնապ են առաջացնում։ Ընդհանրապես իշխանության ղեկավարի խոսքը ներքին հանդարտության, զսպվածության, կայունության խնդիր պետք է լուծի։ Հայաստանում 2018-ից լրիվ հակառակն է՝ տագնապ, անկայունություն, նոր սպառնալիք, նոր ռիսկ, նոր անորոշություններ։ Ցանկացած հասարակություն այս պայմաններում կխելագարվի։
  • Մենք մի պետություն ենք, որի նախագահը կարող է Աբու Դաբիի ռեյսով փախչել Լոնդոն ու միայն այնտեղից ասել, որ ինքն այլևս նախագահ չէ։ Ցանկացած նորմալ մարդ կմտածի, որ եթե նախագահն է փախչում երկրից, ուրեմն սա վտանգավոր երկիր է։ Իսկ հաջորդ նախագահն ընդհանրապես ձայն չի հանում, զրո։
  • Հաճախ խոսվում է հասարակության ցածր որակների մասին՝ հասարակության, որը կարող է քեֆ անել սգի օրերին։ Բայց սա հետևանքն է. սա, բառիս բուն, իմաստով անտեր մնացած հասարակություն է, որի հետ ոչ ոք չի աշխատում։ Եթե վարչապետն իր ելույթներով ագրեսիա է տարածում, նախագահը փախչում է, թշնամին ամեն շաբաթ սպառնում է հարձակվել, կառավարությունը և ԱԺ հիշեցնում են անլուրջ պատանեկան խմբակներ, պարզ չէ՞, որ հասարակությունը կդեգրադացվի, կդադարի պետության հասարակություն լինել։ Դրա համար էլ դրսևորումներն այդպիսին են՝ կամ փլատակների ու ողբերգության պահին՝ ուրախ քեֆեր, կամ ֆուտբոլի խաղերի ժամանակ Աղավնոյի մասին ցուցապաստառով խաղադաշտ մտնելը։ Մենք դառնում ենք Գազայի սեկտոր՝ ամենօրյա պայթյուններ, մահեր, հուսահատությունից դրոշ այրել, ֆուտբոլի խաղը կանգնեցնել, իսկ թշնամին երբ ուզում է՝ «հատուցում» օպերացիա է անում։ Փոխվի մթնոլորտը, լինի սոլիդ իշխանություն՝ հաշվված շաբաթների ընթացքում հասարակության որակը աչքիդ առաջ կփոխվի։ Նույնիսկ փոփոխության տեմպերից մենք կզարմանանք։

Ոչ իշխանական համակարգ.

Հայաստանում փոփոխությունների, պետության փլուզումը կանգնեցնելու հիմնական հնարավորությունը և ռեսուրսն այստեղ է, բայց դրա համար պետք են էական բովանդակային և կառուցվածքային փոփոխություններ ոչ իշխանական համակարգերում։

Հանրային խոշոր շարժման բովանդակությունը պետք է փոխվի. դա դիմադրելը չէ, դա հակաթուրքականությունը չէ, դա նույնիսկ հականիկոլականությունը չէ։ Իրավիճակի խորքային գիտակցումը և պայքարի նոր փուլը դա են պահանջում։ Շարժման առանցքում պետք է լինի ա´յլ գաղափար, ա´յլ բովանդակային շեշտադրում։ Պետք է լինի պոզիտիվ. Հայաստանի հետպատերազմյան զարգացման նոր շարժում, նոր կոնսոլիդացիոն օրակարգով։ Ոչ թե դիմադրելու, այլ՝ առաջ գնալու բովանդակություն։

Պետության փլուզումը կանգնեցնելու և այստեղ ապրող ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը ապահովելու համար պետք է այդ ժողովրդին հեռանկար ցույց տալ։ Լուծումը հանրային լայն դաշտում է, նոր գաղափարների ու նոր ասելիքի, մարդկանց հետ խոսելու նոր մշակույթի։ Հակառակ դեպքում այս հասարակությունը գերի կլինի ոչ միայն իշխանությանը, իրավիճակին, այլև՝ ոչ իշխանական համակարգին։ Այս պայմաններում ակնկալել հասարակական դրական որակներ կամ պետական մտածողություն՝ անլուրջ է։

Նոր սոլիդ  հանրային  շարժումը, ճակատը թույլ կտան էապես մեծացնել կոնսոլիդացիոն ռեսուրսը, մեղմել ագրեսիայի մթնոլորտը, խոսել պետական համակարգի հետ, հասնել լուծումների։

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Այլընտրանքային նախագծեր խումբ

 Շարունակելի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031