Անզեն աչքով իսկ կարելի է տեսնել, ավելին՝ սեփական մաշկի վրա զգալ, որ հասարակության լայն խավերի կյանքը դժվարացել է, գանգատներն ու դժգոհությունը՝ շատացել: Սակայն հաշվի առնելով պատմական փաստը, որ առանց արտաքին հրահրումների մեր ժողովուրդը չի գնա զանգվածային ընդվզումների, կառավարությունն օգտվում եւ անում է այն՝ ինչը ձեռնտու է իրեն, բայց միշտ մակերեսային ու միշտ փնթի:
Մինչդեռ ժողովուրդը, հատկապես նրա համեստ խավը, որը ոչինչ չի հասկանում տնտեսագիտական օրինաչափություններից, պահանջում է կենսաթոշակների եւ աշխատավարձերի հավելում, ենթադրելով, որ դրանով կբարելավվի իր վիճակը: Կարիք կա՞ հիշեցնելու, որ նման միջոցառումները, եթե դրանք չզուգորդվեն գնաճի ամենախիստ զսպման քայլերով, եւս առավել վատթարացնելու են մեծամասնություն կազմող կարիքավորների եւ միջին խավի վիճակը:
Միով բանիվ՝ երկրում, հակառակ դրական միտումներին, տնտեսությունը ո՛չ համաչափ է զարգանում, ո՛չ էլ հավասար: Այժմ 40.11 տոկոս կազմող աղքատների թիվը մեծանալու է անկասկած: Կրկին գլուխ է ցցում կոռուպցիան՝ առավել մեծ թափով ու խորությամբ: Հարուստները ավելի՛ են հարստանում, միջին եկամտի տեր մարդիկ դոփում են տեղում, իսկ աղքատները՝ վերեւում արդեն ասացինք:
Մյուս կողմից, հետզհետե վերաձեւավորվում է օլիգարխիան, որը, ինչպես մաֆիան, անմահ է հատկապես մեր երկրում: Երկրի ղեկավարը հետզհետե ավելի խիտ է շրջապատվում նախկին, ներկա եւ ապագա օլիգարխներով եւ օլիգարխիկներով: Վարչապետը, որն իշխանության էր եկել օլիգարխիան վերացնելու երդումով՝ ոչ թե վերացնում, այլ՝ իրեն է ենթարկեցնում նրանց ու ջարդում անհնազանդներին: Անունները դո՛ւք տվեք:
Կարդացեք նաև
Այո՛, սոցիալական կատարյալ բեւեռացումը ընթանում է արագ թափով:
Ո՛չ, ինչպես ասվեց վերեւում, համաժողովրդային ընդվզում չի՛ լինի:
Կլինի համաժողովրդային արտագաղթ, ինչպես «օրէնն է հայրենեաց»:
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում