Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտիրոս Հակոբյան. «Դեռ օգոստոսի 8-ից 10-ից Ստեփանակերտի չակերտավոր ղեկավարները, այցելելով Աղավնո՝ անընդհատ խրախուսում էին, որ Աղավնոն շուտ լքենք»

Օգոստոս 25,2022 22:44

ԱԺԲ տաղավարում այսօր հյուրընկալված Աղավնոյի բնակիչ, «Ազգային ժողովրդավարական բեւեռի» անդամ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Մարտիրոս Հակոբյանը,  որի հավաստմամբ ինքը եւս մի քանի հայ երիտասարդների հետ վերջինն է դուրս եկել Աղավնոյից, ասել է, թե գյուղը լքելու  համար նախապես ժամանակ տվել էին մինչեւ օգոստոսի 25-ը, բայց իրենք իրենց տված ժամանակային բոլոր կանոնները խախտել են:

«Ամսի 8-ից 10-ից Ստեփանակերտի չակերտավոր ղեկավարները, որոնք իմ համար գոյություն չունեն, այցելելով Աղավնո գյուղ՝ անընդհատ խրախուսում էին, որպեսզի Աղավնոն շուտ լքենք: Խրախուսում էին գումարներով, սերտիֆիկատներով, թե բնակարանների համար պետք է 10 միլիոն դրամ տային: Դա ինչ-որ չափով առիթ դարձավ: Ես չեմ ուզում ասել, թե բացարձակ դուրս չէին գալու, բայց խրախուսելով այդ գումարներով՝ արագացնում էին: Ու անընդհատ գալիս՝ ասում էին. «Մինչեւ հիմա այստե՞ղ եք: Բա որ հեսա թուրքերը էկան, ի՞նչ եք անելու: Որ թուրքերից արդեն 7-8 հազար հատուկ ջոկատայիններ են եկել: Որ հանկարծ իջնեն գյուղ, չենք կարող ձեզ պաշտպանել, անվտանգությունն ապահովել: Այնպես որ, ինքներդ մտածեք»:

Ռուսներն էլ էին ասում, բայց վերադասների միջոցով: Իրենք ներկայանում էին որպես ազնիվ, պարկեշտ, բայց իրականում ավազակներ են, որովհետեւ իմ մեքենան առանց հիմքերի բռնագրավել են: 300 հազար դրամ է եղել մեքենայի մեջ, որից 250 հազարը՝ Կարմիր խաչի տված գումարն էր, որպեսզի դրանով իրերը տեղափոխենք»,-ասել է նա:

Մարտիրոս Հակոբյանը ցավով է արձանագրել, թե այսօր էլ չեն գիտակցում, որ փաստացի  թուրքերը եկան-հասան Տեղ գյուղ, որն արդեն Սյունիքն է: Նա մտավախություն ունի. «Վաղը Սյունիքն են վերցնելու: Մինչեւ Արարատ գնալու են: Իրենք մեծ նպատակներ ունեն, Երասխավանն էլ են համարում իրենցը: Եթե Երեւանն են համարում ադրբեջանական, ես ուրիշ ի՞նչ ասեմ:  Սա բառերով նկարագրելու չի: Եվ եթե մեր ժողովուրդը լսում է, կասեմ, որ  մեր հաղթանակը մեր միասնության մեջ է: Եթե չէ, հավատացեք՝ մեծ մասամբ ոչխարի նման մորթելու են»:

Աղավնոյի բնակիչը,  որ իրեն դժվար պարտվող է համարում,  հավատում է, որ վերադառնալու են Աղավնո, որ մեր ազգը ուշքի կգա եւ կհասկանա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031