Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորն իր դասերը չի սովորել, բայց ամբիոնից բարոյախրատական դասեր է տալիս Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսներին․ «Ժողովուրդ»

Օգոստոս 26,2022 10:13

Նախօրեին «Հրապարակ»-ը գրել էր, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից մեկը՝ Վահագն Ալեքսանյանը 2019թ. ընդունվել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի «Իրավագիտություն» մասնագիտության «Սահմանադրական իրավունք, պետության եւ իրավունքի տեսություն» մասնագիտացմամբ մագիստրատուրան եւ չի ավարտել։ Ալեքսանյանին համալսարանից դուրս թողնելու գրության մեջ կարդում ենք. «Հաշվի առնելով 2019-2020 ուսումնական տարվա ամառային լուծարքային քննաշրջանի արդյունքում գոյացած եւ համալսարանի կողմից սահմանված ժամկետում չմարված ակադեմիական պարտքը (12 եւ ավելի ակադեմիական կրեդիտ), ինչպես նաեւ 2020-2021 ուսումնական տարվա ձմեռային քննաշրջանի ընթացիկ ակադեմիական պարտքը՝ հրամայում եմ հեռացնել «Սահմանադրական իրավունք, պետության եւ իրավունքի տեսություն» մագիստրոսական ծրագրի առկա ուսուցման վճարովի համակարգի երկրորդ տարվա մագիստրատուրայի ուսանող Վահագն Հովիկի Ալեքսանյանին»։

Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի պետության եւ իրավունքի տեսության ու սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Արթուր Ղամբարյանի հետ, որը եւ եղել է պատգամավոր Ալեքսանյանի դասախոսը:

Պարո՛ն Ղամբարյան, հիշո՞ւմ եք Ձեր ուսանող Վահագն Ալեքսանյանին: Ինչպիսի՞ ուսանող է եղել նա:

-Անկեղծ ասած, հիշում եմ իրեն, բայց դա վաղուց էր: Իրեն դասավանդել եմ Իրավունքի հիմունքներ, որը ավելի շատ համակարգային առարկա է, եւ բազային կրթություն չունեցողները, ովքեր որ գալիս են իրավաբանականի մագիստրատուրա, այդ առարկան պարտադիր անցնում են: Նա մի քանի անգամ քննություն հանձնեց, եւ որքան ես եմ հիշում, չստացավ, բայց այնպես չէ, որ նա եղել է անկարող:

Որքա՞ն ժամանակ եք դասավանդել Վահանգն Ալեքսանյանին:

-Կարծում եմ՝ մեկ սեմեստր, եւ հենց իմ քննությունը չի ստացել: Որքան հիշում եմ, գրավոր քննություն էր, իսկ մնացած առարկաների մասին ասել չեմ կարող: Հայ-ռուսական համալսարանում ուսանողին հնարավորություն են տալիս եւս մեկ քննություն եւ երկու լիկվիդ հանձնել, բայց նրա դեպքում երկուսն էլ չստացվեց:

Հ. Գ. Փաստորեն, պատգամավորն իր դասերը չի սովորել, բայց ամբիոնից բարոյախրատական դասեր է տալիս Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսներին՝ նեգատիվ տարածելով երկրի թիվ մեկ ամբիոնից:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031