Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքապետարանն անտեսելով խախտումներն ու առանց հանրային լսումների ՖիզԳորոդոկում նոր շինթույլտվություն է տվել». Հայկ Հարությունյան

Օգոստոս 25,2022 15:28

Այսօր առավոտյան «ՖիզԳորոդոկում», որտեղ տեւական ժամանակ է շինաշխատանքները դադարեցված էին, կառուցապատող «Ռատկո» ընկերությունը, որը նախատեսում է բազմաբնակարան շենք կառուցել, վերսկսել է շինարարական աշխատանքները։

Գիտավանի բնակիչները դեմ են կառուցապատմանը, նրանք բողոքի ցույցեր են արել՝ պահանջելով դադարեցնել կառուցապատումը, նշելով՝ ակնհայտ ապօրինի խախտումներով է տրվել շինթույլտվությունը։

Առավոտյան, երբ շինտեխնիկան մոտեցել է տարածքին, բնակիչներից Հայկ Հարությունյանը փորձել է պարզել, թե ի՞նչ հիմքով են վերսկսվել շինաշխատանքները։

Aravot.am-ի հետ զրույցում Հայկ Հարությունյանն ասաց, որ կառուցապատողը պարտավոր է ցուցանակ ունենալ, որի վրա զետեղված կլինեն շինթույլտվության տվյալները, մինչդեռ ցուցանակի վրա զետեղված են նախկին շինթույլտվության տվյալները, որը կառուցապատողը ստացել է ակնհայտ ապօրինի կերպով՝ առանց պարզ փորձաքննության։

«Ես այսօր կանգնել էի բետոն բերող եւ բետոն լցնող մեքենաների միջեւ, որպեսզի աշխատանքները դադարեցնեն։ Ոստիկանները եկան ու ասացին, որ հեռանամ տարածքից, առաջարկեցին գնանք այլ տեղ խոսենք եւ այլն։ Ես հրաժարվեցի եւ պահանջեցի իմ կանգնած տեղում խոսել, ոստիկաններն ինձ հրելով հեռացրին այնտեղից։ Հետո կանգնեցի շինտեխնիկայի մոտ, այդտեղից էլ ինձ բերման ենթարկեցին, իբրեւ թե չեմ ենթարկվել իրենց օրինական պահանջներին, իրենք որեւէ օրինական պահանջ իմ նկատմամբ չեն ներկայացրել», – պատմեց Հարությունյանը։ Բացի նրանից, ոստիկանությունը եւս մեկ քաղաքացու է բերման ենթարկել։

Հարությունյանի խոսքով՝ մոտ մեկ ժամ ոստիկանությունում է եղել, այդ ընթացքում ոստիկանությունը ոչ մի գործողություն չի կատարել․ «Հետո կազմել են արձանագրություն, որին ես չեմ ենթարկվել, ոստիկանությունում իմ նկատմամբ եղել են սադրիչ գործողություններ»։ Հարությունյանն ասաց, որ իրավական գործողություններ է նախաձեռնելու, որպեսզի ոստիկանությունում սադրող անձը պատասխանատվության ենթարկվի։

Գիտավանի բնակչի ներկայացմամբ՝ Երեւանի քաղաքապետարանը կառուցապատողին տվել է ներքին շինթույլտվություն, այն պարագայում, երբ բնակիչները մատնանշել են նախագծում առկա ակնհայտ խախտումները․«Քաղաքապետարանն, անտեսելով խախտումներն ու այն հանգամանքը, որ քաղաքաշինության կոմիտեն տված եզրակացությունում նշել է, որ նախագծի վերաբերյալ պետք է լինեն հանրային լսումներ, ոչ մի հանրային լսում չի իրականացվել, առանց նոր նիստ գումարելու տվել է շինթույլտվություն։ Ավելին՝ շինթույլտվություն է տրվել այն պարագայում, երբ այդտեղ խախտվում է կառուցապատման խտության գործակիցը՝ մի քանի անգամ»։

Հարությունյանը մասնագիտությամբ իրավաբան է, եւ լավ տիրապետում է իրավիճակին եւ հանգամանքներին։ Նա պնդում է՝ շինթույլտվությունն ակնհայտ ապօրինի է։ Ասում է՝ գծագրում սխալ է պատկերված իրավիճակը, մասնավորապես՝ ենթակայանի տեղը սխալ է պատկերված․«Մեկ այլ խախտում էլ՝ շինարարական նորմերը թույլ չեն տալիս, որ վերելակը կապվի ստորգետնյա կայանատեղիների ու շենքի մնացած մասին։ Այսինքն, պետք է առանձին վերելակներ լինեն կայանատեղերի համար, առանձին աստիճանավանդակ եւ վերելակ պետք է լինի շենքի վերգետնյա հատվածի համար։ Այստեղ էլ առկա է ակնհայտ խախտում, ինչի մասին ասել ենք, սակայն քաղաքապետարանը տվել է նոր շինթույլտվություն»։

Գիտավանում շինաշխատանքները դադարեցրել էին այն հիմքով, որ առկա չի եղել լիցենզավորված փորձագիտության եզրակացություն, եւ ինչպես Հարությունյանն ասաց, եզրակացությունը ներկայացված է եղել լիցենզիա չունեցող անձի կողմից։

Նրա խոսքով՝ այս հանգամանքը քաղաքաշինության կոմիտեն անտեսելով՝ տվել էր դրական եզրակացություն, քաղաքապետարանն էլ՝ շինթույլտվություն։ Բնակիչների բացահայտումից հետո աշխատանքները կասեցվել են, պայմանով՝ շտկել խնդիրները եւ նախագծի փոփոխություն անել․ «Նոր նախագծում փոփոխությունը կատարել են շենքի հիմքում։ Բայց հարց է առաջանում՝ ինչպե՞ս է ստացվել, որ նոր նախագծով՝ հին կատարած աշխատանքների վրա այսօր բետոն են լցնում։ Սա նշանակում է, որ կամ նախկինում են շեղվել նախագծից, կամ հիմա են շեղվում նոր նախագծից։ Այս բոլոր հարցերի մասին բարձրաձայնում ենք, բայց ոչինչ չի փոխվում»։

Բնակիչների նախաձեռնած իրավական գործընթացն ինչի կհանգեցնի, Հարությունյանը դժվարանում է ասել, նշելով՝ վիճարկված առաջին շինթույլտվությունը վերահաստատվում է՝ շրջանցելով դատական գործընթացները, նոր շինթույլտվություն են տալիս․ «Այսինքն, ամեն անգամ նոր շինթույլտվությունը կարող ենք դատական կարգով վիճարկել, իրենք գնան մի հատ «փոքր» բան փոփոխեն, դիմեն, նոր շինթույլտվություն ստանան եւ աշխատեն։ Դատական վերահսկողությունը բացակայում է»։

Խնդրի առնչությամբ Aravot.am-ի հարցերին քաղաքապետարանից խոստացան առաջիկայում պատասխանել։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031