Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անտեսել տարաձայնությունները, համախմբվել և միասնական ջանքերով կասեցնել գնալով նոր թափ առնող ազգակործան գործընթացը․ Գերագույն խորհրդի խորհրդանշական նիստի հայտարարությունը

Օգոստոս 26,2022 12:41

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 23-Ի ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ ՆԻՍՏԻ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունված Հայաստանի Անկախության մասին Հռչակագրով Հայ Ժողովուրդը իր հազարամյա պատմության ընթացքում ևս մեկ անգամ հռչակեց իր անկոտրում կամքը՝

– կառուցել ժամանակի պահանջներին համահունչ ժողովրդավարական պետություն և զարգացնել Սփյուռքի կառույցների հետ արդյունավետ համագործակցություն,

– իրականացնել յուրաքանչյուր անհատի՝ սեփական հողի վրա անվտանգ, արժանապատիվ, հոգևոր և նյութական բարգավաճման կայուն երաշխիքներով արարելու` դարերի խորքից եկող մեր նախնիների երազանքը,

– դառնալ համաշխարհային հանրության լիիրավ անդամ և շարունակել համամարդկային քաղաքակրթության զարգացման գործում սեփական ներդրումն ունենալու` դարերի խորքից եկող մեր նախնիների առաքելությունը:

Այդ նպատակներին հասնելու անշրջելի երաշխիքներից էր 1988 թվականին սկիզբ առած Արցախյան շարժումը, որը վերածվեց համաժողովրդական և համազգային զարթոնքի, հանգեցրեց Հայաստանում, Արցախում և Սփյուռքում մեր ժողովրդի բոլոր հատվածների, ազգային կառույցների և անթիվ նվիրյալ անհատների համազգային նպատակների շուրջ աննախադեպ համախմբմանը:

Անցած տարիները մի կողմից երկու հայկական պետությունների կայացման և մեր հավաքական անվտանգությունը վտանգող տարաբնույթ սպառնալիքներին, այդ թվում Արցախի դեմ Ադրբեջանի՝ 1992-1994 և 2016 թվականների ռազմական ագրեսիաներին դիմակայելու տարիներ էին, մյուս կողմից՝ պետության հիմնադիր փաստաթղթերով սահմանված նպատակների ոչ արդյունավետ իրականացման կամ անտեսման, հասարակական կյանքում հանրության արդարացի դժգոհությունը հարուցող, անընդունելի երևույթների արմատավորման և բաց թողնված հնարավորությունների տարիներ:

Սակայն 2018 թվականից ի վեր Հայաստանի ներկա իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականությունը, որն ուղղակիորեն հակադրվում է Արցախի անվտանգությունն ապահովելու, Ադրբեջանից անկախ Արցախի կարգավիճակի միջազգային ճանաչմանը հասնելու, Հայաստանի ինքնիշխանությունն է՛լ ավելի ամրապնդելու և սահմանների անվտանգությունը երաշխավորելու մասին այդ նույն իշխանությունների նախընտրական խոստումներին, որևէ կերպ չի կարող արդարացվել նախկինում թույլ տրված սխալներով: Ավելին, նման փորձերը բարոյական չեն և պատասխանատվությունից խուսափելու անհաջող փորձեր են:

Ներկայումս Հայաստանի և Արցախի պետական կառույցների գործողություններն ու անգործությունը միտված են՝

– Արցախը Ադրբեջանին փոխանցելուն,

– Հայաստանի ռազմավարական նշանակության տարածքները և կապուղիները Ադրբեջանին հանձնելուն,

– «խաղաղության» քարոզչության քողի տակ, կազմալուծվող պաշտպանական համակարգի և պառակտված հասարակության պայմաններում, հակառակորդի կողմից նոր պատերազմ հրահրելուն՝ հերթական ծրագրավորված պարտությամբ:

Այդ ամենին զուգահեռ ի հայտ են գալիս նոր ավերածություններ և մահեր՝ բացահայտելով օրվա իշխանավորների հանցավոր անպատասխանատվությունը, անկարողությունը, հանրային ցավի հանդեպ անտարբերությունը:

Առավել քան ակնհայտ է, որ հայկական երկու պետությունների իշխանությունների գործունեությունը ոչ միայն չի բխում Հայաստանի Անկախության Հռչակագրի սկզբունքներից, այլև ուղղակիորեն հակասում է պատմական և իրավաքաղաքական բացառիկ կարևորության այդ փաստաթղթի տառին և ոգուն:

Արդյունքում ոչ միայն արցախահայությունն է հայտնվել ավելի քան 32-ամյա ազատագրական պայքարի արդյունքների կորստի իրական սպառնալիքի առջև, այլև վտանգված է Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը:

Մենք՝ ՀՀ Առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավորներս, տագնապներով լի և բախտորոշ այս օրերին՝

– վերահաստատելով մեր հավատարմությունը Անկախության Հռչակագրին,

– ընդունելով սեփական պատասխանատվության մեր բաժինն անցած տասնամյակների ընթացքում Անկախության Հռչակագրի սկզբունքների իրականացման խնդրում սկզբունքային և հետևողական չլինելու համար,

– գիտակցելով մեր պատասխանատվությունը երկրի ապագայի հանդեպ,

– վառ պահելով ադրբեջանական ցեղասպան քաղաքականության անմեղ զոհերի և ռազմական ագրեսիաները հետ մղելու ճակատամարտերում հերոսացած նահատակների հիշատակը՝

Կոչ ենք անում մեր ժողովրդի բոլոր հատվածներին՝ թոթափել հուսահատ դատապարտվածության և կուրացնող ատելության զգացումները, Հայաստանի, Արցախի և Սփյուռքի առկա վիճակը չհանդուրժող բոլոր ուժերին՝ անտեսել անցյալում և ներկայումս գոյություն ունեցող տարաձայնությունները, համախմբվել և միասնական ջանքերով կասեցնել գնալով նոր թափ առնող ազգակործան գործընթացը:

ՀՀ Առաջին գումարման Գերագույն Խորհրդի խորհրդանշական նիստի մասնակից պատգամավորների անունից՝

նիստը նախագահող

Խոսրով ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կիմ ԲԱԼԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031