Լրահոս
Օրվա լրահոսը

Եղեգիս գետի կիրճում տանձենու նոր տարատեսակ է հայտնաբերվել

Օգոստոս 25,2022 16:12

ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, կենսաբանական գիտությունների դոկտոր Ժանետա Հակոբյանը ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս գետի կիրճում հայտնաբերել և նկարագրել է տանձենու նոր տարատեսակ՝ Pyrus hyrcana Fed. var. yeghegisi Akopian։

«Վայոց ձորի մարզի Եղեգիս գետի կիրճը՝ Դարելեգիսի ֆլորիստիկական շրջանը, առանձնանում է վայրի տանձենիների հարուստ տեսակային բազմազանությամբ: Այստեղ իրականացվել է հազվագյուտ և անհետացող տանձենիների ուսումնասիրություն։ Եղեգիս գետի կիրճում՝ Վարդահովիտ գյուղի շրջակայքում, հայտնաբերվել և նկարագրվել է տանձենու նոր տարատեսակ։  Հավաքվել է հերբարիումի նյութ, ուսումնասիրվել են ներտեսակային փոփոխականության առանձնահատկությունները՝ օգտագործելով տերևների, ծաղիկների, պտուղների կառուցվածքի մորֆոլոգիական առանձնահատկությունները», – ասաց  ուսումնասիրությունն իրականացրած գիտական խմբի ղեկավար, «Հայաստանի ֆլորայի և բուսականության» էքսպոզիցիոն հողամասի կուրատոր,  կենսաբանական գիտությունների դոկտոր Ժանետա Հակոբյանը:

Նա նշեց, որ վայրի տանձենիների (Pyrus L.) ուսումնասիրությունը Բուսաբանության ինստիտուտի գիտական ​​առաջնահերթ ուղղություններից է, քանի որ Հայաստանը Pyrus L. ցեղի հարուստ բազմազանության կենտրոնն է։ «Երևանի բուսաբանական այգում վայրի տանձենիների հավաքածուն ունի գիտական, բնապահպանական և կրթական արժեք։ Այժմ մեր  հավաքածուն ներառում է 20 տեսակ,,- ասաց  Ժանետա Հակոբյանը,՝ թվելով դրանք՝ P. caucasica Fed., Pyrus browiczii Mulk., P. caucasica Fed., P. communis L., P. daralaghezii Mulk., P. elata Rubtzov, P.  fedorovii Kuth., P. georgica Kuth., P. gergerana Gladkova, P. hyrcana Fed. var. yeghegisii Akopian, P. medvedevii Rubtzov, P. megrica Gladkova, P. oxyprion Woronow, P. pseudosyriaca Gladkova, P. sosnovskyi Fed., P. syriaca Pall., P. takhtadzhianii Fed., P. tamamschjanae Fed., P. theodorovii Mulk., P. turcomanica Maleev, P. zangezura Maleev»:

Հետազոտության արդյունքների հիման վրա հրապարակվել է հոդված՝ Akopian J. A. 2021. A new variety of Pyrus hyrcana Fed. (Rosaceae) from Vayots Dzor province of Armenia // Takhtajania, 7: 4-11 (in English). https://takhtajania.am. Pyrus hyrcana Fed. var. yeghegisi Akopian։

«Հոդվածը տեղադրվել է Researchgate-ում, ստացել առաջարկություններ օտարերկրյա հետազոտողների կողմից և մեջբերվել նրանց կողմից»,- ասաց Ժանետա Հակոբյանը:

Հետազոտությունն իրականացվել է BGCI/ArbNet-ի և Arnold Arboretum գործընկեր կազմակերպության (ԱՄՆ, Բոստոն) աջակցությամբ՝ «Երևանի բուսաբանական այգում Հայաստանի վայրի տանձենիների (Pyrus L.) պահպանում» ծրագրի շրջանակներում երիտասարդ գիտնականների մասնակցությամբ:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031