Նոր ժամանակների ամենահայտնի կրիմինալ դեմքերից մեկը Ռուստամ Ստեփանյանն է՝ Չաղ Ռուստամը, որի անունը պարբերաբար երեւում է սկանդալային պատմությունների մեջ։ Մե՛կ նա ընտրությունների ելքն է փոխում Թալինում՝ ճնշումներ գործադրելով ավագանու անդամների վրա, մե՛կ ԱԺ ընտրություններում է ՔՊ-ի օգտին աշխատում, մե՛կ Շիշ բռնող Հայկ Սարգսյանի հովանու տակ է գործում, մե՛կ կրակոցներով ու ծեծով ուղեկցվող քրեական պատմությունների մեջ է խառնված։ Իսկ օրերս նա Կենտրոն եւ Նորք-Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում ծեծկռտուքի մեջ էր ներքաշվել հայտնի Ֆազ Արթուրի հետ եւ կրկին հայտնվել մամուլի էջերում։ Ծեծկռտուքին միջամտել էին ոստիկանության աշխատակիցները, որից հետո Ֆազը դիմել էր փախուստի, իսկ Չաղ Ռուստամն ավելի ուշ ներկայացել էր ոստիկանություն։ Քրեական գործ է հարուցված, կան ձերբակալվածներ։ Անսպասելիորեն մեզ հետ կապվեց մեր ժամանակների «հերոսը»՝ Ռուստամ Ստեփանյանը, եւ ցանկություն հայտնեց պատասխանել մեր հարցերին։
– Ի՞նչ կապ ունեք Ֆազի հետ, ի՞նչ թեմայով է եղել կռիվը, երբվանի՞ց եք իրեն ճանաչում:
– Ցավդ տանեմ, ես էսքան տարի էս քաղաքում ապրել եմ, ասենք, ինչքան այս քաղաքում լավ տղա, լավ մարդ՝ լյուբոյ բնագավառի, կա, ես բավականին բոլորին էլ ճանաչում եմ, բայց նման անուն՝ ֆազ, նոլ ու ֆազ, տենց անուններ ես չեմ լսել, ցավդ տանեմ։ Չկայացած մարդկանց ես որտեղի՞ց պիտի ճանաչեի։
– Թալինի համայնքապետի ընտրություններում նախկին համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Տավրոս Սափեյանի՝ համայնքապետի պաշտոնում ընտրվելու մեջ գիտենք, որ մեծ դեր եք ունեցել։ Նաեւ ճնշումների միջոցով եք հասել նրան, որ Սափեյանը դառնա Թալինի համայնքապետ։
Կարդացեք նաև
– Ցավդ տանեմ, մենք որեւիցե մեկի վրա ո՛չ դավլենի ենք արել, ո՛չ էլ ինչ-որ բան։ Ընտրություններին ինչով կարողացել եմ, օգնել եմ, իմ բարեկամներով, իմ ազգուտակով օգնել եմ, որ ասեմ՝ եսիմինչեր ենք արել՝ չէ։ Տենց անելու բան էլ չկար, հարազատներ ունենք՝ ասել ենք, օգնել ենք՝ քվեարկեն։ Ասենք, Սափեյան Տավրոսին ես ճանաչում եմ, նորմալ մարդ է, նորմալ ժողովուրդ են։
– Սեպտեմբերի 25-ին կրկին Թալինում ավագանու եւ համայնքապետի ընտրություններ են։ Դուք էլի պատրաստվում եք Ձեր լծակներն օգտագործել եւ ազդե՞լ ընտրությունների վրա։
– Միանշանակ, օգնելու ենք Տավրոս Սափեյանին։
– Դուք բոլոր ընտրություններին սատարում եք գործող իշխանություններին՝ ձայն եք բերում ՔՊ-ի համար, տարբեր՝ օրինական եւ անօրինական եղանակներով։ Ինչո՞ւ եք աշխատում նրանց համար, ի՞նչ եք ստանում դրա դիմաց։
– Մենք միշտ եղել ենք իշխանությունների կողքին, որովհետեւ մենք այս իշխանություններին հավատում ենք, վստահում ենք ու լինելու ենք միշտ իրենց կողքին։
Նարինե ՂՈՒԿԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: