Օգոստոսի 23–ին կառավարության շենքի դիմաց Էդգար Ղազարյանի նախաձեռնած բողոքի ցույցին մասնակցող քաղաքացիների մեջ լրագրողներն արձանագրել էին Ավան վարչական շրջանի ղեկավարի նախկին տեղակալ Ներսես Պողոսյանին ու ՔՊԿ Կենտրոն վարչական շրջանի տարածքային խորհրդի անդամ Թաթուլ Ասիլյանին։
Ներսես Պողոսյանը ՔՊ-ից դուրս գալու իր որոշման մասին էր վերջերս հայտնել իր ֆեյսբուքյան էջով: Վարչական շրջանի ղեկավարի նախկին տեղակալից հետաքրքրվեցինք՝ արդյոք ՔՊ-ին իր անդամակցությունը դադարեցնելուց հետո ցուցարա՞ր է դարձել:
Նա Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ ցուցարար չէր, պարզապես քայլում էր նրանց կողքով.
«Քայլում էինք ընկերոջս հետ, տեսանք՝ հավաքված են, մտածեցի՝ կարո՞ղ է լաո-ներն են զարթնել, քայլեցինք առաջ, տեսնենք՝ հո մի վնաս չեն տա: Իհարկե, չեմ վախենում, որ վնաս կտան, պարզապես այդպիսի խոսք կա, չէ՞, աչքը տեսածից է վախենում » ,- ասաց Ներսես Պողոսյանը:
Կարդացեք նաև
Լուսանկարում նա քայլում է Արագածոտնի մարզպետի տեղակալ Էդգար Փարվանյանի հրաժարականի պահանջով ցուցապաստառ պարզած քաղաքացու հետ։ Ներսես Պողոսյանից հետաքրքրվեցինք՝ կիսո՞ւմ է ցուցարարի պահանջը, մեր զրուցակիցը բացասական պատասխան տվեց. «Իհարկե, ոչ: Տեղյակ էլ չեմ, որ նման պահանջ կա»:
Մեր հաջորդ հարցին, թե ՔՊ-ից դուրս գալուց հետո չի՞ սկսել վարչապետի հրաժարականը պահանջել, ի պատասխան ասաց. «Իհարկե, ոչ: Ես դեռ դիմում էլ չեմ գրել դուրս գալու մասին, չեմ գնացել գրասենյակ: Ես հայտնել եմ, որ այո՛, ունեմ տարաձայնություններ ՔՊ-ի ներսում, բայց դե ՔՊ-ն մի առավելություն ունի, ՀՀԿ չի եղել: Եթե համաձայն չես, կարող ես հանգիստ քո կարծիքն արտահայտել»:
Հետաքրքրվեցինք՝ արդյոք իրեն հեռացրե՞լ են կուսակցությունից, մեր զրուցակիցը պատասխանեց՝ չգիտեմ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ