Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Չի կարող 18-20 տարեկան երեխան լինի միակ պատասխանատուն մեր պետության անվտանգության համար․ պրոֆեսիոնալ բանակին պետք է գնալ խելամիտ քայլերով»․ Էդգար Խաչատրյան

Օգոստոս 25,2022 21:21

Պաշտպանության նախարարության շրջանառության մեջ դրած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը դժգոհությունների տեղիք է տվել։

Այս նախագծով ՊՆ-ն առաջարկում է 24 մլն դրամի վճարելու դիմաց ժամկետային զինծառայության ժամկետը կրճատել մինչեւ 4,5 ամիս։

«Նշված գումարի չափը նախատեսվել է նաեւ այն տրամաբանությամբ, որ մեկ պարտադիր զինծառայողի փոխարեն 5 տարի ժամկետով հնարավորություն է ընձեռնվելու պայմանագրային զինծառայողին հաշվարկել մինչև 400.000 դրամ ամսական վարձատրություն, ինչը արհեստավարժ զինվորական ծառայության համակարգ ներդնելու մոտիվացիոն կարեւորագույն բաղադրիչ է:

Գործընթացը փոխկապակցված է նաեւ մարտական եւ դրան հավասարեցված խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողների ատեստավորման ու դրա հիման վրա լրավճարների սահմանման համակարգի ներդրման հետ»,-նշված նախագծի հիմնավորման մեջ:

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ ղեկավար, իրավապաշտպան Էդգար Խաչատրյանն Aravot.am-ի հետ զրույցում նում է՝ նախագծի ամենամեծ խնդիրը սոցիալական հավասարության պայմանի խախտումն է․«Այդ խնդիրն առաջանալու է, երբ սոցիալապես անապահով ընտանիքի երեխաներն են հիմնականում ծառայելու իսկ նրանք, ովքեր հնարավորություն են ունենալու՝ ծառայելու են 4,5 ամիս»։

Խաչատրյանը նկատում է՝  մյուս կողմից էլ, ինչպես որ նախագծով են ներկայացնում, բանակի ապահովման խնդիր կա․«Պետության սահմանների անվտանգությունն ապահովելու համար ինչ-որ ձեւով մենք պետք է ունենանք մոբ ռեսուրս, պայմանագրային զինծառայության ռեսուրս, որը պետք է իրականացվի այդ նշված գումարի հաշվին։ Ես կարծում եմ՝ նախագիծը պետք է վերանայվի, առնվազն պետք է ապահովի հավասարություն։

Օրինակ՝ եթե սոցիալապես անապահով ընտանիքի երեխան հնարավորություն չունի վճարելու, որպեսզի ժամկետը կրճատվի, գնացել է զինծառայության, ապա նա էլ գումար ստանա։ Ասենք՝ 100-150 հազար դրամ աշխատավարձ։ Միեւնույն ժամանակ պետությունը պետք է ջանքեր ներդնի, գումար հայթայթի պայմանագրայիններին 400 հազար դրամ աշխատավարձն ապահովելու համար, իսկ անհատների վճարած այդ գումարների մի մասն էլ ուղղվի ժամկետայիններին որպես աշխատավարձ։ Այս դեպքում կստացվի, որ երեխան, որը հնարավորություն չուներ վճարի դիմաց ծառայությունից վաղաժամկետ ազատվելու, աշխատավարձ կստանա։ Սա որոշակիորեն հավասարակշռություն կապահովի։ Սա, իհարկե, իդեալական լուծում չէ»։

Սոցցանցերում քննարկում են նախագիծը, նույնիսկ կարծիքներ կան, թե՝ այսպես, թե այնպես առանձին դեպքեր կան, երբ մի քանի հազար դոլար կաշառքով երեխաներին ազատում են բանակից, գումարը մասնավորի գրպանն է գնում, այսպես գոնե պետբյուջե կգնա։ Այսպիսի դիտարկումներն իրավապաշտպանը ծիծաղելի, ավելին՝ վտանգավոր է համարում։ Նա ասում է՝ պետությունը պետք է պայքարի, ամեն ինչ անի, որպեսզի անօրինական գործարքները դադարեցվեն, վերացվեն։ «Իսկ եթե տրամաբանությունն այն է, որ մեկ է՝ դա լինում է, եկեք օրինականացնենք այդ գործարքները, դա հիվանդ տրամաբանություն է։ Պետության դերը հենց այդ ապօրինությունների դեմ պայքարելն է, ոչ թե փորձի կոսմետիկ լուծումներ գտնել, որպեսզի այդ անօրինական գործարքը թվացյալ օրինական դարձնի»։

Հարցին՝ այս նախագծով արդյոք հնարավորություն չի ստեղծվում, որպեսզի մարդիկ իրենց տուն-տեղը վաճառեն, պարտք ու վարկ վերցնեն, որպեսզի իրենց զավակների զինծառայության ժամկետը կրճատել, Էդգար Խաչատրյանը դրական պատասխան է տալիս։

«Ամեն դեպքում, ես չեմ դիտարկում պարտադիր ժամկետային զինծառայողին որպես ռեսուրս, որը պետք է պաշտպանի պետությունը։ Մի կողմից, ցավոք, մեր պատմության ընթացքում, 2016-ին քառօրյա եւ 2020-ին 44-օրյա պատերազմների ժամանակ մենք տեսանք, համոզվեցինք, որ այն, ինչ արվել է, արվել է մեր տղաների շնորհիվ, բայց միեւնույն ժամանակ ի սկզբանե սխալ է դա, չի կարող 18-20 տարեկան երեխան լինի միակ պատասխանատուն մեր պետության անվտանգության համար։

Այստեղ է սխալը։ Մենք պետք է ջանքեր գործադրենք, լուծում գտնենք, որ 18 տարեկան երեխաները չլինեն միակ մեր հույսը, որովհետեւ, իրականում, հնարավոր չէ 4,5 ամսում երեխային դարձնել զինվոր, այն էլ այս նոր սերնդի պատերազմների դեպքում։ Ասենք 4,5 ամսում լավ կրակել սովորեցրեցին, ֆիզիկական լավ պատրաստվածության բերեցին, բայց ժամանակակից պատերազմներում դրանք չեն ամենակարեւոր հմտությունները»,-ասում է իրավապաշտպանը։

Նա գտնում է, որ մեր պետությունը պետք է գնա դեպի պրոֆեսիոնալ բանակ, սակայն դրան պետք է գնալ խելամիտ քայլերով եւ խելամիտ լուծումներով։

Խաչատրյանն ասում է, որ նախագծով ներկայացվում է, որ սա այն առաջին քայլերն են, որոնք տանելու են պրոֆեսիոնալ բանակի․«Այլ հարց է, թե դրանք հիմա ճի՞շտ քայլեր են, թե՞ ոչ։ Համենայնդեպս, այս ուղղությամբ փորձ է արվում տանել դեպի պրոֆեսիոնալ բանակ»։

Խաչատրյանի կարծիքով՝ շատ լուրջ թերություններով մշակված նախագիծ է, բայց ավելի լավն էլ չենք տեսել դեռ, այդուհանդերձ, պետք է ինչ-որ բանից սկսել։

«ՊՆ-ն պետք է հանրային քննարկումներ կազմակերպի այս նախագծի շուրջ, ավելի բաց լինի հասարակության առջեւ, որովհետեւ մենք անընդհատ խոսում ենք բանակի բարեփոխումների մասին, բայց ի վերջո չենք հասկանում, թե այդ բարեփոխման տակ ինչ են հասկանում, ինչ են անում։ Այսպես հատվածային տեղեկություններ կամ նախագծեր ենք ստանում, բայց ամբողջական պատկեր չենք ստանում։ Շատ կարեւոր է, որպեսզի այն հանրային քննարկման արդյունքում ձեւավորվի այս փոփոխությունը՝ փորձագիտական շրջանակների ներգրավմամբ»,-ասում է իրավապաշտպանը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031