Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՖիզԳորոդոկում» կառուցապատման նոր նախագիծը համաձայնեցվել է փոփոխություններից հետո․ բնակիչները պնդում են՝ առկա են բազմաթիվ խախտումներ

Օգոստոս 25,2022 18:33

«ՖիզԳորոդոկում շինարարական աշխատանքները մեկնարկել են, քանի որ կառուցապատողին տրվել է նոր շինթույլտվություն, նախագիծ է համաձայնեցվել՝ հերթական փոփոխություններից հետո եւ պետական համալիր փորձաքննությունից հետո»,-այս մասին Aravot.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանից։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան «ՖիզԳորոդոկում», որտեղ տեւական ժամանակ է շինաշխատանքները դադարեցված էին, կառուցապատող «Ռատկո» ընկերությունը, որը նախատեսում է բազմաբնակարան շենք կառուցել, վերսկսել է շինարարական աշխատանքները։

Բնակիչները մի շարք հարցեր են բարձրացնում՝ ի՞նչ հիմքով են գիտավանում վերսկսվել շինաշխատանքները։ Նրանք նաեւ պնդում են, որ շինթույլտվությունը ակնհայտ խախտումներով եւ առանց հանրային լսումների է եղել։

Քաղաքապետարանից մեզ նաեւ հայտնեցին, որ քաղաքապետարանում հայտ է եղել, որպեսզի վարույթ լիներ, լսեին բնակիչներին․«Դիմել էին փաստաբան Դավիթ Ազիզյանը եւ բնակիչ Հայկ Հարությունյանը։ Բնակիչները վարչական վարույթի մասնակից են եղել, լսումներ են արվել, արդյունքում վարչական ակտ է կազմվել, դիմումատուին շինթույլտվություն է տրվել։ Ինչ վերաբերում է նոր վարչական վարույթին՝ հանրային լսումներին, ապա դրա անհրաժեշտությունը չի եղել, քանի որ նախկինում հանրային լսում իրականացվել է։ Այսինքն՝ եթե մի անգամ արվել է անընդհատ հանրային լսում ցանկացած նախագծային փոփոխության դեպքում ուղղակի հնարավոր չէ»։

Այս առնչությամբ Հայկ Հարությունյանն ասաց՝ վկայակոչած՝ նախկինում տեղի ունեցած հանրային լսումները նշանակություն չունեն, քանի որ  նախագծում կատարվել փոփոխություն․«Քաղաքաշինության կոմիտեն հստակ նշել է՝ եթե կա նախագիծ, ապա պետք է լինեն հանրային լսումներ։ Իրենց նշած այդ հանրային լսումներն էլ սահմանված կարգով չի իրականացվել, մանրամասներին չեմ տիրապետում, բայց գիտեմ, որ դրանք շինծու բնույթ են կրել»։

Հարությունյանի խոսքով՝ խնդիրը միայն հանրային լսումները չեն,  այլ այն, որ այդ նախագծում կան կոնկրետ խախտումներ եւ կեղծիքներ․«Օրինակ՝ մեր թաղամասում  կա ենթակայան,  որն ունի որոշակի դիրք, իրենց նախագծային փաստաթղթում այդ ենթակայանի  սխալ է պատկերված։ Իրենք ունեն որոշակի հողամաս, իրենց  աշխատանքներն, ըստ նախագծի, նախատեսված է  հողամասից դուրս։ Այսինքն, այնտեղ երեւում է, որ աշխատանքները կատարվում են մայթի վրա, մայթն էլ  տեղափոխում են փողոց։ Ակնհայտ խախտումներ կան, որոնք մատնանշել եմ վարույթի ժամանակ, գրավոր էլ ներկայացրել եմ։ Եւ այս պարագայում քաղաքապետարանը հնարավոր է համարում տալ շինթույլտվություն»։

Հարությունյանը մեկ այլ օրինակ էլ է բերում՝ տարածքում կա կանաչապատ տարածք, որը գտնվում է կառուցապատողի տարածքից դուրս, իսկ կառուցապատողն իր նախագծով նախատեսել է, որ այդ կանաչապատ տարածքի վրայով պետք է անցնի իրենց  բազմաբնակարան շենքի ստորգետնյա ավտոկայանատեղի մուտքն ու ելքը․ «Ընդ որում, ստորգետնյա ավտոկայանատեղի մուտքն ու ելքը լինում է դեպի Ալիխանյանի հրապարակ՝ Ֆիզգորդոկի հրապարակ։ Այդտեղ կանաչապատ տարածք է, կա առողջ ծառ, իրենք  նախատեսում են հատել այդ ծառը, այդ կանաչապատ տարածքը պետք է վերացվի ու իրենց ավտոկայանատեղիի մուտքն ու ելքն անցկացնեն այդտեղով։ Այսինքն, մտնում են հուշարձանի տարածք, վերացնում կանաչապատ տարածքները։ Իսկ քաղաքապետարանն ասում է՝ նախագիծը ստացել է պետական  համալիր փորձաքննության դրական եզրակացություն։ Բայց ես հիմնավորել եմ, որ այդ եզրակացությունն էլ տրվել է խախտումներով։ Այս նախագծի շուրջ, կրկնում եմ, չի եղել հանրային լսումներ»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարում՝ Հայկ Հարությունյանի՝ քաղաքապետարանին ներկայացրած կառուցապատման նախագծում առկա խախտումներից հատվածներ են

Լուսանկարը՝ Ֆիզգորոդոկ-Երեւան Ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031