Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին անգամ էր նմանօրինակ մրցում անցկացվում Սևանա լճում․ «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարին 133 հոգի է մասնակցել

Օգոստոս 25,2022 15:20

Սևանա լճում՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ (նախկին Շորժա) համայնքին հարակից լողափնյա տարածքում, օգոստոսի 23-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի ընդունման 32-ամյակի օրը, կայացել է «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը, որին կանանց և տղամարդկանց երկուական տարիքային խմբերում 133 հոգի է մասնակցել:

Պարգևները մրցանակակիրներին հանձնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:

Տղամարդկանց առաջին տարիքային խմբում (18-40 տարեկան) 1500 մ լողատարածությունն առաջինն է հաղթահարել 35-ամյա Մկրտիչ Ոսկանյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Արամ Նալթակյանը, իսկ երրորդ լավագույն արդյունքը ցույց է տվել Ստեփան Ադամյանը: Նրանց պարգևատրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այս տարիքային խմբում հաղթողի կոչմանն արժանացած Մկրտիչ Ոսկանյանը, որը Կոտայքի մարզի Աբովյան քաղաքից է, լողով զբաղվում է սիրողական մակարդակով, իսկ մրցատարածությունը հաղթահարել է շուրջ 25 րոպեում. «Շատ գոհ եմ իմ ցուցաբերած արդյունքից: Երբ իմացա մրցաշարի անցկացման մասին, սկսեցի լրջորեն նախապատրաստվել լողավազանում, որպեսզի լավ արդյունք գրանցեմ: Սևանում լողալն իսկապես դժվար է: Մութ է, ջրում գրեթե ոչինչ չի երևում: Պետք է շատ ուշադիր լինես: Ամեն դեպքում շատ գոհ եմ և շատ շնորհակալ եմ կազմակերպիչներին: Առաջին անգամ էր նմանօրինակ մրցում անցկացվում Սևանա լճում, ու կարծում եմ՝ այն ավելի քան հաջողված էր: Այսպիսի մրցաշարերի անցկացումը շատ խրախուսելի է, քանի որ սպորտն ու առողջ ապրելակերպն ավելի մասսայական են դառնում»:

Կանանց առաջին տարիքային խմբում էլ (18-36 տարեկան) 1000 մ լողատարածությունն առաջինն է հաղթահարել գյումրեցի Անի Ավետիսյանը՝ արժանանալով 1 մլն դրամ մրցանակին: Երկրորդ տեղը զբաղեցրել է Անահիտ Բարսեղյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Էլեն Պողոսյանը: Նրանց պարգևատրել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

41 և բարձր տարիքի տղամարդկանց խմբի հաղթողի կոչմանն արժանացել է 48-ամյա Անդրանիկ Խաչատրյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է 52-ամյա Արմեն Հանեսօղլյանը, լավագույն եռյակը եզրափակել է 66-ամյա Վիկտոր Խուդավերդյանը: Նրանց պարգևատրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

36 և բարձր տարիքի կանանց պայքարում առաջին տեղն է զբաղեցրել 52-ամյա Մարգարիտա Խոստիկյանը, երկրորդ տեղը գրավել է Գոհար Սարգսյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Ռուզաննա Հովասափյանը: Նրանց պարգևատրել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:

Այս տարիքային խմբում իր ուժերը չափել է նաև «Արմենպրես» պետական լրատվական գործակալության հատուկ նախագծերի և մամուլի սրահի պատասխանատու Աննա Գզիրյանը: Նա զբաղեցրել է 8-րդ մրցանակային տեղը: Գզիրյանի խոսքով՝ մրցաշարին սկսել է նախապատրաստվել դեռ մեկ տարի առաջ. «Ոգեշնչվեցի իմ մյուս գործընկերոջից՝ մարզական լրագրող Վարվառա Հայրապետյանից, որն Էջմիածնում մասնակցել էր «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մրցաշարին:

Հուսով եմ՝ ես էլ իմ օրինակով կոգեշնչեմ մյուսներին, ովքեր գուցե ցանկություն ունեին մասնակցելու, բայց չվճռեցին դա անել: Միանշանակ արժեր մասնակցել այս մրցաշարին, քանի որ սա նախևառաջ սպորտային գեղեցիկ տոն էր: Սևանում լողալը, իհարկե, դժվար էր ու ծանր, բայց երբ մեկնարկը տրվում է ու նետվում ես պայքարի, մտածում ես միայն մրցակցության և եզրագիծը հատելու մասին: Եղան մասնակիցներ, որոնք չկարողացան մինչև վերջ լողալ ու հրաժարվեցին պայքարից: Շատ եմ կարևորում նմանօրինակ մրցաշարերի անցկացումը: Ամեն ինչ հիանալի էր կազմակերպված»:

Մրցաշարի արդյունքներով խրախուսական պարգևների են արժանացել նաև ամենատարեց մասնակիցները՝ 81-ամյա Հակոբ Թութանջյանը և 73-ամյա Հասմիկ Քանքանյանը: Նրանք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արժանացել են հուշանվերի, շնորհակալագրի, ինչպես նաև 200-հազարական դրամ մրցանակի:

Ի դեպ, մրցաշարին նաև օտարերկրացի 18 քաղաքացի է մասնակցել՝ 6 կին և 12 տղամարդ: Յուրաքանչյուր տարիքային խմբում լավագույն արդյունք ցույց տված մասնակիցները պարգևատրվել են շնորհակալագրերով:

Մրցաշարի անցկացմանն աջակցելու համար շնորհակալագրերի են արժանացել նաև Լողի հայկական դաշնության նախագահ Հովսեփ Մեսրոպյանը, Հարավկովկասյան երկաթուղու գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը, Գեղարքունիքի մարզպետարանը՝ ի դեմս մարզպետ Կարեն Սարգսյանի, ինչպես նաև ԱԻՆ նախարարության ներկայացուցիչը:

Հիշեցնենք՝ կանանց և տղամարդկանց երկուական տարիքային խմբում մրցաշարի 4 հաղթողները պարգևատրվել են 1 մլն դրամ մրցանակով: Առհասարակ, դրամական մրցանակներ են նախատեսված եղել 1-10-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցների համար: Երկրորդ տեղի համար սահմանված էր 600 հազար դրամ մրցանակ, 3-րդ տեղի համար՝ 400 հազար, 4-րդ տեղի համար՝ 150 հազար, 5-րդ տեղի համար՝ 100 հազար, իսկ 6-10-րդ տեղերի համար՝ 75 հազար դրամ:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031