Մոսկվայում ավտովթարի հետևանքով մահացել է Լոռու նախկին մարզպետ Արամ Քոչարյանը:
Տիգրան Բադոյանը, որն Արամ Քոչարյանի հետ աշխատել է շուրջ 5 տարի, որպես օգնական, Aravot.am-ի հետ զրույցում ցավով անդրադարձավ մահվան փաստին, նշելով, որ Քոչարյանը եղել է մարզի լավագույն ղեկավարներից. «Միայն դրական կարող եմ ասել, բանիմաց ու հասկացող ղեկավար էր, պահանջկոտ: Մարդկային բարձր արժանիքներով օժտված, պետական գործչին վայել կեցվածքով, հայրենասեր, մարդասեր ու վաստակ ունեցող անձնավորություն է»:
Բադոյանի խոսքով` Արամ Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում մեկնարկեցին աղետի գոտու շինարարական աշխատանքները. «Աղետի գոտու շինարարական աշխատանքների մեկնարկն այդ ժամանակ տրվեց: Մեծ ծավալի աշխատանքներ եղան, մարզի զարգացման ծրագրի մեջ փոփոխություններ արվեցին, համայնքային սեփական եկամուտների աշխատանքներում վերլուծական և նոր մոտեցումների առումով մեծ աշխատանք է տարվել: Առհասարակ, բոլոր բնագավառերում որոշակի դրական տեղաշարժեր տեղի ունեցան»:
Քոչարյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր Վանաձորի սգո սրահներից մեկում:
Կարդացեք նաև
Արամ Քոչարյանը Լոռու մարզը ղեկավարել է 2006-2011 թվականներին։
Տաթևիկ ՂԱԶԱՐՅԱՆ