Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե օրակարգը դեկլարատիվ մակարդակում հնչեցված խաղաղությունն է, ապա առնվազն պետք է հստակեցնել, թե Արցախում խաղաղության հասնելու համար ո՞րն է Հայաստանի տեղը, դերն ու անելիքը. Արսեն Խառատյան

Օգոստոս 26,2022 12:34

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական հարցերով նախկին խորհրդական Արսեն Խառատյանի ֆեյսբուքյան գրառումը

Որտե՞ղ է Հայաստանը

Օգոստոսի 1-ից 3-ը Արցախում ռուս խաղաղապահների աչքի առաջ ադրբեջանական հարձակումներով Բաքուն երկու հիմնական խնդիր է լուծել.

1.Արցախում դեռեւս ծառայություն անցնող հայաստանցիները որոշ դեպքերում ժամկետից շուտ զորացրվեցին

2.Արագացվեց (ակսելերացվեց) Բերձորի շրջանի հայ բնակիչների դուրս բերումն ու նոր ճանապարհի գործարկման ընթացքը

Հաջորդիվ, ակտիվորեն տարածվեցին արցախցի եւ ադրբեջանցի պաշտոնյաների միջեւ շփումների մասին տեղեկությունները: Այն, որ այդպիսիք կային, գիտեինք արդեն մի քանի ամիս առաջ, սակայն ադրբեջանական հարթակներն այդ մասին չէին խոսում: Եւ ահա, ադրբեջանական օգոստոսյան ագրեսիայից հետո այս մասին սկսեցին խոսել նաեւ նրանք:

Ինչո՞ւ, շատ պարզ պատճառով: Արցախից հայաստանցի զինվորականների վերջնական դուրս բերումից հետո, Ալիեւն այլեւս իր ներքին տարածքում հիմնավորելու խնդիր չունի, թե ինչո՞ւ է ուղիղ խոսում արցախցիների հետ, այդ կերպ ըստ էության ընդունելով Արցախի իշխանությունների սուբյեկտայնությունը: Այն պահից, երբ Հայաստանն այլեւս նաեւ գետնի վրա Արցախի անվտանգության երաշխավորը լինելու հնարավորություն չունի, Բաքվի ձեռքերն ազատվում են դեռեւս ռուս խաղաղապահների միջնորդությամբ խոսելու տեսանկյունից:

Հաջորդ քայլով Ալիեւը փորձելու է հասնել արդեն առանց ռուսների արցախցիների հետ խոսելուն, ինչը` նրա հաշվարկներով ռուս խաղաղապահների ներկայությունն անիմաստ է դարձնելու հնարավորինս արագ, հարց է սակայն, թե որտե՞ղ է այս ամենում Հայաստանը:

Մինչ այս պահը պաշտոնական Երեւանի եւ Բաքվի միջեւ շփումներ են եղել 5 մակարդակում` դրանք են.

1.Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ

2.Արմեն Գրիգորյան-Հիքմեթ Հաջիեւ

3.Արարատ Միրզոյան-Ջեյհուն Բայրամով

4.Մհեր Գրիգորյան-Շահին Մուստաֆաեւ

5.Արմեն Աբազյան-Ալի Նագիեւ

Եթե առաջին երեքը արցախյան հակամարտությունը կարգավորելու քաղաքական օրակարգ ունեն, ապա վերջին երկուսը խոսում են Հայաստան-Ադրբեջան տեխնիկական հարցերի շուրջ: Ակնհայտ է, որ Ալիեւն իր առջեւ խնդիր է դրել Հայաստանի հետ հնարավորինս նվազագույնի հասցնել արցախյան հիմնահարցի շուրջ քննարկումները, այն վերջնականապես տեղափոխելով արցախցիների հետ ռուսների միջնորդությամբ խոսակցության տարածք:

Թե որքան էֆեկտիվ են Ստեփանակերտ-Երեւան շփումները տեղի ունեցողի վերաբերյալ պարզ չէ: Թե ինչպե՞ս եւ ե՞րբ է Երեւանն այս նոր իրողություններից ելնելով արտաքին քաղաքական փոփոխված օրակարգի մասին խոսելու եւս տեսանելի չէ: Եթե օրակարգը դեկլարատիվ մակարդակում հնչեցված խաղաղությունն է, ապա առնվազն պետք է հստակեցնել, թե կոնկրետ Արցախում խաղաղության հասնելու համար ո՞րն է Հայաստանի տեղը, դերն ու անելիքը:

Հակառակ պարագայում տեղի ունեցող եւ դեռ ունենալիք հանդիպումները բխելու են Բաքվի շահերից` Երեւանը թողնելով վախվորած անորոշությամբ կարկամելու տարածքում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    Արսենին քարկոծում են ռուսաշպիոնական շրջանակները, բայց Խառատյան ընտանիքը ահռելի գործ է արել և շարունակում է անել հանուն Հայաստանի։ Նման հարցադրումները անհրաժեշտ են հիմա օբյեկտիվ դիսկուրս բացելու համար։ Բայց հիմա ռուսական ագենտուրան էլի կգրոհի որ խլացնի Արսենի ռացիոնալ խոսքը։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031