Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեկվա դեպքն առավել մտահոգիչ է, որովհետեւ տեղի ունեցավ օտար պետության պատվերով․ հետո՞, հաջորդիվ ի՞նչ են պատվիրելու»

Օգոստոս 25,2022 15:50

«Այդ հավաքը բացառիկ էր այն բանով, որ ՀՀ-ում վաղուց նման օրինական հավաք չէր եղել։ ՀՀ-ում շատ եզակի է լինում, որ հավաքի կազմակերպիչները հարգում են օրենքի պահանջը եւ իրազեկում ներկայացնում քաղաքապետարան։ Ավելորդ էր ասել, որ հավաքը խաղաղ էր։ Ոստիկանները միայն պետք է աջակցեին հավաքին, սակայն բերման ենթարկեցին բոլոր պաստառներով անձանց, ապա նաեւ արգելեցին հավաքի շարժը՝ նախապես նշված երթուղով», – «Մեդիա կենտրոնի» առցանց քննարկման ժամանակ այսօր անդրադառնալով օգոստոսի 24-ին Ազատության հրապարակում նախատեսված ցույցին, որի առիթով հավաքվել էին այդ թվում օտարերկրացիներ՝ բարձրաձայնելու Ուկրաինայի դեմ ՌԴ ագրեսիայի կես տարվա շարունակականության մասին՝ ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։ Նրա խոսքով՝ ոստիկանությունն ապօրինի պահանջ է ներկայացնել՝ հավաքը դադարեցնելու մասին, որի «չկատարման» համար էլ մասնակիցներին բերման է ենթարկել։

Դանիել Իոաննիսյանը շեշտեց՝ սրանից օրեր առաջ ռուսական անվտանգության դաշնային ծառայության հետ փոխկապակցված մեդիառեսուրսներն ու տելեգրամյան ալիքները տեղեկություններ էին տարածել, թե դժգոհ են, որ քաղաքապետարանն արտոնել է այդ հավաքը․ «Ռուսական որոշ շրջանակներ խիստ դժգոհ էին նրանից, որ ռուս որոշ ակտիվիստներ հանգիստ շրջում են Երեւանում։ Այն, որ ռուսները գաղտնալսել են սրճարանում նստած ռուս ակտիվիստներին եւ հրապարակել, հանցագործություն է, եւ մենք հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել»։

Aravot.am-ը հարց էր հղել բանախոսներին․ «Մի շարք քաղաքացիական հասարակության կազմակերպություններ միասնական հայտարարությամբ դատապարտեցին ոստիկանության երեկվա գործողությունները՝ նշելով, որ ոստիկանությունն առանց պարզաբանումների՝ ձերբակալություններ է իրականացրել։ Խնդրում եմ նշել․ իրենք այս տարվա մայիսից սկսած՝ Դիմադրության շարժման բողոքի ցույցերի ընթացքում, երբեւէ դատապարտե՞լ են ոստիկանության այն գործողությունները, որոնք իրականացվել են առանց պարզաբանումների, ուղեկցվել են ուժի անհամաչափ կիրառմամբ, դրսեւորվել են այդ թվում՝ անչափահասներին բերման ենթարկելու, ցուցարարներին բաժիններում խոշտանգելու դեպքերով։ Եթե չեն դատապարտել, խնդրում եմ պարզաբանել՝ ինչո՞ւ։ Հիշեցնեմ, որ անհամաչափ ուժի կիրառումն արձանագրել է ՀՀ ՄԻՊ-ը։ Օբյեկտիվության համար նաեւ նշեմ, որ արձանագրվել են ցուցարարների կողմից ոստիկանների հանդեպ բռնության դեպքեր, բայց սա արդյոք ոստիկանին իրավունք տալի՞ս է հակադարձելու նույն կերպ, իսկ իրավապաշտպաններին՝ չարձագանքելու ոստիկանության ենթադրյալ ապօրինություններին»։

Դանիել Իոաննիսյանը նախ հորդորեց որոնել ու պարզել՝ դատապարտե՞լ են իրենք, թե ոչ, եւ ցավալի որակեց այն փաստը, որ առանց որոնելու ենք նման հարցադրում անում։ Ապա շեշտեց․ «Ովքեր մեզ չեն հետեւել կամ չեն որոնել, ամեն դեպքում ասեմ, որ բազմաթիվ դեպքերում դատապարտել ենք, հանցագործության մասին հաղորդումներ ենք ներկայացրել ոստիկանության արարքների մասին, միջոցներ ենք ձեռնարկել, որ դրանք փաստագրվեն։ Անգամ ընդդիմության շատ ներկայացուցիչներ մեր հավաքած փաստերն են օգտագործում՝ ցույց տալու համար, որ ոստիկանությունն ապօրինություններ է կատարել։ Մեր համար տարբերություն չկա, գտնում ենք, որ հավաքների ազատությունը բոլորի համար է, բայց երեկվա դեպքն առավել մտահոգիչ է, որովհետեւ տեղի ունեցավ օտար պետության պատվերով։ Հետո՞։ Հաջորդիվ ի՞նչ են պատվիրելու»։

Արթուր Սաքունցն էլ իր հերթին փաստեց, որ դիմադրության շարժման ընթացքում իրենց կողմից դատապարտող հայտարարություններ եղել են․ «Ոստիկանության կողմից խաղաղ ցույցի մասնակիցների նկատմամբ ուժի կիրառման մասին բազմիցս արտահայտվել ենք։ Կոնտեքստն այլ է։ Այս դեպքում ոստիկանությունը երկար ժամանակ անց առաջին անգամ բացառիկ խաղաղ ցույցի մասնակիցների էր բերման ենթարկել։ Չափից դուրս է, որ ոստիկանությունը խորանում է քաղաքական բովանդակության՝ ցուցարարների պաստառների բովանդակության մեջ։ Երեկ իշխանության կողմից այդ գործողությունը ցույց տվեց, որ ոչ միայն ՌԴ իշխանություն է պայքարում իր ընդդիմադիրների դեմ, այլեւ ՀՀ իշխանությունն է պայքարում ՌԴ ընդդիմադիր քաղաքացիների դեմ, որոնք քննադատում են պուտինյան ռեժիմի ագրեսիվ բոլոր գործողությունները։ Խոսքը մարդկության դեմ հանցագործությունները քննադատելու մասին է, ոչ թե միայն Ուկրաինայի հանդեպ գործողությունները»։

Արթուր Սաքունցը հավելեց․ «ՀՀ-ի ընդդիմություն-իշխանություն հարաբերությունների խնդիրը կոչ եմ անում չշփոթել ՌԴ-ընդդիմադիրներ հարաբերությունների հետ։ Այո, մենք քննադատել ենք։ Խոսքն այն մասին է, որ մեկ այլ պետության ռեժիմն է թելադրում, թե ՀՀ ոստիկանությունն ի՛նչ անի՝ իր դեմ արտահայտվող մարդկանց հանդեպ։ Խնդրում եմ չհամեմատել սա, չխառնել իրար»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարները՝ «Մեդիա կենտրոնի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031