Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցի ընդդիմադիր թե իշխանական, աքսորյալ թե հալածյալ գործիչները նույնակամ են իրենց ցանկությունների մեջ. ունեն ծրագիր, քայլ առ քայլ իրականացնում են. «Ազգ»

Օգոստոս 26,2022 10:57

Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ՝ 2015-ին, Գերմանիայում ստեղծվեց թուրքական գերմանալեզու NEX24 պորտալը, որ պատահական հոդվածներ չի հրապարակում: Կա ազգային ծրագիր եւ օրակարգ, որին հավատարիմ են: Օգոստոսի 23-ին կայքը հրապարակել է ադրբեջանցի քաղաքական ընդդիմադիր գործիչ, Նախիջեւանում ծնված, 2018-ից Լոնդոնում քաղաքական ապաստան գտած Գուրբան Մեմեդովի հոդվածը, որ անդրադառնում է Բերձորի (Լաչինի) նորակառույց ճանապարհի նշանակությանը:

Մեմեդովը հոդվածն այսպես է վերնագրել՝ «Այս ճանապարհի կառուցումը ցույց է տալիս Ադրբեջանի իշխանությունների եւ տեղաբնակ հայ բնակչության միջեւ երկխոսության եւ փոխգործակցության ներուժը»:

Հոդվածագիրը շարունակում է՝ «եռակողմ հայտարարության համաձայն երեք տարվա ընթացքում Ադրբեջանը Բերձորով (Լաչինով) կկառուցի նոր ճանապարհ, որից կօգտվի Ղարաբաղի հայ բնակչությունը Հայաստան գնալ-գալու համար:

Թեեւ տեղի հայ բնակչությունը գոհ է, որ նոր ճանապարհը շահագործման պիտի հանձնվի, սակայն Հայաստանի կառավարությունը փորձ է անում գործընթացը մինչեւ հաջորդ տարեվերջ երկարաձգել: Սա ցույց է տալիս, որ Ադրբեջանը տեղի հայ բնակչության անվտանգության եւ ներքին խնդիրները կարգավորելու լուծում է առաջարկում», մեկնաբանում է Մեմեդովը: «Բերձոր քաղաքը, Աղավնո եւ Սուս գյուղերն Ադրբեջանին վերադարձնելը, նոր ճանապարհի կառուցումը հակամարտությունից հետո իրավիճակի կարգավորման կարեւոր քայլ կլինի, կարտոնի տասնյակ հազարավոր հարկադիր տեղահանվածների անվտանգ վերադարձը: Ճանապարհի կառուցման ընթացքում տեղաբնակ հայերի հետ կապ է հաստատվել, շինաշխատանքների զգալի մասն իրականացվել է նույնիսկ առանց ռուս խաղաղապահների ուղեկցության, ընդգծում է ադրբեջանցի քաղաքագետը եւ հղում անում Իլհամ Ալիեւին: «Ադրբեջանի նախագահը ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասել է, թե ճանապարհի կառուցման ժամանակ որոշ հայեր օգնել են: Սա վերահաստատում է հայ բնակչության եւ Ադրբեջան պետության, ադրբեջանցիների անմիջական շփումների եւ համատեղ գործունեության հնարավորությունը: Ադրբեջանական կողմը կառուցողական է եղել, հայ ժողովրդի ցանկությանն ընդառաջ համաձայնել է օգտագործել 4,7 կմ ժամանակավոր ճանապարհ, մինչեւ Հայաստանով անցնող ճանապարհի ավարտը»,- գրում է Մեմեդովը:

Նրա հաջորդ դիտարկումը հուշում է, թե Ադրբեջանն առաջիկայում այս պնդումն անընդհատ հենակ է դարձնելու: «Խնդրո առարկա տարածքներում ապօրեն բնակվողների մեծ մասը Հայաստանի իշխանություններից պահանջում է իրենց վերաբնակեցնել Հայաստանում: Այն, որ մարդիկ չեն ցանկանում ապրել Ղարաբաղում, հստակ նշան է, որ այդ մարդիկ չեն պատկանում տարածաշրջանին»:

Հեղինակն իրավաբան է, ընդդիմադիր է, հալածյալ է, աքսորյալ է, բայց հստակ գիտի, թե իր պետության ամրության, այս արեւի տակ ընդլայնվող քարտեզի համար ինչ կռվաններ են անհրաժեշտ:

Հատկապես 2020 թվականի պատերազմի ժամանակ եւ դրանից հետո հստակ դարձավ, որ ադրբեջանցի ընդդիմադիր թե իշխանական, աքսորյալ թե հալածյալ գործիչները նույնակամ են իրենց ցանկությունների մեջ: Ունեն ծրագիր, քայլ առ քայլ իրականացնում են: Ո՞վ կլուսավորի նվաստիս՝ ի՞նչ է ուզում Հայաստանը՝ Արցախից, աշխարհից: Սա հարց է, որ գերմանացիներն ուղղում են տողերիս հեղինակին, ես էլ՝ Հայաստանի Հանրապետության արտգործնախարարությանը:

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031