Լրահոս
Օրվա լրահոսը

Շումերերենը վաղնջահայերենն է. շումերական հայտնի  արձանագրությունն Արմեն Դավթյանն ընթերցել է հայերենի հիման վրա. «Ազգ»

Օգոստոս 26,2022 11:46

«Հայերեն-շումերերեն ընդհանրությունների բառարան» գրքի հեղինակ Արմեն Դավթյանը հանդես է եկել նոր գրքով՝ «Շումերների երկրագործական ուղեցույցը հայերեն է», որտեղ հեղինակը հայերեն է ընթերցում աշխարհի շումերագետների շրջանում հայտնի շումերերեն սեպագիր արձանագրությունը՝ «Երկրագործի ուղեցույցը» : Ըստ գրքի նախաբանի Արմեն Դավթյանն այդ արել է ՝ առաջնորդվելով Յակոբ Գրիմի պատմական մեթոդի սկզբունքներով, որոնք աշխարհի լեզուների մեջ միայն հայերենի բացառիկ հնարավորությունների շնորհիվ հնարավոր են՝ շումերերեն եւ հայերեն գրավոր տեքստերում եւ բառարաններում պահպանված ընդհանրությունների պատմական քննությամբ: Դրա շնորհիվ այս աշխատության մեջ, ինչպես Գրիմի հետազոտություններում, պատահականություններն ու սխալները մեթոդաբանորեն հանգեցված են նվազագույնի:

Ընդհանրությունների ուսումնասիրությունը Ա. Դավթյանը սկսում է շումերական տվյալ տեքստում առկա 5 դարձվածքի քննությամբ, որոնք չորս հազարամյակ եւ ավելի վաղեմություն ունենալով՝ պահպանել են փոխաբերական նույն ընկալումները եւ շարունակում են ընկալվել նաեւ արդի հայերենում: Դարձվածքներից հետո գալիս են բառերի եւ արմատների, բառակազմական եւ բառահարաբերական ձեւույթների ստուգաբանություններ, հնչյունաբանական եւ հնչյունափոխման բացահայտումներ: «Ներկա աշխատությամբ Արմեն Դավթյանը, խստորեն պահպանելով պատմահամեմատական լեզվաբանության շուրջ 200-ամյա գիտական նվաճումների լավագույն ավանդույթները, համակարգային ստուգաբանության միջոցով հասել է գիտական այնպիսի արդյունքների, որոնք իր նախորդ աշխատությունների հետ միասին ավարտում են հայ-շումերական լեզվական ընդհանրությունների բնույթի գնահատումը՝ որպես հայոց լեզվի պատմական փուլեր, իսկ շումերերենը՝ որպես գրավոր լեզվի զարգացում ապրած վաղնջահայերենի պատմական շրջան եւ անցում կատարում այդ պատմականորեն կարեւոր բացահայտման տարածմանն ակադեմիական շրջանակներում»,- գրել է գրքի խմբագիր, լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու Հրաչիկ Հակոբջանյանը:

Գրքի հեղինակային առաջաբանում արդեն Արմեն Դավթյանն ասում է, թե աշխատանքը շումերական հայտնի տեքստի՝ «Երկրագործական հրահանգների» ընթերցման նոր փորձ է եւ գրքում առաջին անգամ մեկ ամբողջական եւ ծավալուն շումերական տեքստը կարդացվում է հայերենի հիման վրա: Քանի որ անհնար է մի լեզվով գրված տեքստը կարդալ մեկ այլ լեզվով, ապա պարզ է, որ մեզ համար շումերերենն ու հայերենը տարբեր լեզուներ չեն:

Հեղինակը, լեզվի պատմական շրջանների լեզվաբանական բնութագրումները մի փոքր ճշգրտելով նշում է, թե շումերերեն ասելով հասկանում է վաղնջահայերենը՝ հայերենի վաղնջական վիճակը, մ.թ.ա. 4-րդ հազարամյակի սկզբից մինչեւ մ.թ.ա. 9-րդ դարը, ելնելով այն կանխավարկածից, որ շումերերենի եւ հայերենի պարագայում խոսքը մեկ եւ միեւնույն լեզվի գոյության տարբեր փուլերի մասին է, այսինքն՝ շումերերենը մ.թ.ա. 4-3-րդ եւ մասամբ 2-րդ հազարամյակների հայերենն է, հայոց լեզվի այն ժամանակվա վիճակը, ճիշտ ինչպես գրաբարը հայոց լեզվի վիճակն է արտացոլում մոտավորապես 5-11-րդ դարերում: Ըստ Ա. Դավթյանի՝ այս տեսության հիմքում հազարավոր բառերի, բառապաշարի, հնչյունաբանության նույնությունն է շումերերենում ու հայերենում, ինչպես նաեւ աստղագիտական, մաթեմատիկական, երկրագործական, մշակութաբանական, կրոնական ու այլեւայլ տերմինների նույնությունը:

Վարկածը համակողմանի ստուգելու ամենահուսալի ուղին էլ շումերերեն տեքստի ընթերցումն է հայերենի հիմքի վրա: Արմեն Դավթյանի ընթերցմամբ բազմիմաստ բառերի իմաստային համընկնումները հայերենի հետ առավել ճիշտ են արտացոլում բնագիրը: Միայն մեկ տեքստում Դավթյանը հայտնաբերել է հինգ դարձվածք, որոնցից երեքն այսօր էլ կենդանի են հայերենում, ու այդ դարձվածքների հայերեն իմաստների օգտագործումն է միայն ճշգրտություն հաղորդում շումերական տեքստին. աչք կարկառել, միտ դնել, հոնքերը կիտել, խաղ ու պար, հոգ տանել: Այսինքն՝ հայոց լեզուն անցյալից բավական փաստական նյութ է պահել շումերերենի հետ համեմատվելու համար: Բնականաբար՝ վաղնջահայերենը հետագա փուլերում փոխվել ու փոփոխվում է, բայց անճանաչելի չի դարձել:

Ուսումնասիրությունից քաղեց՝ Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031