Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաղաղության պայմանագրի կնքումը կապիտուլյացիա-2-ն է լինելու». Ադրբեջանի հարցերով փորձագետ

Օգոստոս 25,2022 14:47

«Ընդհանուր առմամբ՝ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը ոչնչով չի փոխվել վերջին երեսուն տարում, իրենք ժամանակ առ ժամանակ տարբեր քաղաքական նախադրյալներից ելնելով՝ իրենց ճնշումներն ու պահանջները թաքցնելով, հետագայում դրանք ի ցույց են դրել»,- «Հայելի» ակումբում այսօր ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը:

Նրա խոսքով. «Այսօր ունենք այնպիսի իշխանություն, որը պատրաստ է Հայաստանի պետականության կորստի հաշվին իր ամբիցիաներն առաջ տանել, դեռ մի բան էլ պարտվողականությունը ներկայացնել որպես իրենց քաղաքական ուժի հաջողություն: Ինչ վերաբերում է Թուրքիային, նրա ցանկությունները միայն Զանգեզուրի միջանցքով չեն սահմանափակվում, դա խաղաղության պայմանագրի կնքումն է, որը կապիտուլյացիա-2-ն է լինելու»:

Գառնիկ Դավթյանն անդրադառնալով Աղավնոյի եւ Բերձորի զիջմանը՝ ասաց, որ ադրբեջանական տեղեկատվական դաշտում արդեն խոսում են անկլավների մասին եւ նշում, որ Ադրբեջանի հաջորդ հաջողությունը լինելու է անկլավների վերադարձը. «Խոսք է գնում մասնավորապես Տավուշի գյուղերի եւ Տիգրանաշենի մասին»:

Ադրբեջանի հարցերով փորձագետն ասում է, որ փորձագիտական շրջանակները վտանգների մասին շատ են խոսել, ու այս իշխանությունները մտահոգություն հայտնած մարդկանց ներկայացնում են կամ որպես նախկիններ, կամ թալանչիներ. «Փոխանակ յուրաքանչյուր քննադատություն ադեկվատ ընկալվի, եզրակացություններ արվեն, իշխանությունները թիրախավորում են այն մարդկանց, որոնք ճշմարտությունն են ներկայացնում: Ընդ որում` խնդիրը ոչ թե Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումն է, կամ անկլավների հարցը, այլ թուրքական մտադրությունների առայժմ ծածուկ լինելը: Սրա մասին ինչպես թուրքագիտական դաշտն է բազմիցս բարձրաձայնել, այնպես էլ մենք: Միշտ նշել ենք, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը եղել է եւ լինելու է Ադրբեջանի շահերից բխող կարգավորում»:

Փորձագետն ասում է, որ սկզբում ՀՀ իշխանությունները հայտարարում էին, թե Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորվելու են առանց նախապայմանների, մինչդեռ Թուրքիայի կողմից առաջ են քաշվել մի շարք նախապայմաններ՝ ներառյալ Զանգեզուրի միջանցքի հարցը: «Ես այս իշխանությունների ցանկացած հայտարարություն՝ հատկապես արտաքին քաղաքականության մակարդակում, մանիպուլյացիա եմ ընկալում»,-ասում է փորձագետը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031