Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Հանրապետական ծննդատանը մահացել է ծննդկան՝ 20-ամյա Մերի Գ-ն։
Ըստ Shamshyan.com-ի, նա Լոռու մարզի բնակիչ էր և Հանրապետական ծննդատուն էր տեղափոխվել «Վանաձոր» բժշկական կենտրոնից։
Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
«Արմենիա» բժշկական կենտրոնը պարզաբանում է տարածել, հերքելով ԲԿ-ում 20-ամյա ծննդկանի մահվան լուրը:
Կարդացեք նաև
««Արմենիա» բժշկական կենտրոնն իր կառուցվածքում չունի ծննդատուն և որևէ առնչություն չունի իր հարևանությամբ գտնվող Վերարտադրողական առողջության Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի հետ:
Եվս մեկ անգամ հորդորում ենք հանրությանը չներկայացնել ապատեղեկատվություն:
«Արմենիա» բժշկական կենտրոնը ցավակցում է ծննդկանի հարազատներին այս ողբերգության առիթով»,- մասնավորապես, ասվում է «Արմենիա» ԲԿ-ի հայտարարության մեջ:
Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի հանրային կապերի բաժնից հայտնում են. «Երեկ՝ օգոստոսի 25-ին «Վանաձոր» բժշկական կենտրոնում արձանագրվել է ծննդկանի՝ 20-ամյա Մերի Մացակի Գրիգորյանի պտղի մահը։ Ապա ծայրահեղ ծանր՝ հոգեվարքային/ագոնալ/ վիճակում ծննդկանը շտապ օգնության մեքենայով ուղեկցվել է դեպի Երևան։
Ճանապարհին վիճակն ավելի է բարդացել՝ արձանագրվել է պերիֆերիկ անոթազարկի բացակայություն և գիտակցության կորուստ։
Կյանքի հետ անհամատեղելի տվյալներով՝ անգիտակից վիճակում, ծննդկանին հասցրել են Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի վերակենդանացման բաժանմունք, որտեղ արձանագրվել է երիտասարդ կնոջ կենսաբանական մահը։
Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ «Վանաձոր» բժշկական կենտրոնի բժշկի նկատմամբ, որի անունն առայժմ չի հրապարակվում, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»։